CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Աշխարհաքաղաքական հեղհեղուկ իրավիճակում ամեն մեկը փնտրում է հնարավորինս կայուն իր տեղը

Աշխարհաքաղաքական հեղհեղուկ իրավիճակում ամեն մեկը փնտրում է  հնարավորինս կայուն իր տեղը
20.04.2026 | 13:43

Աշխարհի ճակատագիրը որոշող գլոբալ ուժերի դասավորության մեջ տեղի ունեցող փոփոխությունները դանդաղ ընթացող պրոցեսներ են, հաճախ էլ՝ աննկատելի։

Նման փոփոխությունները ժամանակին նկատելուն և դրանք լրջորեն ընդունելուն էլ խանգարում է նախ այն, որ դրանք կարող են տեղի ունենալ գաղտնիության պայմաններում և, հետո էլ, ասպարեզին տիրող դոմինանտ ուժերի մենթալիտետային իներցիայի պատճառով։

Իսկ գլոբալ մակարդակի հակամարտ ուժերի մեջ տեղի ունեցող ընթացիկ պրոքսի բնույթի բախումներն էլ այն ինդիկատորները կամ դետեկտորներն են, որոնք ասում են, որ այդ ուժային փոփոխություններն արդեն տեղի են ունեցել։

Ըստ որում, նման ուժային փոփոխությունների չափման միջոց է նաև դրանք կրողի ազդեցիկության չափի փոփոխությունը ժամանակի մեջ։

Օրինակ, եթե փորձում ենք գնահատել միջազգային ասպարեզում Ռուսաստանի ազդեցիկության չափի փոփոխությունը Պուտինի իշխանության գալուց մինչև հիմա, ապա միայն պարզունակ մտասևեռվածները կարող են չտեսնել, որ նա սկզբում գլոբալ պրոցեսների վրա համարյա ազդեցություն չունեցող մեկից այսօր դարձել է աշխարհի ճակատագիրը որոշողներից մեկը։

Եվ բնական է, որ Պուտինը, իր իշխանության գալուց անմիջապես հետո և, մանավանդ, Արևմուտքի կողմից մերժվելուց հետո, պետք է ձեռնարկեր խորհրդային ժառանգության վերականգնման և նոր զինատեսակների ստեղծման պրոցեսը, բայց որը մինչև սիրիական պատերազմին Ռուսաստանի խառնվելը, ոչ մեկը լրջորեն չէր ընդունում։

Նույնիսկ այն ժամանակ, երբ Պուտինը նախազգուշացման նպատակներով ցուցադրում էր Ռուսաստանում ստեղծված նոր զինատեսակները, հակառակորդների և ոչ միայն հակառակորդների զգալի մասը դրանք ծաղրանքով ընդունեց՝ որպես մուլտիկներ։

Ուժային միակ բևեռ Արևմուտքն էլ, նույն մենթալիտետային իներցիայով և նույն թափով, շարունակեց ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժն ու Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելը՝ համարելով նրան թույլ հակառակորդ։

Իսկ Մադլեն Օլբրայթի և Հիլարի Քլինթոնի նման գործիչներն էլ, առանց դա թաքցնելու, համարում էին, որ անարդարացի է Ռուսաստանի կողմից աշխարհի կրիտիկական ռեսուրսների մի հսկայական կտորին տիրելը, և այն պետք է նրա ձեռքից վերցնել, քանի որ դա կրիտիկական կարևորություն ուներ Չինաստանի հետ արևմուտքի ապագա առճակատման հարցում։

Դրանից հետո էլ պետք եղավ ուկրաինական պատերազմը, որպեսզի հակամարտ կողմերը կարողանային շատ թե քիչ օբյեկտիվորեն գնահատել հակառակորդի և սեփական ուժերի իրական չափերը։

Թրամփի իշխանության գալն էլ նպաստեց նրան, որ աշխարհում արդեն տեղի ունեցած ուժային փոփոխությունները գնահատվեն ավելի օբյեկտիվորեն, որի արդյունքն էլ եղավ Իրանի պատերազմը և որն էլ պարզեց, որ հակամարտ կողմերի հզորությունների մասին եղած գնահատականները դարձյալ չեն համապատասխանում իրականությանը։

Եվ պարզվեց նաև, որ թերագնահատվել են Իրանի շատ կարևոր բարոյակամային հատկությունները և նրա կողմից աշխարհի տնտեսության վրա ազդելու կարևոր լծակը՝ Հորմուզի նեղուցի տեսքով։

Այն հանգամանքը, որ Չինաստանի ու Ռուսաստանի մերձեցումը շարունակվում է (վկան Լավրովի այցը Չինաստան, որը նախապատրաստում էր նույն նպատակով Պուտինի այցը) և, մյուս կողմից էլ, շարունակվում են դեգրադացիոն պրոցեսները արևմտյան լագերում, բացահայտ նշան է այն բանի, որ միջազգային լարվածությունը դեռ իր պիկին չի հասել։

Ի դեպ, շատ բան չհասկացող մեր մտասևեռվածները, որոնք պարտադիր կերպով որևէ տեսակի մետ են, ներառյալ՝ նրանց արևմտամետ, ռուսամետ, թուրքամետ և այլ մետ լինելը, ջանասիրաբար քանդում են դեպի իրենց չսիրած հզորները տանող բոլոր կամուրջները։

Եվ, քանի որ մենք, լուրջ քաղաքականություն ունեցող մեր թշնամիների ձեռքով, նախօրոք մանրամասնորեն պառակտված ենք, ապա կամրջաքանդության բազմակողմանի պրոցեսը բերել է նրան, որ աշխարհի հետ մեզ կապող բոլոր կամուրները քանդված են։

Մի բան, որը հզորների աչքում մեզ դարձնում է սուբյեկտայնությունից զուրկ տարածք, որին էլ պետք է տիրել, մի հարց, որն էլ առանց մեր մասնակցության, կլուծվի նրանց միջև ուժային կոմպրոմիսի արդյունքում։

Եթե վերադառնանք միջազգային հարաբերությունների դինամիկայի պրոբլեմին, ապա դրանց մեջ առաջանում են որակապես նոր պրոցեսներ, որոնք կապված են այն բանի հետ, որ ներկա հեղհեղուկ աշխարհաքաղաքական իրավիճակում ամեն մեկը փնտրում է իր հնարավոր կայուն տեղը մեծ անորոշություններով լի աշխարհում:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ