ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Պետական առանձնատունը՝ թանկարժեք շղթա, որը պետք է կոտրել

Պետական առանձնատունը՝ թանկարժեք շղթա, որը պետք է կոտրել
01.08.2026 | 13:17

(տեսնո՞ւմ եք՝ ֆերմայում աճեցված ձուկ չի ուտում)

Արդեն տարիներ է՝ Հայաստանի բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում վարչապետի աշխատակազմի, այդ թվում՝ նրա նստավայրի պահպանման վրա։ 2025–2026 թթ. բյուջետային պլաններով այդ ծախսը կազմում է շուրջ 24-25,8 մլրդ դրամ (մոտ 63–67 մլն ԱՄՆ դոլար)՝ չհաշված առանձին հոդվածներով ֆինանսավորվող անվտանգությունն ու կոմունալ ծախսերը։

Խնդիրը, սակայն, ոչ միայն թվերի, այլև սկզբունքի մեջ է։ Արդյո՞ք փոքր «ժողովրդավարական» երկրում, որտեղ բնակչության զգալի մասը շարունակում է ապրել աղքատության շեմին, պետք է գոյություն ունենա պաշտոնատար անձանց «առանձնաշնորհյալ» կեցության այն համակարգը, որը ժառանգել ենք խորհրդային անցյալից։

Այն ժամանակ նոմենկլատուրան ապրում էր առանձնատներում, իսկ ժողովուրդը՝ «կոմունալ» բնակարաններում։ Անկախությունից հետո մենք փոխեցինք դրոշը, Սահմանադրությունը, բայց չփոխեցինք վատ սովորույթը՝ վերևից «իշխանությանը» հատուկ, արտոնյալ պայմաններ ապահովելը։

Թեև զարգացած ժողովրդավարություններից շատերում պաշտոնական նստավայրեր կան, սակայն պաշտոնյայի պարտադիր բնակեցումն այնտեղ հազվադեպություն է (այն էլ՝ հիմնականում նախկին կայսրություններում)։ Իսկ ամենօրյա կենցաղային ծախսերը (ջուր, լույս, գազ, սնունդ) պաշտոնյան հոգում է իր գրպանից, այլ ոչ թե հարկատուների դրամապանակից։

Հայաստանում, ընդհակառակը, ամեն ինչ «փակված» է պետական բյուջեում, և մենք չգիտենք, թե կոնկրետ որքան է արժենում միայն վարչապետի ընտանիքի ամենօրյա սպասարկումը կամ «հատուկ աճեցված ձուկ չուտելը», քանի որ այդ թվերն առանձին չեն հրապարակվում։

Միջազգային փորձը

Ֆրանսիայի պես գերպետությունը տարիներ առաջ կրճատեց վարչապետական Մատինյոնի պալատի անձնակազմի թիվը՝ բյուջետային միջոցները խնայելու նպատակով։

Ավստրալիայում խորհրդարանական հանձնաժողովը պարբերաբար վերանայում է պաշտոնական նստավայրերի արդյունավետությունը։

Իռլանդիայում և եվրոպական պետությունների մեծ մասում վարչապետն ընդհանրապես չունի առանձնատուն. նա ապրում է իր սեփական բնակարանում, և պետությունը միայն փոխհատուցում է որոշակի ներկայացուցչական ծախսեր։

Ինչո՞ւ Հայաստանում չենք կարող հետևել այս օրինակին՝ թողնելով միայն մեկ կամ երկու հյուրատուն՝ պաշտոնական ընդունելությունների և արտասահմանյան պատվիրակությունների համար, իսկ վարչապետին, նախարարներին ու պատգամավորներին թողնելով ապրել իրենց իսկ տներում կամ բնակարաններում։

«Ոսկե վանդակի» հոգեբանությունը

Իրականում պետական առանձնատունը՝ իր աշխատակազմով, պահակախմբով ու շքեղություններով, դառնում է «ոսկե վանդակ», որը պաշտոնյան կապում է իշխանությանը։ Սա ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու քաղաքական լուրջ ախտ է։

Մարդը, ով սովորել է ապրել լրիվ պետական հովանու ներքո, որտեղ ամեն ինչ (ընդհուպ մինչև կենցաղային մանրուքները) հոգում են ուրիշները, այլևս չի ցանկանա հրաժարվել այդ ամենից։ Այդպիսով նա ինքնաբերաբար ավելի ամուր է կառչում աթոռից, քան եթե ապրեր իր սեփական բնակարանում և ամեն առավոտ շփվեր նույն հարևանների, նույն փողոցների ու հասարակական խնդիրների հետ։

Սա իշխանության քայքայիչ գործոններից մեկն է. երբ պետական պաշտոնը դառնում է անձնական արտոնություն, այլ ոչ թե ծառայություն, ժողովրդավարությունը պարզապես ոչնչանում է:

Մեր պահանջը

Մենք չենք ասում, թե պետք չէ հոգալ պետության ղեկավարի անվտանգությունը կամ արժանապատիվ աշխատանքային պայմանները։ Բայց դա չի նշանակում, որ նրա ամբողջ ընտանիքը պետք է ապրի հարկատուների հաշվին, իսկ ծախսերը թաքցվեն բյուջետային բարդ հոդվածների ետևում։

Մենք պահանջում ենք ամբողջական թափանցիկություն. առանձին հրապարակում այն մասին, թե ինչ արժե վարչապետի նստավայրի շահագործումը, կոմունալ ծառայությունները, պահպանությունը, սնունդը, հագուստը և այլ անձնական կարիքները, որոնք այսօր ծածկվում են «գրասենյակային ծախսեր» անորոշ հասկացությամբ։

Ժամանակն է պահանջելու՝ թող վարչապետն ու բոլոր գլխավոր պաշտոնյաներն ապրեն իրենց սեփական հարկի տակ՝ ստանալով միայն օրենքով նախատեսված աշխատավարձ և գործուղումների փոխհատուցում։ Իսկ պետական առանձնատները կարող են վաճառվել կամ վերածվել մանկապարտեզների, դպրոցների, սոցիալական ու մշակութային կենտրոնների։

Հայաստանն արժանի է, որ իր ղեկավարներն ապրեն նույն միջավայրում, ինչ իրենց քաղաքացիները, որպեսզի լսեն և հասկանան ժողովրդի իրական կարիքները։ Սա ոչ թե պոպուլիզմ է, այլ պարզ արդարության պահանջ։

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ։

Տեղեկանք (P.S.)

Վարչապետի աշխատակազմի տարեկան ծախսերի աճի դինամիկան.

• 2018 թ.՝ 3,7 մլրդ դրամ (~$30 մլն)

• 2021 թ.՝ 23,9 մլրդ դրամ

• 2022 թ.՝ 20,8 մլրդ դրամ

• 2024 թ.՝ 21,6 մլրդ դրամ

• 2026 թ. (պլան)՝ 25,8 մլրդ դրամ (~$67 մլն)

Եթե դիտարկենք ամբողջ կառավարության աշխատակազմի պահպանումը (2019–2026 թթ.), ապա այն կազմում է շուրջ 590 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի 14 մլրդ դոլար պետական պարտքի ֆոնին՝ միայն աշխատակազմի պահպանման վրա ծախսվել է ավելի քան 590 մլն դոլար։ Սերժ Սարգսյանի օրոք այս ծախսերը կազմում էին տարեկան ~7,7 մլն դոլար, իսկ այսօր դրանք հասցվել են 67 մլն դոլարի։

Մեր պահանջն է.

1․ Կրճատել աշխատակազմի ծախսերը՝ հասցնելով դրանք մինչ 2018 թվականի ծավալներին։

2․ Ազատել պետական առանձնատունը (դաչան), իսկ տարածքը հանձնել քաղաքին՝ թանգարանների և քաղաքային զբոսայգու համար։

Արտաշես ԻԿՈՆՈՄՈՎ

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ