Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում. պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է. 2

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում. պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է. 2
30.04.2026 | 14:36

Սկիզբը՝ այստեղ

Հայտարարելով Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին՝ ԱՄՆ-ի նախագահը ձեռնպահ է մնացել նոր ժամկետներ սահմանելուց, սակայն պարզաբանել է, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել «այս կամ այն ճանապարհով»:

Մինչդեռ, ինչպես ներկայացրել ենք նախորդիվ, բանակցությունները մնում են փակուղում, իսկ Թրամփը, ինչպես այսօր տեղեկացրել է «РИА Новости»-ին , իրեն պատկանող «Truth Social» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Իրանի իշխանություններին կոչ է արել շտապել միջուկային ծրագրի շուրջ գործարքի կնքման հարցում:

«Իրանը չի կարողանում գլուխ հանել: Նրանք չգիտեն, թե ինչպես կնքել միջուկազերծ գործարք: Իրենց լավ է շուտ խելացի լինել»,- գրել է Թրամփը, ընդ որում, ի հաստատումն իր խոսքերի, որևէ մանրամասնություն կամ ապացույց չներկայացնելով:

Ի՞նչ է սրանով ակնարկում Թրամփը՝ շտապեք համաձայնել իմ կամ ԱՄՆ-ի ստրկացուցիչ պահանջներին ու պայմաններին, իսկ եթե ոչ հարվածները կվերսկսվե՞ն…

Թեհրանը Հորմուզի նեղուցի ապաշրջափակման առաջարկ է արել, սակայն Թրամփը դժգոհ է մնացել դրանից: Հիմնական պատճառը միջուկային խնդրի լուծումը հետաձգելու Իրանի առաջարկի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի դժկամությունն է։ Առանց Իրանի կողմից սկզբնական փուլում միջուկային խնդրի առնչությամբ ամերիկյան ստրկացուցիչ պահանջների կատարման, Վաշինգտոնը պատրաստ չէ հրաժարվել ճնշման լծակից, մասնավորապես՝ Իրանի նավահանգիստներից դուրս եկող և դեպի այնտեղ ընթացող նավերի ընթացքը Հորմուզի նեղուցում շրջափակելուց։ Բացի այդ, ինչպես «The New York Times»-ին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան, իրանական առաջարկի ընդունումը Թրամփին կզրկի հակամարտությունում հաղթանակի մասին հայտարարելու հնարավորությունից:

Թրամփն ավելի վաղ կարգադրել է շարունակել Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը մինչև այն պահը, երբ Իրանը պատրաստ կլինի «գործարք կնքել»: ԱՄՆ-ի առաջնորդը ընդգծել է, որ Իրանի բոլոր նավահանգիստների ծովային շրջափակումը դեռևս ուժի մեջ է: Կրկնակի շրջափակումը սրել է իրավիճակը. նեղուցով երթևեկությունը գրեթե կանգ է առել, և Պարսից ծոցում արգելափակվել է հարյուր միլիոնավոր բարել նավթ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը շուտով հրապարակավ կարտահայտի Իրանի վերջին առաջարկի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Իրանի նկատմամբ նախագահի կարմիր գծերը հստակ նշված էին ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ իրենց (իրանցիների) իսկ համար»,- ասել է նա, այսպիսով ակնարկելով միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի պահանջների անխախտելիությունը:

Ինչու են ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղի մտել… РБК-ն հանգամանորեն անդրադարձել է այս հարցին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Կոշկինը РБК-ի հետ զրույցում չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, բայց այն հղի է հակամարտության սրմամբ և ձգձգմամբ, ինչպես նաև բենզինի գների աճով և նույնիսկ ԱՄՆ-ում թրամփականների պառակտմամբ:

«Ցանկացած ռազմական էսկալացիա այժմ Թրամփին ձեռնտու չէ, նրան ձեռնտու է իրավիճակը վերահսկելի քաոսի վիճակում պահել առնվազն մինչև նոյեմբեր (երբ կկայանան ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները.- РБК)»,- նշել է Կոշկինը:

Փորձագետների գնահատականներով՝ Թրամփին միանգամայն ձեռնտու կլինի ստատուս քվոն՝ Հորմուզի նեղուցի արգելափակման պահպանման ու «կիսահրադադարի» տեսքով։ ԱՄՆ-ում բենզինի գները կայունացել են, իսկ ընտրազանգվածի դժգոհությունը դեռ չի անցել կրիտիկական նշագիծը. թրամփականների 92 տոկոսը նախկինի պես աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությանը: Սակայն, Կոշկինի կարծիքով, հետագա էսկալացիայի դեպքում «չհամաձայնող անջատողականների» թիվը կարող է աճել։

Հենց այստեղ մի կարևոր նկատառում արտահայտենք՝ այո, կարող է աճել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները դարձյալ չապահովեն նախանշված արդյունքը, և նրանց ներկայիս «պարտված» կարգավիճակը պահպանվի:

Թրամփը, ինչպես նշել է փորձագետը, կարող է փորձել սպասել մինչև ԱՄՆ-ում ներքաղաքական կոնյունկտուրան փոխվի, սակայն, 2026թ. նոյեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից գրեթե անմիջապես հետո կսկսվի նոր ընտրական փուլ՝ նախապատրաստվելու համար 2028թ. նախագահական ընտրություններին։

«Նրան հիմա ձեռնտու է ժամանակ ձգելը,- ասել է Կոշկինը:- Իսկ ժամանակ ձգել թույլ են տալիս միայն կառավարելի քաոսի իրավիճակը և դիմակայության շարունակությունն արդեն ոչ թե երկրի վրա, այլ տեղեկատվական դաշտում»։

Կոշկինը միաժամանակ հիշեցրել է ամերիկյան առաջնորդի իմպուլսիվության մասին՝ նշելով, որ նա ինքն իրեն փակուղի է մտցրել և անելանելի վիճակում կարող է իրեն իռացիոնալ պահել, այսինքն՝ վերսկսել պատերազմը:

Հարկ է նկատի ունենալ, որ մինչև 2026թ. նոյեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ ընկած ժամանակն աշխատում է ԱՄՆ-ի նախագահի դեմ, քանի որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմի համար արդեն ավելի քան 65 մլրդ դոլար է ծախսել՝ չհասնելով իր առաջադրած ու հայտարարած նպատակներից որևէ մեկին, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում ընտրություններում հանրապետականների տապալվելը և դեմոկրատների մեծամասնություն կազմելը, որը Թրամփի համար կլինի մահավճռի պես մի բան: Հետևաբար Թրամփին մինչ այդ հաղթանակ է պետք, ինչն էլ, սակայն, երաշխավորված չէ: Ստացվում է, որ ԱՄՆ-ի նախագահին ոչ ժամանակ ձգելն է ձեռնտու, ոչ ժամանակ չձգելը և պատերազմը վերսկսելը, որի հաղթական արդյունքը, կրկնում ենք, երաշխավորված չէ: Այս առումով Կոշկինի հետ լիովին կարելի է համաձայնել, որ Թրամփն ինքն իրեն փակուղի է մտցրել:

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում շուրջ 60 000 զինվորական է կենտրոնացրել և ահռելի քանակության զենք ու ռազմական տեխնիկա: Քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է .

«ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունից դեպի Մերձավոր Արևելք է ուղևորվում USS Boxer դեսանտային հարձակողական նավը, որում գտնվում են հազարավոր ծովային հետևակայիններ:

Ակնկալվում է, որ այն տարածաշրջան կժամանի առաջիկա օրերին՝ ավարտելով ԱՄՆ ցամաքային ուժերի լայնածավալ պատրաստությունը Կենտրոնական հրամանատարությունում:

Վերջին փաստաթղթերի համաձայն՝ նավը վերջին երկու օրերի ընթացքում անցել է Ֆիլիպինների ծովից»:

Իրանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, սակայն, որպես խաղաղության պայմաններից մեկը, պահանջում է հարգել Իրանի խաղաղ ատոմի իրավունքը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ