Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Շատ շուտով թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը

Շատ շուտով թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը
17.09.2026 | 10:02

Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:

Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների):

Անշուշտ, նման արձանների բացումն ունի պատմաքաղաքական հստակ նշանակություն և ուղերձ:

Երբ Թուրքիայում կանգնեցնում են Կովկասյան իսլամական բանակին նվիրված հուշարձան, այն ընկալվում է որպես 1918 թվականին Բաքուն գրաված թուրք զինվորականների հիշատակի մեծարում, ինչպես նաև որպես թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի խորհրդանիշ։ Սա հստակ ազդանշան է Մերձավոր Արևելքին և նրա հարակից երկրներին:

Իսկ հայերիս տեսանկյունից՝ այն ընկալվում է որպես 108 տարի առաջ Բաքվի հայ բնակչության զանգվածային սպանություններն իրականացնող բանակի մեծարում:

Անկարայում հուշարձանի բացման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է «Շուշայում», «Խանքենդիում» և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը»։

Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ: Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն: Շատ շուտով թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը և այլն:

Ակնհայտ է, որ այս ամենը միայն Հայաստանի «հագով» չէ: Ռեգիոնալ քաղաքականության հետևողական թյուրքայնացումը տրամաբանորեն պետք է շատ երկրների շահերի բախվի:

Մի՞թե Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի, ընդհուպ՝ մինչև Չինաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի տեսանկյունից այս ամենն OK է:

Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ:

Կա՞ արդյոք երաշխիք, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետության կլանումը, Իսրայելի պետության դեմ ագրեսիան, Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը, Հունաստանի և Կիպրոսի դեմ տարածքային ոտնձգությունները, Ռուսաստանի Դաշնության քայքայումը և նմանատիպ այլ հիպոթետիկ իրավիճակներին նպաստելն ու դրանից օգտվելը կրկին չի համարվի թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում...

Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են երկարատև պատերազմի մեջ մտնել և այլն:

Այսօր ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ