Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է

Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է
08.03.2026 | 02:13

ԱՄՆ-ի էներգետիկ դոմինանտության ազգային խորհրդի ղեկավար Ջարոդ Ագենի խոսքերով՝ «Վաշինգտոնը փորձում է ազատել իրանական նավթը ահաբեկիչների ձեռքից՝ հետագայում անխափան մատակարարումներ իրականացնելու համար, այդ թվում՝ նվազեցնելով ռիսկերը Հորմուզի նեղուցում»:

Ինչպես տեսնում ենք, նպատակադրումը գրեթե նույնն է, ինչ Վենեսուելայում: Մի տարբերությամբ՝ Վենեսուելայում քաղաքական համակարգը կառուցված էր խարիզմատիկ առաջնորդի վրա, Իրանում՝ բարդ ինստիտուցիոնալ համակարգի:

Իրականում Նահանգները միշտ էլ գերզգայուն է եղել իրանական նավթի նկատմամբ, և հենց այդ գերզգայունությունը ստիպեց նրանց 1953-ին Իրանում իրականացնել «Այաքս» օպերացիան՝ ուղղված երկրի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին (տես՝ նկարը) պաշտոնից հեռացմանը: Վերջինս իրականացնում էր իրանական նավթային ռեսուրսների ազգայնացման քաղաքականություն, ինչն ուղիղ ռիսկ էր անգլոսաքսոնական կապիտալի, մասնավորապես, «Անգլո-իրանական նավթային ընկերության» համար, որը տնօրինում էր Իրանի ողջ նավթային ոլորտը 20-րդ դարի սկզբից: Մոսադեղի քաղաքականության արդյունքում 1951-ին խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջև:

«Այաքս» օպերացիայի ղեկավարն էր Քերմիթ Ռուզվելտը՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը և ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը:

Իրականացված օպերացիան իր գործիքակազմով ու մեթոդներով ամբողջությամբ համընկնում է ժամանակակից «գունավոր հեղափոխությունների» իրականացման տեխնոլոգիաների հետ.

- քաղաքական դիսկուրս․ խորհրդարանի անդամների և փոքր քաղաքական կուսակցությունների առաջնորդների կաշառում,

- մեդիա դիսկուրս․ լրատվամիջոցների կաշառում, որի արդյունքում իրանական թերթերի 80%-ը սկսեց օգտագործվել վարչապետի դեմ հարձակումների համար,

- կրոնական դիսկուրս․ մոլլաներից շատերը սկսեցին վարչապետին պիտակավորել որպես իսլամի թշնամի,

- փողոցի կառավարում․ հատուկ վարձված խմբերը, ջարդելով խանութները և ծեծելով մարդկանց, բղավում էին․ «Մենք սիրում ենք Մոսադեղին և կոմունիզմը»։

Արդյունքում՝ Մոսադեղին ձերբակալվեց և ռազմական դատարանի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման:

Եվ ամենակարևորը՝ արևմտյան կապիտալը ստացավ իրանական նավթային համալիրը՝ ամբողջությամբ: Մասնավորապես, 1954-ին կնքվեց միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր՝ Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման նպատակով։ Կոնսորցիումի մաժորիտար սեփականատերերն էին «Անգլո-իրանական նավթային ընկերությունը» (որը նույն 1954-ին վերանվանվեց British Petroleum)` 40% բաժնեմասով և ամերիկյան ընկերությունների հնգյակը (Gulf Oil, Socal, Esso, Socony, Texaco)՝ ևս 40%: 14%-ն անցավ Shell-ին, 6%-ը՝ ֆրանսիական Total-ին:

Այսպիսի դասավորվածությունը պահպանվեց մինչև 1979-ի իսլամական հեղափոխություն:

Հաշվի առնելով Իրանում 200 մլրդ բարելը գերազացնող նավթի ապացուցված պաշարները (3-րդ տեղն աշխարհում) ու մյուս կողմից՝ Վաշինգտոնի էներգետիկ էքսպանսիայի ընդլայնվող քաղաքականությունը՝ պատերազմն ունի շատ հստակ նավթային բնույթ ու տեղավորվում է 20-րդ դարի ռեսուրսային հակամարտությունների ծիրի մեջ:

Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ