«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ամենուր մեծապատիվ մուրացկանական մթնոլորտ է

Ամենուր մեծապատիվ մուրացկանական մթնոլորտ է
05.11.2026 | 15:15

Վերջերս գրեթե չեմ գրում, որքան էլ դրա պահանջն զգում եմ։ Որքան էլ միտքս արթուն է, ու սիրտս բզզում է, հոգիս վերուվար ունում։ Գրեթե չեմ գրում, բայց մտովի շատ գրեր կան, նույնիսկ ֆաբուլայով ու միսարյունով։

Բայց դրանք փակվել են Փոքր Մհերի նման, Փոքր ու «փոքրոգի» Մհերի նման։

Գրեթե չեմ գրում. ու փորձում եմ հասկանալ ինքս ինձ՝ պատճառնե՞ր կան, բայց չէ՞ որ ներշնչմանը դրանք արգելք չեն, հիասթափությու՞ն՝ հեղհեղուկ իրականության ու կեղծիքի մեջ. ապա ինչու՞ չեմ լքում այս տարածքը։ Դեմոգոգիայո՞վ եմ զբաղվում։

Երևի չեմ ուզում հեռանալ իմ ընկերներից, գրական տխուր դաշտում ցիրուցան, սիրուն պուտավոր գրերի ըմբոշխնումից, որոնց չես գտնի ոչ մի այլ տեղ:

Ասում են՝ անտարբերությունը վտանգավոր է շատ. անուղղակի մասնակցում ես հանցագործ իրողությունների՝ կյանքի տարբեր շերտերում։

Գեղարվեստական գրականության մեջ միգուցե ավելի վտանգավոր է հարմարվողականությունը. այն այնպե՛ս աննկատ տանում է հոգևոր ամլություն…

Արդի հայ գրական իրականությունը( ակադեմիական դաշտում) տխրեցնում է շատ։ Սկզբում զարմանում ես, հետո՝ ընդվզում, հետո՝ անտարբեր ձևանում։

Ի վերջո հարմարվում ես, և այդ ապավիզիման գնացող դինամիկան քեզ այնպես փափուկ է տանում ապատիա. ինքդ էլ դառնում ես մի «անհեթեթություն»։ Իներցիայով կարդում ես, երբեմն արձագանքում, թարմ ումպեր գտնելիս արձագանքում. կոպիտ սխալներ չլինեն հանկարծ, «գուգլաբլյուզ» շարադրանք չլինի հանկարծ, ԱԲ քաղցրածորանք չլինի հանկարծ, բանաստեղծի աչքի սուրմա թռցնող չլինի հանկարծ։

Դեհ, ինչ կա որ, ինչպես բոլորը. կամ մի խառնվիր, կամ…կամերը շատ են։

Չեմ հասկանում՝ ինչու արդի հայ գրական դաշտը( հատկապես «իմիջավոր» գրական կայքերում) անկարող է հույզերի հաճելի աղմուկ բարձրացնել, ընթերցողների բում։

Ինչու ստեղծագործ մարդիկ վախենում են խոսել «ծանրակշիռների» գրական թերություններից, ոչ վայել պահվածքից, մեծամտության սին բարձրությունից( արարելու դաշտում), անհարմար հարցեր տալուց։

Հիասթափվում եմ գրական փոքրիկ ստախոսներից՝ բարեհոգի «մանյովրներ» անող մեծամիտներից։

Հիասթափվում եմ կարկատան անող կամ «մոզայկա «շեդեվրիալնի» գրողներից, սկզբունքային ձևացող անսկզբունքայիններից։

Հիասթափվում եմ հանիրավի մեղադրականները գրական աշխարհում լուռ կուլ տվողներից, նաև՝ «գող սիրտը դող» մտավորականներից, «սիրամարգային» պահվածքից։

Սարսափում եմ «ազնիվ» բանսարկուներից. հատկապես

գրագողություն կոչվող երևույթի պահով, երկսայր կողմով՝ աքլորացած պատկերագողի կամ «բանիմաց» մեղադրողի, ինչպես կուզեք…

Ինչու չի կարելի վեր կանգնել նեղ անձնական մոտեցումից, գնահատել գեղեցիկը նորովի արարողին հիմա, այս պահին։

Այս հարթակ գալու սկզբնական շրջանում ոգևորված հետևում էի հեղինակավոր կայքերի, գրքի շնորհանդեսների։

Ոչ մի բանով չեն տարբերվում գրական ֆեյսխմբակներից. ոչ այնտեղ կա պրոֆմոտեցում, ոչ այստեղ։ Ամենուր «իմ դուքանը, քո դուքանը»։

Ոչ մի անգամ, ոչ մի տեղ չեմ տեսել գրական կենդանի բանավեճ. անակնկալ ու անհարմար գրականագիտական հարցեր ու պատասխաններ։

Կայքերը ասես փոշոտված ու ձանձրալի թանգարաններ լինեն, գրքի հանդեսները՝ դիֆերամբային, գրողների ինքնագովազդային համախառն քաղցրումեշությամբ, անհաջող խղճուկ…

Ամենուր մեծապատիվ մուրացկանական մթնոլորտ է՝

ազգային դժբախտությունների իրականության մեջ զգուշությամբ շապկավորված, ստեղծագործություններում հայրենասիրական պաթոսով պաճուճված, ընդամենը…

Ապշելու հարմարվողականություն, ստեղծագործ մարդու խղճի ճարպակալում…

Արդյունքը՝ համատարած խղճի «մաքրազերծում»…

Գրել եմ, էլի…

Մարինե Սարուխանյան

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ