Թեհրանը անցնում է նոր՝ առավել կոշտ մարտավարության։ Հայտարարվում է, որ տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը կարող է ներառվել պատասխան գործողությունների շրջանակում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը․
- Chevron` Իրաքում իրականացվող լայնածավալ արդյունահանման և ներդրումային ծրագրերով,
- ExxonMobil` Պարսից ծոցի մի շարք խոշոր նախագծերում բաժնեմասնակցությամբ,
- KBR և SLB` Քուվեյթում կրիտիկական ենթակառուցվածքների սպասարկմամբ,
-Jafurah գազային հսկայական հանքավայրը, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական առաջնահերթություններից է, և որի նկատմամբ հարվածը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծանր հետևանքներ։
Սպառնալիքների իրագործումը կնշանակի ամերիկյան կորպորատիվ հատվածի համար բազմամիլիարդ կորուստներ։ Սակայն ավելի խորքային է ռազմավարական հարթությունը․ կխաթարվի ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի իմիջը։ Բացի այդ, հնարավոր վնասներ կրած արաբական պետությունները, ըստ ռազմավարական սցենարի, ստիպված կլինեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա` պահանջելով դադարեցնել կոնֆլիկտը։
Այս համատեքստում ամերիկյան բիզնեսին ուղղված սպառնալիքը Իրանի համար վերածվում է ոչ միայն պատժիչ մեխանիզմի, այլև զսպման գործիքի՝ ուղղված ուժային հավասարակշռության վերաձևավորմանը տարածաշրջանում։
Վահե Դավթյան
Քաղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր