ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Արթնացած նախանձ և քնեցված առյուծներ

Արթնացած նախանձ և քնեցված առյուծներ
07.07.2026 | 14:04

(ներսի թատրոնը՝ արտաքին վտանգի ֆոնին)

2026-ի հուլիսի 6-ին, արևագալից մինչ արևամար ձգված՝ «տեսարաններ առանց հացի» պրիմիտիվ շոուի ֆոնին, բեմում շուրջպարի էին դուրս եկել աղքատության հոգեբանությունն ու Ֆրիդրիխ Նիցշեի «ռեսենտիմենտ» հասկացությունը։

Գերմանացի փիլիսոփայի ուրվականը, մատնացույց անելով սոցցանցերում առնետների խրախճանքի դուրս եկած, երջանկությունից հալվող ֆեյք պրոֆիլները, ճչում էր անձայն․

«Տե՛ս, թե ինչպես է տևական զրկանքը փոխում մարդու մտածողությունը, արժեքները և աշխարհընկալումը»։

- Ռեսենտիմենտը,- շշնջում էր Նիցշեն,- թույլերի ու զրկվածների թաքնված վրդովմունքն է, նախանձն ու թշնամանքը հզորների հանդեպ։ Այնտեղ, ուր չկա սեփական ուժով բարձրանալու կամք, ծնվում է դիմացինին ցած քաշելու տենդը։

Անողոք, բայց դիպուկ ախտորոշում է. ռեսենտիմենտով վարակված հասարակությանը պետք չէ սեփական կյանքի որակի բարելավում, նրան պետք է ուրիշի անկման պատկերը։

2026-ի հուլիսյան այդ շոուն՝ ձեռնաշղթաներով, քնեցված առյուծներով, կենդանիների առգրավված խրտվիլակներով ու ավտոմատավորների շրջափակած պարիսպներով, հենց այդպիսի «հոգեբանական դեղահաբ» էր՝ նետված ամբոխին։

Աղքատության հոգեբանությունը երբեք չի հարցնում.

«Ինչու՞ ես չունեմ»

կամ

«Ինչպե՞ս անեմ, որ ունենամ»։

Նրա միակ, տենդագին հարցադրումն է.

«Ինչու՞ նա ունի»։

Եվ երբ այդ հարցին տրվում է տեսարժան պատասխան, ամբոխը վայելում է իր կեղծ հաղթանակը։

Սողացող գնաճը, սոցիալական անապահովությունը, վաղվա օրվա հանդեպ տագնապը վայրկենապես խլանում են ֆեյսբուքյան հարթակներում հնչող վրեժի կանչերով։ Յուրաքանչյուր ձերբակալություն կամ խլված արտոնություն դառնում է պատրանքային «փոխհատուցում» սեփական կյանքի անձնական ու տնտեսական ձախողումների դիմաց։

Իսկական հոգեբանական անեսթեզիա է. ցավը չի բուժվում, պարզապես մի քանի ժամով թմրեցվում է արյան տենդով։

Մինչ ներսում ամբոխը զբաղված է ուրիշի ունեցվածքի մոխիրների վրա սեփական անզորությունը սփոփելով, պետության սահմաններից այն կողմ իրական ու անողոք թշնամին կատարում է իր սառնասիրտ հաշվարկները։

Նշվածը հոգեբանական «կույր կետն» է․ երբ հասարակության ողջ էմոցիոնալ էներգիան սպառվում է ներքին ատելության վրա, արտաքին սպառնալիքների հանդեպ զգոնությունը հավասարվում է զրոյի։

Թուրքական կողմից ամենօրյա ռեժիմով հնչող նորանոր պահանջները, Ցեղասպանության հիշողությունը ջնջելու, պատմությունից հրաժարվելու և սեփական անցյալն ու արժանապատվությունը սրբագրելու պարտադրանքը ոչ այլ ինչ են, քան հայ հասարակության հավաքական ոգին վերջնականապես կոտրելու փորձեր։

Մեզնից պահանջում են մոռանալ, թե ով ենք մենք, հրաժարվել մեր արյունից ու ինքնությունից՝ հանուն թվացյալ խաղաղության։

Սակայն այս գոյաբանական, մահացու վտանգը ներսում գրեթե ոչ մեկին չի հուզում։

Ինչու՞ է հայրենիքի կորստի սպառնալիքը պարտվում ներքին թատրոնին։

Որովհետև ռեսենտիմենտի թակարդում հայտնված մարդու համար սեփական հարևանի, հայրենակցի կամ հաջողակ համաքաղաքացու հանդեպ տածած նախանձն ավելի մոտիկ է, «շոշափելի» ու հասկանալի, քան պետական անվտանգության բարդ, աշխարհաքաղաքական սպառնալիքները։

Արտաքին վտանգին դիմակայելը պահանջում է կամք, միասնություն, զրկանքներ և ահռելի պատասխանատվություն։

Իսկ ներքին «թշնամիներ» փնտրելն ու նրանց պատժելու, նվաստացնելու տեսարանով հիանալը հեշտ է, էժան և վայրկենական, պրիմիտիվ բավարարվածություն է տալիս։

Սա ինքնապաշտպանական կործանարար մեխանիզմ է՝ կոլեկտիվ ժխտում և փախուստ իրականությունից։

Երբ պետության կորստի և ազգային անվտանգության սպառնալիքի ցավը չափից ավելի մեծ է, իսկ դրա դեմ պայքարելու սեփական ուժի հանդեպ հավատը՝ սպառված, մարդկային հոգեկանը պարզապես «անջատվում է»։ Հասարակությունը փախչում է դեպի ներքին էժան թատրոն, որտեղ ձեռնաշղթաներն ու առգրավված առյուծները ստեղծում են արդարության և ուժի պատրանք։

Մենք հաղթում ենք մեր հորինած «ներքին հակառակորդին» այն նույն վայրկյանին, երբ արտաքին աշխարհում պարտվում ենք իրական թշնամուն։

Մինչ ամբոխը ցնծում է պարիսպների քանդմամբ, պետության հիմքերն օրեցօր ավելի են սասանվում, և ներսի վրեժխնդրությունը դառնում է արտաքին կապիտուլյացիայի լավագույն դաշնակիցը։

Իսկ ի՞նչ է լինում հաջորդ օրը։

Ի՞նչ է մնում հասարակության ձեռքում, երբ վարագույրն իջնում է, ավտոմատավորները հեռանում են, իսկ առյուծներն ու վագրն արդեն կենդանաբանականի վանդակներում են։

Գալիս է դաժան, սթափեցնող պարապությունը։

Ռեսենտիմենտի և աղքատության հոգեբանության գլխավոր ողբերգությունն այն է, որ դրանք ստեղծարար ուժ չունեն։ Նախանձն ու թաքնված վրեժխնդրությունը կարող են քանդել պարիսպներ, նվաստացնել անհատների, խլել ունեցվածք, բայց ի վիճակի չեն ստեղծելու ոչ մի նոր արժեք։

ՈՒրիշի անկումով հիանալուց հետո աղքատը չի հարստանում։

Սողացող գնաճը չի կանգնում, սոցիալական խոցելի խավերի հազար ու մի հարցերը մնում են չլուծված, իսկ պետական անվտանգության ճեղքերն ավելի են մեծանում։

Տեսարանը կարող է ժամանակավորապես կշտացնել հոգեբանական քաղցը, բայց այն չի լուծում տնտեսական ու ֆիզիկական գոյության խնդիրները։

Երբ էմոցիոնալ թմբիրի ազդեցությունն անցնում է, հասարակությունը հայտնվում է հայտնի հեքիաթի կոտրած տաշտակի առաջ՝ ավելի դատարկված, ավելի պառակտված ու ավելի անպաշտպան։

ՈՒ քանի որ իրական կյանքը չի բարելավվում, կրկին առաջանում է «դեղահաբի» նոր չափաբաժնի պահանջ։ Ռեսենտիմենտով վարակված ամբոխը դառնում է տեսարանների մոլի սպառող. նրան անընդհատ պետք են նոր զոհեր, նոր ձերբակալություններ, նոր թիրախներ ու հայրենակցի նվաստացումներ, որպեսզի սեփական անկարողության ու անպետքության գիտակցումը խլացնի ուրիշի դժբախտության աղմուկով։

Սա փակ շրջան է, որը տանում է դեպի պետության և ազգային ոգու կատարյալ հյուծում։

Ռեսենտիմենտի հոգեբանական թակարդը փակվում է այն վայրկյանին, երբ ներքին ատելությամբ սնված անզորությունը վերածվում է բացահայտ կապիտուլյացիայի:

Պատահական չէ, որ հենց այսօր, ներքին «ծիծաղելի» շոուների ու պառակտման ֆոնին, հանրային խոսակցականում, ոմն ձայնագողի, կյանքերի ու հայրենիքի գողի «թեթև ձեռքով» արմատներ են գցում թուրքական ջրաղացին ջուր լցնող թեզերը:

Ժամկետանց կարծրատիպերով ու կեղծ խաղաղասիրությամբ առաջնորդվողները, որոնք պատրաստ են հեշտությամբ «խորհուրդներ» շռայլել, տարբեր հարթակներից այսօր մեզ են հրամցնում հայտնի թուրքական ասացվածքը.

«Եթե ձեռքը չես կարող կտրել, պետք է պաչես ու ճակատիդ դնես»:

Սա աղքատի հոգեբանության, հոգով ստրուկի և ռեսենտիմենտի վերջնական կետն է. երբ սեփական եղբոր, հայրենակցի ձեռքերին շղթաներ հագցնելիս հպարտությունից ցնծում ես, իսկ իրական թշնամու ձեռքը համբուրելու ու ճակատիդ դնելու մեջ տեսնում ես «փրկություն»։

Հայ մարդու շուրթերից հնչող այս «բանաձևումը» սեփական անզորության կատարյալ ընդունումն է և ազգային արժանապատվության լիակատար կորուստը, որտեղ հպատակեցումը քողարկվում է հաշվենկատության դիմակի տակ:

Իր «Բարուց և չարից անդին» աշխատության «Աֆորիզմներ և գլուխկոտրուկներ» բաժնում Նիցշեն զգուշացնում էր․

«Ով պայքարում է հրեշների դեմ, պետք է զգույշ լինի, որ ինքը հրեշ չդառնա: Եվ եթե երկար նայես անդունդին, անդունդն էլ կնայի քեզ» (աֆորիզմ 146):

Եթե հայ հասարակությունը ցանկանում է ապագա ունենալ, այն պետք է դուրս գա ներքին վրեժխնդրության այս կործանարար շրջանից: Մենք պետք է դադարենք լինել տեսարանների սպառող և ռեակտիվ նախանձից անցում կատարենք դեպի ստեղծարար ազգային կամք:

Հակառակ դեպքում, երբ ներսի թատրոնի վարագույրն իջնի, կհայտնվենք այնպիսի իրականության մեջ, որտեղ այլևս չեն լինի ո՛չ պարիսպներ, ո՛չ առյուծներ, և ո՛չ էլ հայրենիք, իսկ միակ բանը, որ կմնա ամբոխին՝ թշնամու ձեռքը համբուրելու հերթում սեփական տեղը զբաղեցնելն է:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Այս ամբողջ հուլիսվեցյան այլանդակության մեջ, թերևս, ամենացավոտն ու ցնցողը կենդանիների՝ բնության այդ վեհ հրաշքների անմեղ ու դաժան ճակատագիրն է։

Երեք առյուծներն ու վագրը, որոնք տարիներ շարունակ խնամվել ու փայփայվել են՝ լինելով իրենց տիրոջ անձնական ուշադրության ու հոգատարության կենտրոնում, ակամա դարձան մարդկային նենգության, նախանձի ու թույնով լցված քինախնդրության պատանդները։

Որպես կենդանասեր մարդ՝ ինձ հանգիստ չի տալիս այն ահռելի սթրեսը, որն այսօր ապրում են այդ անմեղ էակները՝ արթնանալով օտար, անհասկանալի ու վանդակված պայմաններում։

Նրանք ի՞նչ իմանան, որ ժամանակավոր հաղթող մի ինքնահռչակ ձայնագող, թյուրք-սելջուկին հատուկ ավարառությամբ ու քինախնդրությամբ, իր հարձակումն ուղղել է ոչ միայն հայրենակցի, այլև բնության անլեզու արարածների դեմ։

Նրանք ի՞նչ իմանան, որ իրենք ընդամենը անձնական ստոր հաշվեհարդարի զոհ են։

Չէ՞ որ քարոզարշավի ժամանակ վարչապետի աթոռից կառչած թշվառականի զրպարտությանը տրվել էր արժանի ու տղամարդկային պատասխան.

«Եթե չապացուցի, որ Ծառուկյանը շպիոն ա, դա արտահայտողը թող գա, մտնի իմ առյուծի մոտ»։

Այդպես էլ չունենալով այդ «մոտ մտնելու» տարրական տղամարդկությունն ու արժանապատվությունը՝ երկրի ուժայինների թիկունքում թաքնված այս «ոմն»-ը, նախընտրեց ավտոմատներով, շրջափակմամբ ու քնեցնող դեղերով գալ այն կենդանիների հետևից, որոնցից սարսափում էր անգամ երազում։

Սա թույլի, վախկոտի ու միայն քոչվոր սելջուկին բնորոշ վրեժխնդրություն է, որը, անկարող լինելով հաղթել բաց ու հավասար պայքարում, իր ողջ կուտակված թույնը թափում է անդիմադրելի ու անմեղ էակների վրա։

Բայց պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ ավարառությամբ ու քինախնդրությամբ կառուցված պատրանքային հաղթանակները կարճ կյանք են ունենում, իսկ անմեղների տառապանքն ու արցունքը Երկնային Տերը երբեք անհետևանք չի թողնում։

ՈՒստի, հայացքս հառած Բարձրյալին՝ խոնարհաբար հայցում եմ աստվածային արդարություն.

«Տե՛ր, Դո՛ւ հատուցիր յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի» (Սաղմոս 61:13),

քանզի

«Աստված չի՛ ծաղրվում։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի» (Գաղատացիս 6:7)։

Տե՜ր, տո՛ւր ամենքին իր արածի չափով, սփոփի՛ր անմեղներին ու պահպանիր մեր երկիրը ներսի ու դրսի թշնամու հարվածներից։

Ամեն։

Դիտվել է՝ 682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ