ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Մեկ ա՝ ես կշարունակեմ ծորակից ջուր խմել

Մեկ ա՝ ես կշարունակեմ ծորակից ջուր խմել
16.09.2026 | 17:21

Ասում են՝ խմելու ջրի մեջ սնդիկի պարունակությունը բարձրացել ա։ Ուրեմն, ինչ-որ տեղ՝ սարերում, ջերմաչափների պատերազմ ա սկսվել։

Իսկ ես հիշում եմ՝ երբ շատ փոքր էի, դեռ դպրոց չէի գնում, մի օր ջերմաչափը ջարդել էի ու սնդիկով խաղում էի։ Սիրուն, փայլուն, արծաթագույն զանգված էր, որ լցրել էի բաժակի մեջ ու աջուձախ էի տալիս, պտտում էի։ Շատ ճկուն էր, ենթարկվում էր ձեռքիս անգամ ամենաչնչին շարժմանը։ Էն ժամանակ ես չգիտեի, որ սնդիկը խիստ վտանգավոր նյութ ա։ Հետո իմացանք։

Բայց չմեռա, մինչև հիմա ողջ եմ։ Կա՛մ էն ժամանակվա սնդիկը վտանգավոր չէր, կա՛մ էլ եթե էդ օրը սնդիկով չխաղայի, հիմա 3,4 անգամ ավելի առողջ կլինեի։ Ի՜նչ իմանամ։

Ընդհանրապես՝ էն տարիներին մենք շատ բաներ էինք անում, որ հիմա խիստ վտանգավոր են, օրինակ՝ փողոցում ընդհանուր բաժակը թեթևակի ցայելով գազով ջուր էինք խնում, ձյութ էինք ծամում, ատամով պոպոք էինք ջարդում, հում միս էինք փորձում, առանց լվալու միրգ էինք ուտում... Ու ոչ հիվանդանում էինք, ոչ՝ մեռնում։

Ես գիտեմ՝ ինչի համար։ Որովհետև փոքր ժամանակ մենք անմահ ենք։ Բայց հենց սկսում ենք տարիքը հաշվել, միանգամից ընկնում ենք ժամանակի ծուղակը ու դառնում ենք մահկանացու։ Կյանքը լցվում ա վտանգներով ու հիվանդություններով։ Էդ մեր մանկության անվնաս բոբոներն են, որ փոխակերպվում են ու դառնում մահվան մունետիկներ։

Բայց մեկ ա՝ ես կշարունակեմ ծորակից ջուր խմել։ Երբ օրգանիզմիս մեջ մի ջերմաչափացու սնդիկ հավաքվի, էլ հեռախոսով չեմ նայի օդի ջերմաստիճանը՝ սեփական մարմնով կզգամ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12357

Մեկնաբանություններ