Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Փողատեր «էլիտան», «անպեչատ հիմնարկություններն» ու ընտրությունները

Փողատեր «էլիտան», «անպեչատ հիմնարկություններն» ու ընտրությունները
25.04.2026 | 14:30

Մոտ մեկ ամիս առաջ գրել էի, որ մի երկրում, եթե էլիտա են համարվում հիմնականում փողատերերը, ուրեմն դա արդեն երկիր չի, կորպորացիա է: Այդ գրառումը բավական շատ հավանումներ ունեցավ, շատ ընկերներ են նույնկերպ մտածում:

Ավելի ուշ, մի քիչ մանրամասնելով, նորից անդրադարձա թեմային՝ աշխարհաքաղաքական ենթատեքստ հաղորդելով: Մենք ապրում ենք կապիտալիստական հասարակարգում, որը ենթադրում է կապիտալի և ազդեցության կուտակում: Ամբողջ աշխարհում՝ ով ավելի շատ կապիտալ և ազդեցություն է կուտակում, նա էլ, որպես կանոն, ամենաազդեցիկն է լինում: Շատ չեմ ծավալվում, հիմնականում այդպես է, և մենք չէինք կարող բացառություն լինել, ուղղակի մեզ մոտ այդ ամենը կրում է «գեղի կլուբի» մակարդակ:

Այսօր թեմայի մասին կխոսեմ՝ մի քիչ կենցաղային ենթատեքստ հաղորդելով:

Ես ծնվել և մեծացել եմ նախկին «Ալավերդյան» այժմյան «Հանրապետության» փողոցում: 9 ընկեր էինք և ենք, պատանեկությունից նոր էինք թևակոխում երիտասարդություն, 90-ականների սկիզբն էր, արդեն անկախ պետություն էինք: Մեզ լավ էինք զգում, բոլորը մատով էին ցույց տալիս մեր ընկերությունը՝ այն բնութագրելով որպես շատ լավ «սպայկա»: Այն ժամանակ դեռ «Սպայկա» եզրույթը որպես բիզնես չէր դիտարկվում: Մեր ընկերության մեջ հարուստի տղա չկար: Ես ռեժիսորների գերդաստանից էի, մյուս ընկերներիցս մեկը՝ հայտնի դասախոսի, մյուսը՝ բժշկի, մեկ ուրիշը՝ ճարտարապետի տղաներ էին: Մեր շատ հասակակից տղաներ էին ցանկանում հետներս ընկերանալ, մոտիկություն անել: Կային նաև այն ժամանակվա չափանիշներով հարուստի տղաներ, որոնք իրենք էին ցանկանում մեզ հետ ընկեր լինել: Մենք էլ նայում էինք՝ եթե հաջող տղերք էին լինում, մոտիկ թողնում էինք, եթե ոչ՝ հեռու էինք պահում մեզանից: Այսինքն, հարուստ լինելն ու շատ փող ունենալը որևէ դեր չէր խաղում: Մեր քաղաքում մենք բացառություն չենք եղել, շատերը նմանատիպ օրինակներ կհիշեն այն ժամանակներից: Նույնիսկ, երբ առիթ էր լինում, ասում էինք՝ սրանցը իսկական ընկերություն չի, սրանցը փողի ընկերություն ա: Փողի և շահի վրա հիմնված ընկերությունները համարվում էին ոչ իրական, մեր ընկերներից մեկը նման ընկերությունները բնութագրում էր որպես «անպեչատ հիմնարկություններ»: Նման ընկերությունները, որպես կանոն, ամուր չէին լինում, դրանք քանդվում էին առաջին իսկ փորձության ժամանակ: Սակայն, այդ ժամանակները հիշելով, չեմ բավարարվի միայն քաղաքային երիտասարդական ֆոլկլյորով: Հասարակության մեջ մեծ հարգանք և հեղինակություն էին վայելում գիտնականները, մանկավարժները, ռեժիսորները, դերասանները, բժիշկները և շատ ու շատ իրենց բնագավառներում հաջողության հասած մարդիկ, որոնց հարուստ չէիր անվանի: Հիմա ինչու՞ եմ այդ ամենը պատմում: Թեև ես դեռ չեմ կորցրել երիտասարդական ավյունը, բայց, այնուամենայնիվ, արդեն հին մարդ եմ, գոնե մեր երեխաների սերնդի համար հին եմ: Իրենց հաճախ եմ պատմում, թե մեր ժամանակ ինչպես էր: Իրենք հետաքրքրությամբ լսում են, հարցեր են տալիս, թե ինչպե՞ս եղավ բա, որ հետո ամեն ինչ փոխվեց: Դա էլ եմ պատմում, փորձում եմ բացատրել:

Այս թեմային սկսել եմ հաճախ անդրադառնալ հենց նախընտրական եռուզեռի շրջանում, և դա ինքնանպատակ չէ: Սիրելի արդեն հին համարվող, կենսագրություն ունեցող մարդիկ, գոնե մենք հիմա ունենք հնարավորություն որոշ բաներ փոխելու: Մեծ ֆինանսական հնարավորությունները իհարկե խաղալու են իրենց դերը, այսօր իշխանությունը բոլորից շատ գումարներն է ծախսում, կան նաև ֆինանսապես ուժեղ այլ ուժեր: Կարճ կասեմ՝ եթե հանկարծ մենք որոշենք, որ գոնե ընտրություն կատարելու հարցում առաջնահերթ չենք համարում ֆինանսական գործոնը, և եթե մենք մեր խոսքը ասենք, գուցե ստացվի ընտրություններից հետո ունենալ մի քիչ այլ իրավիճակ, երբ այլևս էլիտա չեն համարվի բացառապես փողատերերը, երբ իրենց բնագավառներում հաջողությունների հասած ամենատարբեր մարդիկ դարձյալ կսկսեն հարգանք և հեղինակություն վայելել, ոչ թե ճարահատյալ դիմել փող ունեցողների «ողորմությանը» որ իրենց գնահատեն: Գուցե...

Մենք, իհարկե, անկախ մասշտաբներից, հիմա էլ ենք նման «ընկերությունները» համարում «անպեչատ հիմնարկություններ», սակայն իրոք շատ բան է փոխվել:

Ընկերներս գիտեն, որ ես սոցիալական հարցերին շատ հազվադեպ եմ անդրադառնում, այսօր բացառություն արեցի: Գուցե ինձ պես մարդիկ նոստալգիա ապրեն, գուցե դա ևս նրանց մոտիվացնի՝ փորձել փոխելու իրավիճակը: Գուցե մենք՝ հներս, բացի նորերին մեր ժամանակների մասին պատմելուց, նրանց առջև պարտավորություննե՞ր ունենք որոշ բաներ փոխելու մեր իրականության մեջ: Չափազանց բարդ է դա, բայց փորձել պետք է:

Բավարարվեմ այսքանով, բայց էլիտայի թեմային դեռ անդրադարձեր անելու եմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ