ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ազդելու է մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ազդելու է մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա
03.05.2026 | 14:01

Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կբացվի Երևանում, վաղը՝ մայիսի 4-ին: ԵՔՀ -ն, որն հիմնվել է 2022թ. Մակրոնի նախաձեռնությամբ, բոլորովին նոր իրողություն է ժամանակակից միջազգային հարաբերություններում: Այն միջազգային կազմակերպություն չէ, չունի կանոնադրություն և ընդունված որոշումների կատարման մեխանիզմներ: Կարելի է ասել, որ ստեղծված է երկխոսության, համագործակցության, բարեկամության մթնոլորտ և միջպետական շփումներին դրական էներգիա տալու նպատակով: Կա նաև հստակ ընդգծված և հեռահար քաղաքական նպատակ: Այս ֆորումին հրավիրվում են ոչ միայն ԵՄ անդամ պետություններ, այլև ԵՄ-ի հետ հարևանության, ասոսացման և գործընկերության պայմանագրեր ունեցող պետություններ, ինչպես, օրինակ, Ուկրաինան, Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, որոնք ընդգրկված են ԵՄ-ի տարբեր ծրագրերում: Այս պետությունները հավանաբար ԵՄ անդամ դառնալու որևիցե հեռանկար չունեն, սակայն նրանք պետք են ԱՄՆ-ին և ԵՄ-ին երկու նպատակով: Ընդգրկել նրանց արևմտյան շահերի գոտում՝ առավելապես իրենց շուկաների զարգացման համար: Քաղաքական իմաստով հիմնական ռազմավարական նպատակը ԵՄ հարևան երկրներում նվազագույնի հասցնել ռուսական և չինական ազդեցությունը: Կհաջողեն, թե ոչ, ցույց կտան մոտակա մեկ-երկու տարվա քաղաքական գործընթացները, հատկապես ուկրաինական և իրանական ճակատներում ռազմական դիմակայությունները:

Հիմա, եթե մի պահ թողնենք միջազգային զարգացումները և գանք Հայաստան, կտեսնենք, որ այս գագաթնաժողովը ազդելու է մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա, որովհետև մեկ ամսից համապետական ընտրություններ են: Առաջին հերթին պետք է դիտարկել իշխանություն-ընդդիմություն առճակատման ընթացքում նրանցից ում համար է լավ, ում համար է վատ, ո՞ր բևեռն է օգտվում, ո՞ր բևեռն է կորուստ ունենում: Այս առումով ունենք հետևյալ իրավիճակը:

1.Պարզ է, որ իշխանության համար լավ է. ընտրազանգվածը այս իրադարձությունն ընկալում է որպես ողջ եվրոպական համայնքի աջակցություն ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը: Իշխանական կուսակցության վարկանիշի բարձրացմանը նպաստող գործոն է: Սակայն այստեղ կա նաև իշխանության համար բացասական էֆեկտ: Ընդդիմությունը կարող է կրկին հանրայնացնել Ռուսաստանի դեմ պատերազմող թշնամական ուժին հյուրընկալելու կործանարար հետևանքների մասին փաստարկները՝ գազի, ատոմակայանի, գյուղատնտեսության, արտագնա աշխատող երեք հարյուր հազարից ավելի մարդկանց, 2,5 միլիոն ռուսահայ համայնքի, նրանց տրանսֆերների, անվտանգության երաշխիքների և այլնի մասին: Գրագետ քարոզչության դեպքում սա կարող է զրոյացնել առաջին գործոնը:

2.Գագաթնաժողովը բացասական առումով է ընդունվում հարևան Իրանում, որտեղ արևմտյան ցանկացած ուժի ներկայություն դիտարկվում է որպես սպառնալիք:

3.Երևանի գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Ալիևը և Էրդողանը: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Բաքվում և Անկարայում Հայաստանի հանդեպ դեռ պահպանվում է անվստահության և ոչ բարեկամական վերաբերմունքը: Սա բարենպաստ չէ իշխանության վարկանիշի համար, որովհետև ուղղակի վնասում է խաղաղության հասնելու մասին պաշտոնական քարոզչությանը:

4.Երևան է ժամանում Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Վերջինս այժմ գերակտիվ է միջազգային բոլոր հարթակներում: Նույնիսկ ներթափանցել է ավանդաբար ռուսական ազդեցության գոտիներ: Հանդիպել է նույնիսկ Տոկաևի և Ալիևի հետ, բացառված չէ, որ շուտով նրան կարող ենք տեսնել նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում: Այս ակտիվությունը միանշանակ չի ընդունվում Վաշինգտոնում և Բրյուսելում: Թրամփը խիստ դժգոհ է, որ չի կարողանում նրան ստիպել գնալ պատերազմի դադարեցման, իսկ եվրալիդերներն ընդհակառակը՝ ոգևորում են: Հայաստանի համար Զելենսկու այցը կարող է ընտրապայքարում քննարկման և հակաքարոզչության առարկա դառնալ: Հնարավոր է ուկրաինացման սցենարի սպառնալիքի և Թրամփի դժգոհության մասին խոսել քննադատելով իշխանությանը: Ինչևիցե, սպասենք զարգացումներին, նաև դիտենք Գյումրիում համերգը, որտեղ կլինի Մակրոնը, իսկ ռուսական ռազմաբազայում տհաճության մեծ զգացում կապրեն:

Եվ վերջին՝ հինգերորդ հանգամանքը. Եվրոպական պառլամենտի վերջին բանաձևը ջախջախիչ քննադատության արժանացավ Բաքվում: Այս հողի վրա Բաքվի հակաեվրոպական հռետորաբանությունը պարզ է, որ նպաստավոր չէ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար: Իսկ այդ գործընթացը մտնում է շատ պատասխանատու և բարդ փուլ, որովհետև վերաբերվելու է սահմանագծմանն ու սահմանազատմանը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6600

Մեկնաբանություններ