ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Անցյալից նայող անաչառ հայելին

Անցյալից նայող անաչառ հայելին
16.08.2026 | 19:32

Տեղին հարց է՝ ինչու՞ հանկարծ անդրադարձա 30 տարվա վաղեմության այս հարցազրույցին։ Որովհետև այն ոչ թե անցյալի մասին է, այլ ներկայի, և ոչ թե պարզապես հուշ է, այլ բարոյական չափանիշ, որն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։

Մարդկային արժանապատվությունը, հոգևոր բարձրությունն ու ներողամտությունը ժամանակի տիրույթից դուրս ճշմարտություններ են, որոնք երբե՛ք չեն հնանում։

Այս անդրադարձով ուզում եմ վերստին արժևորել ազգային «աստղի» և իսկական մտավորականի բարոյական բարձրությունը։ Նա կարողացավ ապրել 3000 դրամ թոշակով, բայց չվաճառեց հոգին՝ մնալով անսասան այն հավերժական արժեքների առջև, որոնք այսօր հաճախ խամրում են համատարած նյութապաշտության և աթոռապաշտության աղմուկում։

Այս հարցազրույցն անցյալից նայող անաչառ հայելի է, որը դաժանորեն մերկացնում է այսօրվա անհոգի ու նյութապաշտ իրականությունը։ Այն ցավեցնելու աստիճան ճշգրտորեն է արտացոլում, թե հատկապես վերջին ութ տարիներին որքան թանկ արժեքներ՝ հոգևոր ամրություն, ներքին արժանապատվություն ու միասնականություն ենք կորցրել համատարած թմբիրի մեջ, և որքան կենսական է վերադարձը դեպի մեր ինքնության լուսավոր ու մաքուր ակունքները։

Սա նաև խոնարհում է «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանի լուսավոր հիշատակի առջև, ում թողած պատգամներն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր չարացած և պառակտված ժողովրդի խոպանի վերածված հոգիներում ազգային արժանապատվություն և սեր առ հայրենիք սերմանելու համար։

«Սերն է գերագույն ուժը երկրի վրա, ու սերն է միայն չարին հաղթողը»

ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ, սպորտի վարպետ, ֆուտբոլի վետերան

- «Վետերան» բառն ի՞նչ արձագանքներ է թողնում Ձեր էության խորքերում:

- Թողնում է ցավի հետագծեր: Բայց ժամանակի ընթացքում սովորում ես այդ նվվոցներին, ինչպես հոգիդ մաշող հին սիրո պատճառած կսկիծին: Երբեմն էլ ապրում ես անբացատրելի ուրախություն, որը նորից կարող էր պատճառել միայն սերը: Պարադոքս։

- Ասել է՝ սպորտը.․․

- ․․․սեր է, միայն սեր, որը քեզ հետ է, միշտ և ամենուր՝ հոգուդ, սրտիդ մեջ: Եվ երջանիկ ես դու:

- Հին ցավը հետզհետե վերածվում է հանդարտ ուրախության... աշխարհի ամենամեծ խորհուրդներից մեկն է սա:

- Պարզապես, երիտասարդական փոթորկվող արյունը, ներքին բռնկումները, կրքերը տեղի են տալիս հասուն ու հանդարտ տղամարդու առջև:

- Այժմ խոսենք մեկ ուրիշ «ցավից»․ «Արարատ»-73-ի հանրահայտ «աստղը»՝ 11 համարի տակ խաղացող ձախ եզրային հարձակվողն այժմ շարքային երևանցի է: Ինչպե՞ս հաղթահարեցիք փառքի գագաթից մինչն ստորոտ հասցնող ուղին:

- Անցումն ընդհանրապես ամենածանրն է ցանկացած մարդու, առավել ևս ֆուտբոլիստի կյանքում: Վերելք, ճանաչում 10-15 տարի, որից հետո ստիպված ես հեռանալ ասպարեզից: Հեռացումն ամենացավալին է, ամենատանջալին. ներքին պայքար, զգացմունքների բախում, փոթորիկ, բայց ժամանակը շտկում է ամեն բան: Նման բախումների ընթացքում էլ հենց ծնվում է ճշմարտությունը: Կամա թե ակամա սովորում ես քո նոր կարգավիճակին:

- Ինչպիսի՞ն է այդ «նորը» Ձեզ համար:

-- Տխուր: Ես չեմ աշխատում:

- Նստած եք տա՞նը:

- Ստիպված եմ: Թոշակ եմ ստանում՝ 3000 դրամ: Վերջին մեկ տարում պասիվ գոյություն եմ վարում: Շատերն այժմ կժպտան հեգնանքով, թե՝ «Ընդամենը մեկ տարի, բայց արդեն դժգոհում է։ Բա մեր ջանը քա՞ր է»։ Համամիտ եմ, տանը նստելն անտանելի է ցանկացած տղամարդու, առավել ևս (ինձ ճիշտ հասկացեք) ֆուտբոլիստի համար, որը սովոր է լարված աշխատանքի՝ մարզումներ, մրցումներ, արդյունքներ: Ինձ համար այդ մեկ տարին համարժեք է տասն ու ավելի տարիների: Ինչևէ, սպասում եմ:

- Անհու՞յս, թե՞ ճշտել եք՝ ինչին:

- Սովորական աշխատանքի, որով կկարողանամ պահել անչափահաս զավակներիս: Երբեք տարված չեմ եղել (ու չեմ) մեծ փողեր ձեռք բերելու մոլուցքով:

- Լինենք անկեղծ. գուցե տանը նստելու պատճառն այն է, որ աշխատանքի հարցում Ձեր պահանջնե՞րն են բարձր:

- Ամեննին: Պատրաստ եմ կատարել ցանկացած շարքային գործ (ֆուտբոլի ասպարեզում): Բայց ուր դիմում եմ, տեղերն արդեն զբաղված են:

- Նախկին արարատցիներից շատերն այսօր սրճարան ունեն, խանութներ, բար և այլն: Ապահովել են իրենց բարեկեցիկ ապագան: Ինչու՞ Նիկոլայ Ղազարյանը ևս այդ կերպ չի վաստակում իր հացը հանապազօրյա:

- Բիզնեսը կամ առնտուրը հարազատ չեն իմ ներքին էությանը: Միշտ էլ ձգտել եմ երկրորդ կյանքում (այն է՝ «Արարատից» հեռանալուց հետո) ևս նվիրվել ֆուտբոլին: Այսօր էլ հոգևոր թելերով կապված եմ այդ մարզաձևին:

- Զարմացնում է Ձեր նվիրվածությունը, որը (կներեք անկեղծության համար) մեր ժամանակներում հավուր պատշաճի չի գնահատվում: Այսօր ազատություն կոչվածից մարդիկ կորցրել են գլուխներն ու, հավատացեք, ոչ մեկին էլ չեն հուզում նախկին «աստղերի» ներքին փոթորիկը, հոգեկան մակընթացություններն ու տեղատվությունները:

- Վատն այն է, որ անտեսում ենք մարդու էության ամենակարևոր հատվածը՝ հոգևոր աշխարհը:

- Վասնզի այլ կերպ ենք ընկալում ազատությունը, լոկ նյութական դրսևորմամբ՝ հագեցրու, բավարարիր բոլոր պահանջներդ, բազմապատկիր դրանք ու մի՛ մտահոգվիր ոչինչի համար, որովհետև ունես դրա իրավունքը: Իրավունք, որն ունևորներին մղում է հոգևոր անձնասպանության, իսկ չունևորների ներսում բորբոքում զայրույթը, դժգոհությունն ու անլիարժեքության զգացումը:

- Կա իրավունքը, բայց չկան օրեցօր աճող պահանջները բավարարելու միջոցները: Ազատությունն ընկալելով որպես պահանջների աճող շղթա, որի յուրաքանչյուր օղակ անհապաղ պիտի բավարարում ստանա, Աստծո արարածներս աղճատում ենք մեր մաքուր, լուսավոր սկիզբը: Ես չեմ զարմանում, որ շատերը դրամ շահելու մոլուցքով տարված ազատության փոխարեն ընկան փողի գերության մեջ, հետո բախվեցին շահերը, և պառակտվեց մեր միասնությունը, մեկուսացանք իրարից:

- Իսկ ես այժմ ընկալեցի ու էլ չեմ զարմանում, թե Ձեզ ինչու են «ակադեմիկ» անվանում և համարում ամենաինտելեկտուալ ֆուտբոլիստը:

- Ակադեմիկներն Իշտոյանն ու Բոնդարենկոն են, ովքեր այսօր Միացյալ Նահանգներում են:

- Իսկ Դուք, հոգեկան այդ վայրիվերումների ընթացքում, Հայաստանից հեռանալու ցանկություն չունեցա՞ք:

- Արտասահմանն ընդհանրապես չի ձգում ու չի հրապուրում ինձ (կյանքում ես շատ բան եմ տեսել): Սակայն, եթե անկեղծ լինեմ, ընկճվածության պահերին մտածում եմ հեռանալու մասին:

- Բայց չէ՞ որ գնալը մեծ բարդությունների հետ է կապված:

- Ո՛չ ինձ համար: Ցանկության դեպքում ամեն ինչ կարող եմ անել օրինական ճանապարհով. սկսած 1974-ից Ֆրեզնոյի պատվավոր քաղաքացի եմ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ օգտվել այդ արտոնությունից: Շատ ցավոտ հարցեր ենք շոշափում: ՈՒզում եմ մինչև վերջ անկեղծ լինել, որքան էլ Ամերիկան ինձ չի ձգում, այնուամենայնիվ, վերջերս սկսել եմ հաճախ մտածել գնալու մասին։ Մի մեղադրեք ինձ, էլ համբերություն չմնաց՝ 3000 դրամ թոշակով չեմ կարող 4,5 և 1,5 տարեկան զավակներիս խնամել, կերակրել: Անհնար է: Բայց և գնալ էլ չեմ ուզում: Լավ գիտեմ, որ ամերիկաներում փլավ չեն բաժանում: Սպագան ինձ համար առայժմ մշուշոտ է:

- Իսկ ներկա՞ն ինչպես եք անցկացնում:

- Ձկնորսությամբ: Բնություն, անդորր սիրող մարդ եմ: Կտրվում եմ իրականությունից ու մնում ինքս ինձ հետ: Բնությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ. մաքրում է մարդուն, վեհացնում:

- Օգնում է աշխարհին նայել բարի աչքերո՞վ:

- Կզարմանաք, բայց իմ ներսում չկա չարություն, չկա զայրույթ: էությամբ բարի ու խաղաղ մարդ եմ:

- Այդպիսին եք ցանկացած պարագայու՞մ:

- Բացառապես: Աշխատում եմ չդավաճանել քրիստոնյայի վարքին: Դաժան բան է հոգում վրեժի թույնը կրելը, տղամարդուն, հատկապես, ո՛չ սազական: Իսկական այրը պիտի վեր կանգնի նման նվաստ բաներից: Նորից եմ կրկնում՝ ցանկացած իրավիճակում:

- Կարծում եմ՝ Նիկոլայ Ղազարյան ֆուտբոլիստի նկատմամբ երբեք չի դրսևորվել նման մեծահոգի վերաբերմունք (ամենատարբեր մրցույթ-հանդիպումների ընթացքում):

- Այդպես է, բայց երբե՛ք, երբե՛ք չարին՝ չարով կամ ստորությանը՝ ստորությամբ չեմ պատասխանել: էդուարդ Գրիգորյանին հիշու՞մ եք (Աստված հոգին լուսավորի), թիմի պետն էր, հետո դարձավ գլխավոր մարզիչ: Նա մեծ մանկավարժ էր: Երբ խաղի ընթացքում խփում էին հանիրավի, թույլ չէր տալիս պատասխանել: Խաղից հետո հարցնում էր․ «Եթե շունը քեզ կծում է, դու էլ շա՞նն ես կծում»։ Թվում է հասարակ հարց, սակայն խորն է տպավորվել իմ հոգում, միշտ էլ առաջնորդվել եմ նրա այդ բառերով, համոզված, որ հաղթելու է ճշմարտությունը, բարեկրթությունը, բարությունը: Ես միշտ ներել եմ... Կարպատներում պաշտպաններից մեկն ինձ այնպիսի դաժան հարված հասցրեց, թվաց, թե ծունկս տեղից թռավ: Հավատացած էի, որ հաշմանդամ կմնամ: Փա՜ռք Աստծո, վիրահատությունը հաջող անցավ: Խաղի ավարտից հետո ամբողջ թիմը հիվանդանոց եկավ և այդ տղայի փոխարեն ներողություն խնդրեց: Բայց ես արդեն ներել էի նրան, ամենայն ազնվությամբ: Նա արդեն դժբախտ էր, քանի որ հոգում այդքան դաժանություն էր կրում:

- Կարծում եմ, ընթերցողն անվերապահորեն կհավատա իր նախկին «կուռքին», որն ամենակիրթն էր դաշտում, և որին շատ էին հարվածում հանիրավի, չարությունից դրդված, որը, սակայն, երբեք և ոչ մեկին չպատասխանեց նույն զենքով:

- Ինձ հուզում և հրապուրում է միայն ազնիվ, մեծահոգի արարքը: Ֆուտբոլի պատմության մեջ այսպիսի փաստ է գրանցված. բրազիլացի աջ եզրային հարձակվող Գարինչան, որը համաշխարհային անուն էր, խաղերից մեկում խաբել է 3-4 ֆուտբոլիստների ու առաջ անցել նրանցից: Հետևում է թողել նաև դարպասապահին ու այն ակնթարթին, երբ գնդակը պիտի ուղարկեր ուր հարկն է, լսում է խաբված պաշտպանի «ոռնոցը»․ իր պատճառով ոլորվել էր վերջինիս ոտքը, որը ցավից խենթանում էր։

Ե՞վ... Խոնարհվում եմ Գարինչայի մեծության առջև, դարպասն ազատ էր, նա հանգիստ կարող էր գոլ խփել, բայց այս «աստղը» մնաց բարձունքում՝ բարոյական չհամարեց գնդակն ուղարկել դարպաս: Սա իսկապես մեծ օրինակ է՝ հիասքանչ արարք, նախանձելի մեծահոգություն և վկայությունը անձի հոգևոր վեհության:

- Ձեր ամենամեծ ցանկությունը:

- Որ դառնանք ավելի հանդուրժող, սիրենք իրարու, օգնենք մեկմեկու: Սիրենք մարդուն իր մեղքերով, իր սայթաքումներով հանդերձ ու լինենք ներողամիտ:

Աստված Սեր է, Մերն է միայն Գերագույն ՈՒժը երկրի վրա ու Սերն է միայն չարին հաղթողը: ՈՒրեմն՝ առաջնորդվենք միայն սիրով:

Զրուցեց Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱԿԲԵՐ-ի (Հակոբ ԲԵՐԲԵՐՅԱՆ)

«Երեկոյան Երևան»,

12 մարտ, 1997թ․

Հ․Գ․

Լուսանկարում՝ «Երեկոյան Երևանի» իմ աշխատասենյակում, Նիկոլայ Ղազարյանի հետ հանդիպումից մի դրվագ է։

Հակոբ Բերբերյանը (ՀԱԿԲԵՐ) իսկապես մեր լուսանկարչության հսկաներից է, որի յուրաքանչյուր կադրը ինքնատիպ փիլիսոփայություն է, հոգեբանություն ու կերպարի ներաշխարհի բացահայտում։

«Լուսանկարիչ-փիլիսոփա» բնորոշումը նրա բացառիկ վարպետության ամենադիպուկ ու վաստակած գնահատականն է։

Դիտվել է՝ 460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ