«Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելեց «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, արգելքի պատճառը հանքային ջրի նմուշներում «հիդրոկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների քանակի գերազանցում է, ինչը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար»: Մի խոսքով, Ռուսաստանի գլխավոր փորձագիտական հիմնարկը գտել է, որ «Ջերմուկ»-ը մարդու կյանքի համար վտանգ է ներկայացնում:
Դրա մասին «Ջերմուկ»-ի սեփականատերերը գիտեն, չէ՞:
Դրա մասին ՀՀ կառավարությունը գիտի, չէ՞:
Եվ որևէ մեկը ոչ մի հերքում չի տարածում, իրավական գործընթաց ՌԴ-ի դեմ չի ձեռնարկում: Բոլորը շատ հանգիստ են: Իբր ոչինչ չի եղել: Հայաստանի խանութներում շարունակվում է «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Մենք շարունակում ենք խմել այդ ջուրը:
Ի՞նչ է ստացվում: Կամ ՀՀ իշխանությունը ռուսներին է «գժի տեղ դրել», կամ` մեզ: Եթե սրանք ռուսներին են «գժի տեղ դրել», ապա պարտավոր են մեզ դրա մասին տեղյակ պահել: Դե, որ ռուսները «գժականով են» «Ջերմուկ»-ն արգելել: Պարտավոր են, քանզի խոսքը «Ջերմուկ» սպառող ՀՀ քաղաքացիների կյանքի մասին է: Իսկ, եթե մեզ են «գժի տեղ դնում», ապա դա հանցագործություն է, որը համեմատելի է ցեղասպանության հետ: Փաստորեն, մենք խմում ենք հանքային ջուր, որում «հիդրոկարբոնատ-իոնների, քլորիդների և սուլֆատների քանակի գերազանցում է, ինչը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար»: Բա ցեղասպանությունը հո պոզով և պոչով չէ՞: Եվ մենք մեր նկատմամբ իրագործվող ենթադրյալ հանցագործության մասին տեղեկանում ենք ոչ թե ՀՀ կառավարությունից, այլ ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ից:
Սա լրջագույն խնդիր է: Կամ մեր նկատմամբ իրականացվում է «հիբրիդային պատերազմ», կամ` ցեղասպանություն: ՀՀ կառավարությունը բազմաբովանդակ լռում է:
Կարեն Հեքիմյան