Առաջարկվող նկարում Բելը չկա: Անտեղյակ մարդու մոտ տպավորություն է առաջանալու, որ Հայկը կամ նետաձգություն է պարապում կամ որսի է դուրս եկել:
Այնինչ` ճշմարիտ աստվածապաշտ Հայկը նետահարում է մարդապաշտ ու կռապաշտ Բելին` Նեբրովթին:
Հայկն աղոթող էր ու Աստծուն էր ապավինում, Բելը հպարտանում էր իր անձով ու իր բանակով, որն իրեն պաշտամունք էր մատուցում:
Հայկը գերադասեց նահատակությունն իր տոհմով, բայց աստվածուրաց Բելին չհնազանդվելը:
Հայկը երբևիցե իր մտքով չանցկացրեց Բելին ենթարվելը, կամ իր Սուրբ Արարատյան երկիրը լքելը, այլ մարտնչելն ու արարչատուր ազատության վեհ պարգևին տեր կանգնելը:
Հայկը փորձություններից չվախեցավ, այլ պատվով ընդունեց դրանք, աստվածային տեսիլքով ստացած աղեղի օգնությամբ հալածեց չարի մարմնավորում Բելին ու իր զորքին մեր Սուրբ Հայրենիքից:
Ի դեպ ոչ թե մի ճակատամարտով, այլ երկարատև պատերազմում, որի ավարտական մարտում նա խոցեց գոռոզացած աստվածակարծյալ հսկային:
Բելը զարկված թավալվեց գետին և փչեց իր հոգին։ Իսկ նրա զորքը, տեսնելով այդպիսի քաջագործություն, սարսափահար փախուստի դիմեց:
Իսկ հիմա հարց. Ինչու չկա ընկած Բելը:
(Մանրամասները`Հ․Գ․-ում)
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ․Գ․
«Մեր ազգի մեջ ընդունելի ավանդություն է այն, որ Հայկի՝ Բելի դեմ գլուխ բարձրացնելու պատճառը՝ Բելի անաստվածությունն էր, և ընդունված է, որ Հայկը և նրա թոռները ճշմարիտ աստվածապաշտ էին։ Եվ մինչև Հայաստանի՝ Ասորեստանի տիրապետության տակ անցնելը (Շամիրամից սկսած)՝ մեր պատմության մեջ ոչ մի դիցաբանական հիշատակություն չկա, որով էլ շատ հավանական է մեր բարեպաշտ նախնյաց կարծիքը Հայկի մասին, որը ոչ միայն անձնական, այլև կրոնական ոգով էր հակառակվում Բելին։ Այս երկու հակառակորդներն էին միայն միմյանց դեմ ելել, քանզի Սեմի տոհմապետերը նվաճվել էին Նեբրովթի կողմից, և միայն մեր Հաբեթացի ազգապետն էր մնացել պաշտպան՝ հայրենի և Աստվածային իրավունքի։
Եվ կանչելով եղբայրներին, իբրև ամեն մեկի կարգավիճակը հաստատելու համար, ինչպես նաև իրեն հպատակ այլ տոհմապետերի՝ բոլորին տեղեկացրեց, որ Բելը ոչ միայն անիրավ բռնավոր է, այլև աստվածուրաց, որը պահանջում է, որ մարդիկ ոչ միայն հնազանդվեն իրեն, այլև Աստծո պաշտոնն իրեն մատուցեն։ Եվ ասաց․ «Նահապետների օրհնությունը մեզ վրա է, Աստված մեզ ընդարձակ երկիր և բազմասերունդ զավակներ և ընդոծիներ տվեց․ ինչու՞ վախենանք Նեբրովթից․ մենք մեզնով բավական ենք, Աստված էլ օգնական է։ Բոլորը հավանություն տվեցին և հնազանդվեցին Հայկին՝ իբրև Թորգոմի տան տանուտերի»:
Մեջբերումները՝ Ղևոնդ Ալիշանի «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան» գրքից։
«Այսպիսով, այս ժամանակաշրջանում աշխարհը բաժանվեց երկու կրոնական ուղղությունների․ Բելի կայսրությունում տիրում էր կռապաշտությունը, իսկ Արարատյան երկրում՝ Տեր Աստծո պաշտամունքը։
Հայկն իր հույսը դնում էր միայն Տեր Աստծո զորությանը և իր հպատակներին էլ կոչ էր անում նույնն անել, որովհետև իրենց գործն արդար էր»։
Մեջբերումները` Աշոտ Արևշատյանի Հայաստան․ Արարչագործությունից մինչև երկրորդ գալուստ, Հատոր Ա գրքից: