«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«ԿՈՏԼԵՏԸ ՏԱՊԱԿՎԵՑ, ԲԱՅՑ ՉՎԱՌՎԵՑ»

«ԿՈՏԼԵՏԸ ՏԱՊԱԿՎԵՑ, ԲԱՅՑ ՉՎԱՌՎԵՑ»
15.07.2011 | 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, չգրված օրենքով, առանձնակի հարգ ունեն գերծանրքաշայինների մենամարտերը, որոնց շուրջ իրարանցումն ավելի քան մեծ է: Պատճառներից, թերևս, առավել էականն այստեղ ավելի հաճախակի հանդիպող նոկաուտներն են, որոնք, որքան էլ ցավոտ են պարտվող կողմի համար ու մարդկայնորեն դաժան, սակայն սուր զգացողությունների սիրահարներին առանձնակի հաճույք են պարգևում:
Առանձնապես շատ ժամանակ չի անցել Վլադիմիր Կլիչկո-Դևիդ Հեյ մենամարտից, որից առաջ անգլիացին խոստացել էր ուկրաինացուց «կոտլետ» պատրաստել, ինչին, ի պատասխան, վերջինս հիշեցրել էր, որ իրեն բռնցքամարտի աշխարհում ճանաչում են որպես դոկտոր Կլիչկո ու խոստացել էր մարտի ժամանակ տալ Հեյի ճիշտ ախտորոշումը: Մրցամարտը ցույց տվեց, որ, չնայած իր «դոկտոր» լինելուն, Կլիչկոն ավելի բարձր կարգի «խոհարար» է և ավելի հմուտ է կոտլետ պատրաստելու գործում, թեպետ մենամարտում բանն այդպես էլ չհասավ նոկաուտի. «կոտլետը տապակվեց, բայց չվառվեց»:
Ինչևէ: Կլիչկոն հաղթեց իր հերթական մրցակցին և հաջորդին գտնելու սպասումների մեջ է: ՈՒ մինչ հուզախռով անգլիացին ուկրաինացու հետ կրկին մրցելու ցանկություն է հայտնում, վերջինս չի տեսնում դրա անհրաժեշտությունն ու դա բացատրում է այսպես. «Հեյն ինձ այլևս պետք չէ: Նա պարզապես չգիտի ինչպես պետք է բռնցքամարտել նման մակարդակում: Դևիդը պատկանում է այն կարգի բռնցքամարտիկների թվին, ովքեր ուժեղ են մարզասրահային դահլիճներում, սակայն հոգեբանորեն ունակ չեն հսկողության տակ պահելու իրավիճակը ռինգում»:
Ակնհայտ է, որ մարզիկի իր կարիերայի ավարտին Դևիդ Հեյն այդպես էլ պատիվ չի ունենա Կլիչկոյի հետ մենամարտելու ու այդպես ծեծված էլ կհեռանա ռինգից:
Լավ, իսկ ո՞վ կարող է լինել Կլիչկոյի մրցակիցը:
Նման ցանկություն է հայտնել Դավիդ Ռոդրիգեսը` մեքսիկական ծագումով ամերիկացին, ով 35 մարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում ու բոլորում հաղթել անխտիր: Ընդ որում, նրա կատարմամբ 33 մարտ ավարտվել է նոկաուտով, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է: Ռոդրիգեսին է պատկանում առաջին ռաունդում նոկաուտով հաղթած մարտերի ռեկորդը, որի հեղինակը մինչ այդ լեգենդար Մայք Թայսոնն էր:
Ցանկանալը` ցանկանալ, իսկ ի՞նչ է խոստանում Ռոդրիգեսը համաշխարհային բռնցքամարտին, և ինչպիսի՞ն է նա իր արտահայտչաձևերում, որոնք ցանկացած մարզիկի լավագույն բնութագրականներն են թե՛ որպես բռնցքամարտիկի, թե՛ որպես մարդու և բնավորության:
«Ես պատրաստ եմ մրցելու նրանց հետ: Ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, սակայն եղբայրների նախորդ մրցակիցներն առանձնակի վտանգ չեն ներկայացրել: Չամբերսը լավ բռնցքամարտիկ է, սակայն բարձրահասակ չէ ու հարվածային ուժ չունի, Պիտերին Վիտալին նոկաուտի է ենթարկել 2008-ին: Չագաևը, կարծես, վատը չէ, սակայն աչքի չի ընկնում մարմնի չափերով: Հեյը փորձեց մրցակցել, սակայն մարմնի չափերով դարձյալ զիջում էր Վլադիմիրին, իսկ, այ, ես բավականաչափ զանգվածեղ եմ երկու եղբայրներին նոկաուտի ենթարկելու համար: Ես իսկական ծանրքաշային եմ և պատրաստ եմ ռինգ դուրս գալու ընդդեմ եղբայրների: Ես թաքնվել չեմ պատրաստվում: Բոլոր չեմպիոնական գոտիները պատրաստ եմ վերադարձնելու Ամերիկա»:
Կլիչկոներին ձեռնոց նետելու Ռոդրիգեսի այս ցանկությունը միանգամայն բնական է, որովհետև ուժեղագույնի հետ պայքարո՛ւմ միայն կարող ես հաստատել ուժեղ լինելդ, սակայն իրավիճակի բարդությունն ու ինչ-որ տեղ զավեշտականությունն էլ այն է, որ իր ապագա մրցակիցների մեջ, ի մասնավորի, Վլադիմիր Կլիչկոն չի տեսնում Ռոդրիգեսին:
«Կան մի շարք բռնցքամարտիկներ,- ասում է նա,- որոնց հետ կուզենայի հանդիպել` Ալեքսանդր Պովետկին, Դերեկ Չիսորա, Դենիս Բոյցով, Թայսոն Ֆյուրի»,- ու, որպես տարբերակ, դիտարկում Քրիս Արեոլայի հետ հանդիպման հնարավորությունը։ «Արեոլան փորձառու է, քաշը մի փոքր գցել է: Հուսով եմ` մենք կկարողանանք մրցամարտը կազմակերպել Նյու Յորքում»:
Հաշվի առնելով, որ չեմպիոնական ամենահեղինակավոր գոտիների տիրակալները Կլիչկո եղբայրներն են, իսկ 35-ամյա Վլադիմիր Կլիչկոյի մոտ են WBA, WBO, IBF վարկածների գոտիները, բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիային ուրիշ բան չի մնում, եթե ոչ մոտակա ժամանակներս նրան բացարձակ չեմպիոն հռչակել: Այս դեպքում «սովորական» չեմպիոնի տեղը կմնա ազատ: Իսկ եթե հաշվի առնենք, որ WBA վարկածում երկրորդը ռուս Պովետկինն է, երրորդը` Չագաևը` դարձյալ ռուս, ստացվում է, որ կարող է իրականություն դառնալ վարկածում չեմպիոն ունենալու ռուսների «դարավոր» երազանքը. Պովետկինն ու Չագաևը ստիպված կլինեն մրցելու միմյանց հետ ու ռուսական կողմի համար բաղձալին դարձնել հնարավոր: Սակայն այստեղ էլ, ինչպես պարզվում է, ամեն ինչ միանշանակ հեշտ չէ: Բանն այն է, որ Պովետկինը տրամադրված է Կլիչկոյի հետ մենամարտելուն, որովհետև, ինչպես և Ռոդրիգեսի պարագայում, ուժեղագույնի հետ մենամարտելն ու հաղթելն է լայն ճանաչման տանող ամենակարճ ճանապարհը: Խոստովանելով, որ հոգնել է Կլիչկոյի հետ մենամարտելուն սպասելուց, Պովետկինը, իհարկե, իր համար մի լուրջ կռվան էլ է մեջտեղ բերում` հօգուտ այդ մրցամարտի. «Կարծում եմ, որ հասունացել եմ չեմպիոնական մրցամարտի համար»:
Մինչ հնարավոր հավակնորդներն ինչ-որ բաներ են «գտնում ու հաստատում»` փորձելով մեկմեկու ձեռքից խլել Կլիչկոյի հետ մենամարտելու առաջնայնությունը, չեմպիոնի ձեռքին է շարունակում մնալ այս կամ այն մրցակցին քարտ բլանշ տալու իրավունքը: Ոչինչ չես կարող անել, այս աշխարհում ուժեղներն են որոշում իրենց մրցակիցներին: Գուցե դա ճիշտ է, ու դրա համա՞ր է ուժեղը ուժեղ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ