Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               

ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն

ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն
18.04.2026 | 10:30

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգ մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ժամանակ, «RT на русском»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանին, եթե գործարքը չկայանա մինչև հրադադարի ռեժիմի ժամկետի ավարտը:

«Ես կասեի, որ եթե գործարք չլինի, մարտերը կվերսկսվեն»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերել ТАСС-ը:

Թրամփը նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին:

Չինաստանը Հորմուզի նեղուցի, ավելի ճիշտ, նեղուցով դեպի իրանական նավահանգիստներ և Իրանից դեպի այլ երկրներ բեռնանավերի ընթացքի ամերիկյան շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու։ Ավելին. հայտարարելով, որ Իրանի հետ ունի առևտրի փոխադարձ համաձայնագրեր, որոնց մասին տեղյակ է ԱՄՆ-ը, խստորեն զգուշացրել է իր նավերին մոտ չգալ, չխոչընդոտել նրանց ընթացքը: Ըստ ֆրանսիական մի աղբյուրի, խիստ հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

ԱՄՆ-ի սպառնալիքները

Թրամփը սպառնացել է, որ եթե իրանական նավերը մոտենան նեղուցի շրջափակումն իրականացնող նավերին, անմիջապես կոչնչացվեն: ԱՄՆ-ի նախագահը նախազգուշացնող հայտարարության մեջ պնդել է, թե «իրանական նավատորմը լիովին ոչնչացված է ու գտնվում է ծովի հատակում», ամերիկյան ուժերը «ոչնչացրել են 158 իրանական նավ», ԱՄՆ-ը չի «թիրախավորել իրանական արագընթաց հարձակողական նավերը (խոսքը մեծ մոտորանավակների մասին է.- Ա. Հ.), քանի որ դրանք լուրջ սպառնալիք չենք համարվել»։

«Մենք կօգտագործենք նույն մահացու մեթոդն իրանական նավերի դեմ, որն օգտագործում ենք թմրամիջոցների կարտելների նավակների դեմ, եթե նրանք մոտենան ծովային շրջափակմանը»,- զգուշացրել է Թրամփը:

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի նավահանգիստների և առափնյա գծի շրջափակման շրջանակներում բաց ծովում որսալ իրանական նավերը, ներառյալ՝ հեղուկատարները (տանկերները). այս մասին երեկ, РБК-իփոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։

«Այս շրջափակումը տարածվում է բոլոր նավերի վրա՝ անկախ ազգային պատկանելությունից, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ այնտեղից,- հայտարարել է Քեյնը։- ԱՄՆ-ի գործողությունները ներկայացնում են իրանական նավահանգիստների և առափնյա գծի շրջափակումը, այլ ոչ թե Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այն գործելու է Իրանի տարածքային ջրերում ու միջազգային ջրերում»:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի ուժերը հետապնդելու են իրանական դրոշով ցանկացած նավ և ցանկացած նավ, որը փորձում է նյութական աջակցություն ցուցաբերել Թեհրանին:

«Դա ներառում է իրանական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» նավերը»,- նշել է Քեյնը։

Իրանի սպառնալիքները

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, РБК-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի արձակման կայանքները պատրաստ են խոցել ամերիկյան ռազմանավերն ու խորտակել դրանք բոլորը: Նրա խոսքերը հաղորդել է իրանական կառավարական «Press.tv» հեռուստաալիքը:

«Ճնշումը պետք է ուժեղանա,- ասել է նա:- Մեր արձակիչները թիրախավորում են ռազմանավերը, և մենք կխորտակենք բոլորին»,- ասել է նա:

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման մասին, նա հայտարարել է, որ այդ ծրագիրը միանշանակ կձախողվի:

«Ինչպես ԱՄՆ-ի պատմական պարտությունը Հորմուզի նեղուցը բացելու փորձի ժամանակ, այնպես էլ նրանց վիճակված է անհաջողության մատնվել ռազմածովային շրջափակման մեջ»,- ընդգծել է Ռեզային:

ԻՀՊԿ-ի նախկին հրամանատարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը երբեք թույլ չեն տա ԱՄՆ-ին հաջողության հասնել իր ռազմածովային շրջափակումը շարունակելու հարցում և դիմակայության համար ունեն «զգալի չօգտագործված լծակներ»:

Մոհսեն Ռեզայից բացի, ինչպես տեղեկանում ենք քաղաքագետ Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից, հայտարարությամբ է հանդես եկել նաև հենց ԻՀՊԿ-ը՝ հավաստելով, որ եթե ագրեսոր և ահաբեկիչ Ամերիկան ցանկանա շարունակել տարածաշրջանում իր ծովային շրջափակման անօրինական գործողությունները և անապահովություն ստեղծել իրանական առևտրային նավերի և նավթատարների համար, Միացյալ Նահանգների այս գործողությունը կդիտարկվի որպես հրադադարի խախտման նախերգանք, և Իրանի հզոր զինված ուժերը թույլ չեն տա, որ Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում շարունակվեն որևէ արտահանում և ներմուծում: Իրանը կգործի ուժով՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու շահերը:

ԻՀՊԿ-ի այս զգուշացումը նշանակում է, որ հրադադարի ժամկետի (ապրիլի 21) լրանալուց հետո, եթե մինչ այդ հակամարտ կողմերը միմյանց հետ համաձայնության չգան պատերազմը դադարեցնելու և խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, Իրանն ամերիկյան շարունակվող շրջափակումը համարելով հրադադարի խախտման նախերգանք, Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածելու է բոլոր այն նավերին (բացառությամբ բարեկամ երկրների նավերի), որոնք կփորձեն տարածաշրջանի երկրներից բեռների (նավթ, նավթամթերքներ, հեղուկ գազ՝ LNG, պարարտանյութեր, մեթանոլ և այլն) արտահանում և այդ երկրներ բեռների ներմուծում իրականացնել:

Դժվար չէ կանխատեսել, որ ԱՄՆ-ը և Իսրայելն էլ Իրանի վերոնշյալ քայլը կհամարեն նրա կողմից հրադադարի խախտման սկիզբ, կվերսկսեն Իսլամական Հանրապետության դեմ իրենց հարվածները, ինչին Իրանը կպատասխանի միգուցե ավելի հուժկու կերպով, քան մինչև հրադադարը: Այնպես որ, առջևում մեծ պատերազմն է, եթե հակամարտ կողմերի միջև համաձայնություն չկայանա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/reel/1514072800294304/?s=single_unit

Դիտվել է՝ 488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ