Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, միաժամանակ շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ նրա քայլերին»,- շեշտել է նա։               
 

De jure «ամուսնալուծություն», de facto դավաճանություն

De jure «ամուսնալուծություն», de facto դավաճանություն
17.02.2026 | 19:13

Արդեն ութ տարի (պակաս՝ 2 ամիս 17 օր),

այգալույսին չես էլ հասցնում Բիբլիական Արարատին հղել մաղթանքդ՝ Առաւօտ լուսոյ․․․

Մինչ շուրթերդ կմրմնջան Ներսես Շնորհալու սրբազան տողերը, կպարզվի՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Հայոց աշխարհում։

«Դեժավյու»-ի անվերջանալի ու մղձավանջային շրջապտույտում են համացանցն ու վիրտուալ ողջ տարածքը՝ ողողված ոչ թե «արդար արեգակի» լույսով, այլ սնամեջ, մաշող աղմուկով։

Նույն պատկերն էր և այսօր՝ փետրվարի 17-ին։

Արևագալին հընթացս խաղարկվում էր «Կապիկ շոու»-ի հերթական արարը։

Գլխավոր դերերում անփոփոխ՝ de jure և de facto «բռնակալիկները»՝ տեր և տիկին «տիրակալները»։

«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ և կոռեկտ»,- հայտարարում է ինքնակոչ «առաջին տիկինը»։

Ըստ էության, հանրությանը «նորաձև» կրթողն այդպես էլ չսովորեց տարբերել «ավարտվելը»՝ իրավական գրանցումից։

Զույգի մյուս կեսն էլ ավետում է իր «մտավորական» սխրանքների մասին.

«Ավարտեցի «Հայոց պատմության» 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը։ Սերտել պատմության դասերը՝ դա, ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ։ Եվ դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք»։

Սա վերջն է։

Բայց սա նաև սկիզբն է՝ նոր մանիպուլյացիայի։

Նախ՝ պատմության ո՞ր դասերի մասին է խոսքը։

Ա՞յն, երբ պետական այրերի դավաճանության ու անճարակության պատճառով Արցախի ռազմաքաղաքական էլիտան հայտնվեց օտարի բանտերում։

Մինչ նա «հերոսաբար» սերտում է հատորները, պատմությունը կերտվում է այստեղ և հիմա՝ մեր աչքի առաջ, բայց կրկին ու վեստին որպես ողբերգություն։

Այդ է փաստում թշնամական լրատվամիջոցների խլացնող աղմուկը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանում շարունակվող գործով դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։

Սա՛ է պատմության դասը, որն իշխանական զույգը ոչ թե սերտում է, այլ մատուցում մեզ որպես կայացած փաստ՝ զուգակցելով «Կապիկ շոու» էժան ցուցքին, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի ազգային խայտառակությունից։

Որպեսզի ոչ ոք հանկարծ հարց չտա՝ իսկ ի՞նչ արեցիք դուք, որ հայ մարդը չդատապարտվի ցմահ կամ 20 տարվա գերության մի երկրում, որի ղեկավարի հետ «խաղաղության դարաշրջան» եք կառուցում ու եղբայրաբար ինչ-որ «Զայեդ» մրցանակի գումար բաժանում։

Անդրադառնանք՝ «․․․մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք» ցինիկ մանիպուլյացիային, որով փորձում է ստեղծել վիրտուալ մի իրականություն, որը ոչ մի աղերս չունի սահմանին կանգնած զինվորի, տունը կորցրած արցախցու կամ ամենօրյա հացի խնդիր լուծող քաղաքացու հետ։

Կառավարական շքեղ ամառանոցի պարիսպների ներսում դիրքավորված, հարկատուների հաշվին հագնվող ու «բտվող» սուբյեկտը, զբաղեցրած աթոռի բարձունքից այդպես էլ չի նկատում սեփական ժողովրդի օրհասական վիճակը։

Երբ երկրի անվտանգությունը հասցված է զրոյի, իսկ մարդիկ ամեն առավոտ արթնանում են նոր կորուստների վախով, նա խոսում է միֆական «զարգացման» մասին։

Պնդաճակատորեն չի ուզում հասկանալ՝ սա ոչ թե «զարգացում» է, այլ սեփական ժողովրդի ողբերգության վրա կառուցված՝ ուրացողների գույնզգույն տոնավաճառ։

Մինչ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում իր 20 տարին է ստանում՝ որպես հայ տեսակի «գոյատևման» պայքարի գին, սրանք ամուսնության գրանցման ու միֆական զարգացման կենացներ են խմում՝ ազգային աղետը փաթեթավորելով որպես «առաջընթաց»։

Ակամա մտաբերում ես բակունցյան տողերը. «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Մերօրյա «գունավոր բզեզներն» էլ, թաթախված իշխանական վայելքների ու սնամեջ փառքի ծաղկափոշում, իրենց աթոռները «ճոճք» են կարծում, իսկ կործանվող հայրենիքը՝ «զարգացող» բուրաստան։

Երբ այնքան են բթանում երկրի ղեկավարի զգայարանները, որ իրական ողբերգությունը շփոթում է զարգացման հետ, «Կապիկ շոուն» դադարում է զվարճալի լինելուց՝ վերածվում է պետականության դամբանականի, բա՞յց․․․

Բայց սրանք որքան էլ փորձեն սեփական անճարակությունը փաթեթավորել պատմական կեղծիքներով, միևնույն է՝ գունավոր այս բզեզների ձեռքով Հայոց Պետականության դամբանականը չի՛ գրվելու։

Սովորաբար պատմությունը դաժան է վարվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են խաղալ սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ


Գեղանկարը՝ Ռենե ՄԱԳՐԻՏԻ

Դիտվել է՝ 202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ