ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Տասնամյակներով անտեսված ազգային կրթության ու հանրային գիտակցության ճգնաժամի հետևանքը

Տասնամյակներով անտեսված ազգային կրթության ու հանրային գիտակցության ճգնաժամի հետևանքը
21.08.2026 | 17:16

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ղարաբաղի հարցով իր ընդունած «շատ ծանր որոշումների» շնորհիվ Հայաստանը դուրս է եկել «չլինելիության թակարդից»։

Սա պարզապես վիճահարույց քաղաքական գնահատական չէ։ Սա մեգամանիպուլյացիա է, որով Արցախի կորուստը, անվտանգային համակարգի փլուզումը և ավելի քան հարյուր հազար արցախահայերի բռնի տեղահանումը ներկայացվում են ոչ թե որպես իշխանության ձախողումների հետևանք, այլ որպես Հայաստանը փրկելու համար գիտակցաբար վճարված գին։

Մանիպուլյացիայի կառուցվածքը շատ պարզ է։ Եթե Փաշինյանի ընդունած որոշումների շնորհիվ է Հայաստանը շարունակում գոյություն ունենալ, ապա այդ որոշումների քննադատությունը կարելի է ներկայացնել որպես Հայաստանի գոյությանը դեմ դիրքորոշում։ Այս կերպ նա փորձում է ոչ միայն արդարացնել Արցախի հարցում կատարվածը, այլև իրեն վերագրել Հայաստանի գոյության միակ երաշխավորի կարգավիճակ։

Իսկ որտե՞ղ է ապացույցը, որ նրա որոշումների միակ այլընտրանքը Հայաստանի չլինելն էր։ Ի՞նչ փաստաթղթով, ռազմական հաշվարկով կամ դիվանագիտական գնահատմամբ է հիմնավորվում այդ պնդումը։ Ի՞նչ այլընտրանքներ են քննարկվել, ո՞ր հնարավորություններն են օգտագործվել կամ բաց թողնվել։ Այդ հարցերի պատասխանները չկան։

Կա միայն հետադարձ ուժով կառուցված մի պարզունակ բանաձև՝ եթե ես այս ամենը չանեի, Հայաստանը չէր լինի։ Սա փաստարկ չէ, այլ ստուգման չենթարկվող հակափաստական վարկած, որով իշխանությունը փորձում է իր պատասխանատվությունը վերածել պատմական առաքելության։

Բայց ինչո՞ւ է Փաշինյանին հաջողվում այսպիսի մեգամանիպուլյացիա իրականացնել։

Պատասխանը վերջին ընտրությունների արդյունքներում է։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է շուրջ 727 հազար ձայն։ Եթե այդ թվից անգամ առանձնացնենք վարչական կախվածության, պետական համակարգի ճնշման, սոցիալական խոցելիության, ընտրական և այլ տեխնոլոգիաների ազդեցությամբ ձևավորված քվեները, ապա, քաղաքական գնահատմամբ, մնում է շուրջ 580–600 հազար ընտրող, որն այս կամ այն շարժառիթով պատրաստ է ընդունել Փաշինյանի առաջարկած պատմությունը։

Փաշինյանի գլխավոր քաղաքական հաջողությունն այն է, որ նա կարողացել է ազգային պարտությունները վերաշարադրել որպես փրկություն, իսկ հասարակության վախերը դարձնել սեփական իշխանության պահպանման գործիք։ Նա ընտրողին առաջարկում է կեղծ երկընտրանք՝ կամ ես և խաղաղությունը, կամ ընդդիմությունն ու պատերազմը։ Կամ իմ որոշումները, կամ Հայաստանի վերացումը։ Կամ հրաժարում Արցախից, պատմական հիշողությունից և ազգային պահանջներից, կամ պետականության կորուստ։

Եվ այստեղ է մեր քաղաքական կյանքի գլխավոր պարադոքսը։

Փաշինյանի և նրա քաղաքական ուժի խարդավանքներն ու ապազգային գործունեությունը բացահայտելու ընդդիմադիր դաշտի ջանքերը շարունակաբար անհրաժեշտ արդյունք չեն տալիս։ Իշխանության ձախողումներն ակնհայտ են, դրանց հետևանքները՝ չափելի, սակայն ընդդիմությունը չի կարողանում դրանք վերածել հասարակության մեծամասնության համար հասկանալի, ամբողջական և ապագային միտված քաղաքական խոսույթի։

Քանի դեռ իշխանությունը մենաշնորհել է «խաղաղության» և «պետության փրկության» բառապաշարը, իսկ ընդդիմությունը հիմնականում սահմանափակվում է իշխանության հերթական հայտարարությանը արձագանքելով, Փաշինյանը շարունակելու է նույնիսկ իր ամենածանր ձախողումները վաճառել որպես պատմական ձեռքբերում։

Հետևաբար, ողբերգությունը միայն այն չէ, որ իշխանությունն Արցախի կորուստը ներկայացնում է որպես Հայաստանի փրկություն։ Ողբերգությունն այն է, որ Հայաստանում դեռ կա այդ պատմությանը հավատալու կամ համոզիչ այլընտրանք չտեսնելու պատրաստ մեծ ընտրազանգված, իսկ ընդդիմադիր դաշտը չի կարողանում այդ մարդկանց հետ վարել խորքային, փաստարկված և ապագային ուղղված քաղաքական խոսակցություն։

Բայց խնդիրը միայն ընդդիմության քաղաքական անարդյունավետությունը չէ։ Մենք գործ ունենք նաև հանրության ազգային ընկալունակության և պատմաքաղաքական դիմադրողականության ցածր մակարդակի հետ։ Սա հանրությանը վիրավորելու կամ ընտրողին մեղադրելու դատողություն չէ։ Սա տասնամյակներով չկատարված աշխատանքի արձանագրում է։

Պետությունը, կրթական համակարգը, քաղաքական ուժերը և ազգային հաստատությունները տասնամյակներ շարունակ բավարար աշխատանք չեն կատարել՝ ձևավորելու պետական և ազգային մտածողություն, բացատրելու Արցախի ու Հայաստանի անվտանգության անքակտելի կապը, տարբերակելու իրական խաղաղությունը միակողմանի զիջումներից և հասարակությանը պատրաստելու բարդ քաղաքական պատճառահետևանքային կապերը գնահատելուն։

Երբ ազգային գիտակցությունը չի ամրապնդվում գիտելիքով, պատմական հիշողությամբ և պետական մտածողությամբ, առաջացած դատարկությունը հեշտությամբ լցվում է վախով, պարզունակ կարգախոսներով ու քաղաքական մանիպուլյացիաներով։ Հենց այդ միջավայրում է հնարավոր ազգային կորուստը ներկայացնել որպես փրկություն, իսկ սեփական ձախողումը՝ որպես պատմական սխրանք։

Ուստի Փաշինյանի մեգամանիպուլյացիայի հաջողությունը միայն նրա քաղաքական ցինիզմի վկայությունը չէ։ Այն նաև ընդդիմության քաղաքական անարդյունավետության դատավճիռն է և տասնամյակներով անտեսված ազգային կրթության ու հանրային գիտակցության ճգնաժամի հետևանքը։

Եվ քանի դեռ այս երեք պատճառներից անհրաժեշտ հետևություններ չեն արվել, իշխանությունը շարունակելու է երկրի յուրաքանչյուր կորուստ ներկայացնել որպես իր հերթական «փրկագործությունը»։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ