ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Իկիգայ» կամ «Ապրելու իմաստը»

«Իկիգայ» կամ «Ապրելու իմաստը»
26.08.2026 | 12:48

Ճապոնացիների մասին հաճախ ասում են, որ նրանք այլ մոլորակայիններ են՝ իրենց արվեստով, մեղմ, զուսպ վարվեցողությամբ, հավասարակշռությամբ, առանց ավելորդ բռնկումի պահվածքով։
Ես ծանոթ եմ Հարուկի Մուրակամիի և գրականության Նոբելյան մրցանակակիր Յասունարի Կավաբատայի ստեղծագործություններին;
Երբ 1989 թ․ այցելեցի հեռավոր Սախալին, որտեղ ապրում է հորեղբորս նշանավոր բռնցքամարտիկ որդին՝ Սամվելը, ով հետագայում դարձավ Սախալինի պատվավոր քաղաքացի, մեծ ցանկություն ունեի մեկնել Կուրիլյան կղզիներ։ Մտածում էի ճապոնացիների կհանդիպեմ, և նրանց սովորույթներին կծանոթանամ շատ կղզիներում։ Բայց դեկտեմբերին Խաղաղ օվկիանոսը այլևս անվան տերը չէր, իսկ Օխոտյան ծովը, որի վրա էին գտնվում կղզիները, շատ անհանգիստ էր։ Հարկադրված հրաժարվեցի իմ մտադրությունից, որովհետև աշխատում էի, իսկ արձակուրդս չորս շաբաթ էր, եթե մեկնեի՝ եղանակի պատճառով, վերադարձս կձգձգվեր մի քանի ամիս։
Իրոք, ուրիշ են ճապոնացիները․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, հիացած հետևում էի ճապոնացի ֆուտբոլասերներին, որոնք խաղերից հետո, պոլիէթելային պարկերը ձեռքերին՝ առանց ձևականության, մասսայաբար մաքրում էին մարզադաշտերի իրենց հատվածների թափոնը։ Ահա թե ինչ վերաբերմունք ունեն նրանք շրջապատի, բնության, մարդու աշխատանքի հանդեպ։ ՖԲ-յան լրահոսում հանդիպեցի, որ Ճապոնիայում դպրոցի մաքրությունը կրթության մաս է կազմում։ Շատ դպրոցներում աշակերտներն ամեն օր մասնակցում են մաքրության համար հատկացված ժամերին։ Սովորողները և ուսուցիչները միասին սրբում են հատակը, մաքրում դասասենյակները, կարգի բերում միջանցքներն ու աստիճանները։ Նման սովորությունը մանկուց սովորեցնում է պատասխանատվություն, ինքնուրույնություն, հարգանք ընդհանուր ունեցվածքի նկատմամբ և թիմային աշխատանք։
«Փոքրիկ Իշխան»-ում լավ է ասում․
- Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը;
Հենց այդպես է մտածում ճապոնացին, որի համար մեծ ու փոքր, լավ և վատ գործեր չկան, բոլոր գործերը պատվավոր են։ Իրենք հրաշալի են պահում ընտանեկան ավանդույթը, դարեր շարունակ սերունդներին փոխանցում այդ մեկ գործի գաղտնիքները և սիրով են անում դա։
Մտորում եմ, ինչ լավ կլիներ մեր մոլորակի վիճակը, եթե բոլորը օրինակ վերցնեին ճապոնացիներից։
Ահա նման մտքերով ձեռքս վերցրեցի Քեն Մոգիի «Իկիգայ» գիրքը։
Քեն Մոգին նյարդաբան և հեղինակ է: Նա բնական գիտություններ և իրավունք է սովորել Տոկիոյում և Քեմբրիջում, դասավանդում է համալսարաններում և հրատարակում է ճանաչողության և ուղեղի հետազոտության վերաբերյալ գրքեր, ինչպես նաև բազմաթիվ վեպեր, էսսեների ժողովածուներ և գիտական հանրամատչելի գրքեր, որոնք պարբերաբար հայտնվում են բեսթսելլերների ցանկում:
Ձեռքիս է գերմանական ԴուՄոնտ հրատարակչական տան «Իկիգայ» գրքի 2025 թ․ 21-րդ վերահրատարակությունը, որը երկար ժամանակ եղել է «Շպիգել»-ի բեսթելերների շարքում, անգլերենից թարգմանել է Սոֆիա Բլինդը։
Ճապոներեն «Իկիգայ» եզրույթը նշանակում է «ապրելու կամ կյանքի իմաստ», այսինքն՝ «այն է, ինչը կյանքը դարձնում է ապրելու արժանի»։ Անկախ նրանից, թե դա Սեմբիկիայի պտղաբույծներն են, կերամիկագործ Սոկիչի Նագաեն, թե 92-ամյա Ջիրո Օնոն՝ ամենատարեց 3 աստղով խոհարարը, բոլորը գտել են իրենց իկիգային և, հետևաբար, կյանքի իմաստն ու ուրախությունը։ Հեղինակը գրքի առաջին գլխում պատմում է, երբ 2014 թ․ ԱՄՆ-ի պրեզիդենտ Բարաք Օբաման այցելում է Տոկիո, կայսերը որոշում է նրան պատվել որևէ ռեստորանում։ Ընտրությունը կանգ է առնում «Սուկիյաբաշի Ջիրո» սուշիի աշխարհահռչակ ավանդական ռեստորոնի վրա, որի տերը երեք աստղակիր վարպետ խոհարար, շուրջ 100-ամյա Ջիրո Օնօն է։ Նա իր ողջ կյանքը զբաղվել է սուշի պատրաստելով։ Վերջում Օբաման մեծ գոհունակություն է հայտնում, որ իր կերած ամենահամեղ սուշին էր։ Ահա այս հաճոյախոսությունը Ջիրո Օնօյի իկիգայն է։ Ճապոնացին սիրում է աշխատել, նույնիսկ, եթե այդ աշխատանքը իրեն իկիգայի չի հասցնում, դա իր պարտականությունն է, սիրով է անում։ Աշխատանքից դուրս ունի հոբբիներ, որոնցով գտնում է իր իկիգային։
Օգտագործելով այս և այլ ոգեշնչող կյանքի պատմությունները և հիմնվելով գիտական հայտնագործությունների վրա, հեղինակը բացատրում է ճապոնական փիլիսոփայությունը, որն օգնում է կյանքում գտնել ինքնակատարելագործում, բավարարվածություն և ուշադրության կենտրոնացում։ Նա նաև խորը պատկերացում է տալիս ճապոնական մշակույթի մասին, որտեղ իկիգայի ըմբռնումը ամենուրեք է։ Փաստորեն վերը հիշատակված դպրոցականները և ֆուտբոլասերները այդկերպ գտել են իրենց իկիգային։
Լինի դա իրենց կարիերայում, ընկերների և ընտանիքի հետ հարաբերություններում, թե իրենց մանրակրկիտ մշակված հոբբիներում Ճապոնացիները ձգտում են գտնել իրենց իկիգային։ Կարևորագույնը, մարդ նվիրվածությամբ է հետապնդում իր նպատակը և անում է այն, ինչ անում է ինքնին։
Իկիգայի հինգ սյուները՝ ըստ Քեն Մոգիի․
1. Սկսեք փոքրից։
2. Սովորեք բաց թողնել։
3. Ապրեք ներդաշնակության և կայունության մեջ։
4. Բացահայտեք ուրախությունը փոքր բաներում։
5. Լինել այստեղ և հիմա։
Քեն Մոգին նկարագրում է իրական Իկիգայն այնքան պատկերավոր, որ ճապոնական շատ սովորույթներ և առանձնահատկություններ դառնում են հասկանալի, և դրանց իրական իմաստը ըմբռնվում է։
Այս գրքից շատ բան սովորեցի ճապոնական սոցիոլոգիայի և հոգեբանության մասին․․․
Թող որ յուրաքանչյուր մարդ ունենա իր իկիգայը: Հարկավոր է ականջալուր լինել ներքին ձայնին և հարցնել հոգուն՝ ո՞րն է իր իկիգայը: Ի՞նչն է ուրախացնում և ո՞րն է կյանքի քաղցրությունը
Այն հարցը, թե հանուն ինչի եմ ապրում, իմ պարգայում․ թեև հազիվ եմ դեռ հենակներով քայլում։
Այս հենակներից ազատվելու, կիսատները ավարտելու, ամուսնուս արխիվը Հայաստան փոխադրելու, նրա անտիպ գիրքը հրատարակելու, Հայաստան վերջնական վերադառնալու, եղբորս հեռաձայնելու, վերջապես արևածագը դիմավորոլու, ծառ ու ծաղիկ վայելելու, ահ թե ինչի եմ ապրում․․․
Իկիգայն այն է, հանուն որի մարդ ապրում է, ինչի համար առավոտյան արժե արթնանալ և ապրել մինչև երեկո․․․
Ինչպես վերը նշեցի, ճապոնացիներն հայտնի են իրենց հավասարակշռությամբ, արվեստով և այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են կինցուգին (ճապոնական արվեստի տեսակ), վաբի-սաբին (ճապոնական գեղագիտական հասկացություն՝գեղեցկության ընկալման հասկացություն և արդեն ծանոթ իկիգաjը՝ ապրելու իմաստը, որոնց հիմքում ընկած է ճապոնական առօրյա կյանքում խոր արմատներ գցած սկզբունքը՝ կյանքի ամբողջական փիլիսոփայությունը՝ նագոմին:
Հուսամ, ձեր մեջ կրակ գցեցի, իսկ ես սկսեմ կարդալ նույն հեղինակի «ՆԱԳՈՄԻ» գիրքը, որտեղ Քեն Մոգին ուսումնասիրում է ճապոնական ներդաշնակության և ուրախության ուղին: Նա հստակ ցույց է տալիս, թե ինչպես ինտեգրել նագոմին առօրյա կյանքում՝ ավելի քիչ սթրեսային, ավելի հանգիստ և ավելի դիմացկուն դառնալու համար, այդպիսով ես էլ, դուք էլ մեր կյանքին կարող ենք տալ դրական շրջադարձ:

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

25․08․2026
Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ