Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Անկախությունը ծնողի պես է․ նրան չեն ընտրում, նրան սիրում են ու պաշտպանում սեփական կյանքի գնով

Անկախությունը ծնողի պես է․ նրան չեն ընտրում, նրան սիրում են ու պաշտպանում սեփական կյանքի գնով
21.09.2026 | 13:04

Անկախությունից հրաժարվել՝ նշանակում է ուրանալ սեփական արմատները։

Սեպտեմբերի 21-ը մեր պետականության ամենանվիրական օրն է, բայց այսօր Անկախության օրը դիմավորում ենք ոչ թե ցնծությամբ, այլ խորը մտահոգությամբ և ազգային վերագնահատման հրամայականով։

Անհնար է խոսել Հայաստանի անկախության մասին և լռել Արցախի մասին։ Արցախյան Ազատագրական Պայքարն այն հզոր հիմնասյունն էր, որն արյուն ու կենդանություն տվեց 1991-ի մեր «Այո»-ին։ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու «փակված էջ»։ Նրանք, ովքեր «հարմարավետության» կեղծ օրակարգերով փորձում են հայկական դեղձի վաճառքով փոխարինել հազարավոր նահատակների արյունն ու Սրբազան Հայրենիքը, պարզապես կապիտուլյացիայի են ենթարկում հայոց պետական միտքը։

Այսօր, իբրև թե «խաղաղության պայմանագրի» կնքման պատրվակով, ադրբեջանը հստակ ու բացասական դիրքորոշում է որդեգրել մեր պետականության հիմնաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ, թշնամին ուղղակիորեն պահանջում է ջնջել այն իրավաքաղաքական հիմքը, որտեղ խոսվում է հայության միասնականության, Արցախի և մեր համազգային իղձերի մասին։ Սա խաղաղության օրակարգ չէ, սա մեր Անկախության հիմքերը քանդելու և Հայաստանի պետականությունը կազմաքանդելու ուղղակի փորձ է։

Խաղաղության պատրվակով մեզ պարտադրվող «թուրանական ուղին» և հաղորդակցության ուղիների միակողմանի, զիջողական բացումը պանթուրքիզմի պատմական ծրագրի սպասարկումն է։ Երբ թշնամին բացահայտ հայտարարում է, որ Արցախի անկումը ողջ թուրքական աշխարհի միասնական հաղթանակն էր, մենք իրավունք չունենք մնալու կույր ու անտարբեր։ Ծնկաչոք մուրացողի կարգավիճակով իրական խաղաղություն չեն կերտում։

Ո՞րն է մեր լուծումը գլոբալ այս փոթորկում.

Իրական ու արժանապատիվ խաղաղությունը ծնվում է միայն ուժով, ազգային արժեքների շուրջ համախմբմամբ և սեփական արմատներին տեր կանգնելով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները ոտքի կանգնելու, մեզ անհրաժեշտ է միայն նոր, հեռատես ռազմավարական միտք.

Անվտանգության համակարգի հիմնարար վերականգնում՝ հենված սեփական ռազմարդյունաբերության, մարտունակ բանակի և արժանապատիվ դաշնակցային հարաբերությունների վրա։

Ազգային ներուժի կոնսոլիդացիա՝ մերժելով պառակտումն ու հանձնվողականության քարոզը։

Սկզբունքային ու հաստատակամ դիվանագիտություն՝ որտեղ Հայաստանը հանդես կգա ոչ թե որպես աշխարհաքաղաքական մանրադրամ կամ սոսկ առևտրային գործընկեր, այլ որպես տարածաշրջանում սեփական կենսական շահերն ու կարմիր գծերը պաշտպանող սուվերեն գործոն։

Անկախությունը հարմարավետություն չէ, այն պատասխանատվություն է ու անդադար պայքար։ Մենք թույլ չենք տալու ազգային մտքի բարոյական անկումը։ Մեր լույսն ու հույսը մեր անկոտրում կամքի և ազգային ներուժի մեջ է։

Կեցցե՛ ազատ, անկախ ու արժանապատիվ Հայաստանի Հանրապետությունը։

Խոնարհում և պատիվ մեր նահատակներին, հավատարի՛մ մնանք նրանց պատգամին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ