Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, միաժամանակ շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ նրա քայլերին»,- շեշտել է նա։               
 

Այդ «խաղաղության» մեջ ֆիզիկապես չկա ոչ Հայաստան, ոչ էլ հայություն

Այդ «խաղաղության» մեջ ֆիզիկապես չկա ոչ Հայաստան, ոչ էլ հայություն
14.02.2026 | 11:51

Հակահայկական ֆարսը «Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների հանդիպում» անվան տակ, մտել է նոր փուլ։ Ինչպես հայտնի է, Երևան են ժամանել մի խումբ, այսպես կոչված, «կովկասյան թաթարներ» (ադրբեջանցիներ)՝ հանդիպելու իրենց «եղբայրներին»՝ Հայաստանի գործող իշխանության աջակիցների շարքից (որոնց «թավշյա» իշխանությունը նշանակել է որպես «Հայաստանի քաղաքացիական հասարակություն»)։

Պարզ է, որ ալիևյան օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների ժամանումը Հայաստան հետապնդում է բացառապես նախընտրական աջակցություն ապահովելու նպատակ գործող իշխանությունների համար։

Նույնիսկ ժամանումը կազմակերպվել էր նախընտրական PR-ի բոլոր կանոններով։

Ադրբեջանցիները Հայաստան են մտել Տավուշի՝ Ադրբեջանին հանձնված տարածքներով՝ Կիրանց գյուղի հատվածից։

Անկասկած, այս ակցիան որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ էլ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունների կարգավորման հետ, այլ ընդամենը ծառայում է Հայաստանի իշխանության քաղաքական կուրսի գաղափարական աջակցությանը։

Որպեսզի չլինենք անհիմն, պարզապես հարց ուղղենք Երևանում տեղի ունեցած այդ ադրբեջանական հավաքի մասնակիցներին․

- Քննարկվե՞լ է արդյոք արցախցիների վերադարձի հարցը Արցախ։

- Քննարկվե՞լ է արդյոք Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։

- Ի՞նչ էին ընդհանրապես քննարկում Երևանում օկուպանտներն ու համագործակցողները։

Ի՞նչ։

Որպեսզի պատկերն առավել հստակ լինի, պարզապես նշենք, որ հենց այսօր (և երեկ, և դա կլինի նաև վաղը) ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվում են սյուժեներ «հայերի մասին, որոնք օկուպացրել են արևմտյան Ադրբեջանը» և այդ սյուժեները անթաքույց պահանջներով են` «վերադարձնել ադրբեջանցիներին Արևմտյան Ադրբեջան»:

Այսպիսով, ադրբեջանական օկուպանտների և նրանց երևանյան վիզավիների այս համատեղ փիար-ակցիաները ընդամենը հերթական քայլն են՝ ուղղված մեզ համոզելուն, թե իբր խաղաղություն է հաստատվել և հետևաբար գնալ և քվեարկել Հայաստանում իշխող ուժի օգտին։

Միայն թե մեզ մոռացել են ասել, որ այդ «խաղաղության» մեջ ֆիզիկապես չկա ոչ Հայաստան, ոչ էլ հայություն։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ