ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Գործող իշխանության քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը

Գործող իշխանության քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը
12.08.2026 | 15:24

Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում։

Ոչ ոք չի պնդում, որ այս բոլոր զարգացումներն անխուսափելիորեն տեղի են ունենալու։ Սակայն պատասխանատու պետությունը պարտավոր է պատրաստվել ոչ միայն ցանկալի զարգացումներին, այլև ցանկացած անբարենպաստ սցենարի։

Մինչդեռ գործող իշխանությունը երկիրը հասցրել է ռազմավարական անորոշության։ Մի կողմից հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին՝ չունենալով ԵՄ անդամակցության առաջարկ, պաշտոնական հայտ կամ տնտեսական անցման ծրագիր, մյուս կողմից պնդում է, որ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում։ Սա այլևս պարզապես անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն չէ, այլ վտանգավոր և անպատասխանատու ինքնահոս։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են՝

* արտահանման սահմանափակումների ազդեցության ամբողջական հաշվարկ և տուժող արտադրողների պաշտպանության ծրագիր,

* Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի օրինականացման և նրանց հնարավոր վերադարձի կառավարման համակարգ,

* գազի ու էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և հնարավոր գնային շոկերի կառավարման սցենարներ,

* նոր շուկաների հասանելիության և արտահանման իրական դիվերսիֆիկացման գործնական ծրագիր,

* ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր երկընտրանքի տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքների հրապարակային գնահատում։

Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ իշխանության քարոզչական կարգախոսների ազդեցությամբ։ Սակայն ինքնիշխան քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պետական կարողություն, մասնագիտական հաշվարկ և պատասխանատվություն։

Գործող իշխանության վարքագիծը մինչ այժմ ցույց է տվել հենց դրանց բացակայությունը։ Իսկ այդ քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ