«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Մոռացանք, որ հողը սիրում է ոչ թե նրան, ով իրեն գովում է, այլ նրան, ով իրեն պահում է

Մոռացանք, որ հողը սիրում է ոչ թե նրան, ով իրեն գովում է, այլ նրան, ով իրեն պահում է
08.05.2026 | 12:38

Իննսուներկուսի մայիսն էր։ Ասում էինք՝ «Հարսանիք լեռներում», որովհետև այդ օրը մահվան հետ պարի էինք ելել։ Տղերքը գիտեին՝ կա՛մ հաղթում ենք, կա՛մ մեզնից հետո այս հողի վրա հայերեն միայն քարերն են լռելու։ Մենք հաղթեցինք, որովհետև տերն էինք ու խենթը։ Դա «Հարսանիք» չէր. դա Վրեժի պսակադրություն էր: Դա հարսանիք չէր՝ շարքային ու ուտուշ-խմուշի, դա մեր ողնաշարի վերջին հոդի շրխկոցն էր իր տեղում։

Բայց քսանութ տարի մենք այդ հաղթանակը մաշեցրինք, դարձրինք «սեփականաշնորհված» իր, «բիզնես-պլան» ու «կենացի ձևակերպում», հարմարվեցինք ու թուլացանք։ Մենք մոռացանք, որ հողը սիրում է ոչ թե նրան, ով իրեն գովում է, այլ նրան, ով իրեն պահում է։ Մենք այդ հարսանիքի «քեֆի» մեջ մնացինք, հարբեցինք սեփական լեգենդով ու քնեցինք: Մենք հարբեցինք սեփական հաղթանակից՝ ինչպես էժանագին գինուց, ու չնկատեցինք, թե ինչպես է հարսի սպիտակ քողը կամաց-կամաց վերածվում պատանքի։

Ու քսան թվին... Մայիսյան թասը ճաքեց նոյեմբերյան ցրտից։ Ու նույն լեռներում հարսանիքը դարձավ թաղման արարողություն՝ հավատի, հողի ու հպարտության։ Այնտեղ, որտեղ հնչում էր «Ղազանչեցոցի» զանգը որպես օրհնություն, հիմա հնչում է լռությունը՝ որպես դատավճիռ։ Աստված չարեց թաղումը. մենք արեցինք։ Մենք հարսին դավաճանեցինք, որ փրկենք մեր հարմարավետությունը։ Հարսանիքը վերջացավ: Սկսվեց Հոգեհանգիստը։ Շուշին մնաց բարձրում՝ Տղերքի կողքին, որպես սառած արցունք․․․Մենք հարսանիքից վերադարձանք սևազգեստ։ Մենք թաղեցինք մեր ողնաշարը ու հիմա զարմանում ենք, թե ինչու ենք սողում․․․

Լեռները չեն դավաճանում, դավաճանում են նրանք, ովքեր մոռանում են, որ բարձունքը նվաճելը հերոսություն է, իսկ այն պահելը՝ սրբություն։

Շուշաննա Հայասա

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ