Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Պատմական հիշողությունը չի կարելի ջնջել

Պատմական հիշողությունը չի կարելի ջնջել
27.06.2026 | 13:48

Վերջին շրջանում հաճախ են հնչում պնդումներ, թե հայերի պատմական բնակավայրերը «ադրբեջանական տարածքներ» են։ Սակայն պատմական փաստերը, տոհմական հիշողությունը և մշակութային ժառանգությունը վկայում են բոլորովին այլ իրականության մասին։

Ես այդ իրականության կենդանի ժառանգորդներից եմ։ Իմ մորական տոհմի արմատները կապված են պատմական հայկական բնակավայրերի՝ Քարհատի (ներկայիս Դաշքեսան), Խաչակապի (ներկայիս Կուշչի) և հարակից գյուղերի հետ։ Այդ վայրերում, ըստ մեր ընտանիքի հիշողության և սերնդեսերունդ փոխանցված պատմությունների, երբևէ ադրբեջանական բնակչություն չի ապրել։ Դրանք եղել են հայկական բնակավայրեր՝ իրենց եկեղեցիներով, կրթությամբ, ավանդույթներով և ազգային ինքնությամբ։

Մեր գյուղում գտնվում է Թարգմանչաց եկեղեցին, որը վկայում է այդ տարածքի դարավոր հայկական հոգևոր կյանքի մասին։ Ընտանեկան ավանդության համաձայն՝ այդ եկեղեցու Վարդան եպիսկոպոսը եղել է իմ տատիկի պապը, ինչի պատճառով մեր ազգականներին հաճախ կոչել են նաև Վարդանովներ։

Տատիկիցս մշտապես լսել եմ, որ իր մայրական կողմը իշխանական ծագում է ունեցել, իսկ հորական կողմը եղել են գյուղի քյոխվաները՝ Եղունց տոհմը։ Այդ միջավայրում կրթությունն ու գրագիտությունը բարձր արժեք էին, և, ինչպես փոխանցվել է մեր ընտանիքում, անգրագետ մարդ այդ բնակավայրերում գրեթե չի եղել։

Իմ մորական պապը սերում է Սպահանի Տեր Ղազարենց տոհմից։ Ընտանեկան ավանդության համաձայն՝ նրանք Բաքվում հաստատվել են դեռևս 18-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին Տեր Ղազարյանները եղել են Բաքվի նավթարդյունաբերության մեջ սեփականություն ունեցող հայկական ընտանիքներից։ Ըստ մեր տոհմական հիշողության՝ նրանք նույն հայկական Լազարյանների տոհմական ճյուղից էին։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայերի ներկայությունը այդ երկրամասերում ոչ թե պատահական կամ ժամանակավոր երևույթ էր, այլ բազմադարյա պատմական իրողություն։ Այնտեղ եղել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մտավորականներ, գյուղական ինքնակառավարում և տնտեսական զարգացած կյանք։

Ուստի «ադրբեջանական տարածքներ» ձևակերպումը չի կարող արտացոլել պատմական ամբողջ ճշմարտությունը։ Խոսքը պատմական հայկական բնակավայրերի մասին է, որոնք տարբեր քաղաքական գործընթացների արդյունքում հայտնվել են Ադրբեջանի կազմում, սակայն դա չի վերացնում դրանց հայկական պատմական ինքնությունն ու այնտեղ ապրած հայ բնակչության իրավունքները։

Եթե այսօր բարձրաձայնվում է վերադարձի իրավունքի մասին, ապա այն պետք է կիրառվի հավասարության և միջազգային իրավունքի սկզբունքներով։ Այդ դեպքում նույն իրավունքը վերաբերում է նաև այն հարյուր հազարավոր հայերին, որոնք բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից և զրկվել իրենց տներից, հողերից ու ունեցվածքից։

Իմ պահանջը որևէ ժողովրդի դեմ չէ։ Այն հիմնված է պատմական արդարության, սեփականության իրավունքի և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Ես պահանջում եմ իմ նախնիների հայրենիքի, նրանց օրինական սեփականության և ժառանգական իրավունքների ճանաչումն ու վերականգնումը բացառապես իրավական գործընթացների և միջազգային իրավական ակտերի շրջանակում։

Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ