ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Ձևավորվում է բլոկային նոր աշխարհաքաղաքականություն

Ձևավորվում է բլոկային նոր աշխարհաքաղաքականություն
30.01.2026 | 17:41

Աշխարհի պատմության վերջին հարյուրամյակների ընթացքում, հատկապես, կապիտալիզմի բերած դինամիկ զարգացումների պայմաններում, միջազգային կորպորացիաների և վերպետական կապիտալի դերը գլոբալ քաղաքականության մեջ մշտապես աճել և վճռական դեր ու ազդեցություն է ունեցել մարդկության ճակատագրում։

Այդ դերն ու ազդեցությունը այսբերգի նման են, որի միայն գագաթն է երևում այստեղ-այնտեղ, և որոնց մասին մենք կարող ենք դատել դրանց ակնհայտ արտահայտություններով միայն։

Թողնելով նման հարցերի մութ մանրամասները մի կողմ՝ կարելի է նշել դրանց բացահայտ ազդեցությունների երկու մասշտաբային դեպք, որոնք վճռորոշ դեր են ունեցել և շարունակում են ունենալ աշխարհի ճակատագրում։

Դրանցից առաջինը արևմտյան կապիտալի կողմից անցյալ դարի 30-ական թվերին ԽՍՀՄ-ի ծանր արդյունաբերության ստեղծման և էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ դերն էր, որը մեծապես նպաստեց Խորհրդային Միության հաղթանակին երկրորդ աշխարհամարտում։

Մի բան, որը հնարավորություն տվեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի հետ միասին, որպես գերտերություններ, ձևավորել հետպատերազմյան աշխարհի քաղաքական պատկերը, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։

Վերջինիս համար էլ, այսինքն, ԽՍՀՄ-ի փլուզման գործում վճռական նշանակություն ունեցավ Նիքսոնի ժամանակների ԱՄՆ-ի և Չինաստանի մերձեցումը, որը, քաղաքական բաղադրիչից բացի, ուներ նաև ֆինանսատնտեսական ու տեխնոլոգիական բաղադրիչ։

Վերջինիս իրականացման գործում վճռական էր միջազգային կորպորացիաների և վերպետական կապիտալի շահագրգռվածությունը, ի հաշիվ աղքատ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, աշխատավարձերի ցածր մակարդակի։

Այս ամենի արդյունքում աշխարհում ստեղծվեց մի նոր իրավիճակ, որտեղ սկսվեց արտադրությունների, տեխնոլոգիաների ու աշխատատեղերի հոսք Արևմուտքի երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, դեպի Չինաստան և այլ պոտենցիալ օգուտ խոստացող երկրներ։

Մի պրոցես, որը, խորհրդային երկրի ճակատագրի վրա ունեցած ազդեցությունից բացի, ունեցավ նաև որակական բնույթի շատ լուրջ հետևանքներ, որոնք էին միջազգային կորպորացիաների ու վերպետական կապիտալի գերշահույթը և, դրան զուգահեռ, արևմտյան տեխնոլոգիապես զարգացած երկրների թուլացումը։

Մի հանգամանք, որը, մասնավորապես, բերեց ԱՄՆ-ի պետության և վերպետական կապիտալի միջև սկզբունքային հակասության, որի ալիքի վրա էլ իշխանության եկավ Թրամփը, որն ուզում էր արդյունաբերությունն ու աշխատատեղերը հետ վերադարձնել ԱՄՆ, մի բան, որը լրջորեն խփում էր կապիտալի շահերին։

Հավաբնաբար, այս հանգամանքն էլ մեծ դեր ունեցավ երկրորդ ժամկետում Թրամփի չվերընտրվելու գործում։

Բայց այդ նույն ժամանակ աշխարհում տեղի էին ունենում նաև ուրիշ բախտորոշ իրադարձություններ՝ ուժային նոր կենտրոնների առաջացման, ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդարձակվելու, քովիդի, ուկրաինական պատերազմի և այլ տեսքերով, հանգամանքների շարք, որոնք ռադիկալ ձևով փոխեցին գլոբալ ուժերի դասավորությունն աշխարհում։

Այդ նույն ժամանակ, նախկին իներցիայով գործող Բայդենի իշխանությունն ու գլոբալիստները, որոնք, առանց ուշադրություն դարձնելու այն բանի վրա, որ գլոբալ ուժերի դասավորության ռադիկալ փոփոխությունը արդեն բերել է գլոբալ շահերի ուրիշ դասավորության, շարունակում էին հին ժամանակների իրենց համար նպաստավոր քաղաքականությունը։

Այս հանգամանքը հնարավորություն տվեց Թրամփին մեծ դժվարություններով նորից գալ իշխանության՝ արդեն մշակված ու ռադիկալ բնույթի արտաքին քաղաքականությամբ, որն օրգանապես հաշվի էր նստում գլոբալ ուժերի նոր դասավորության հետ։

Թրամփի և նրա աշխատակազմի կողմից դա, առաջին հերթին, միաբևեռ աշխարհի հնացած արտաքին քաղաքականության սկզբունքներից հրաժարվելն էր և նոր ուժային պայմաններին համապատասխան ազգային անվտանգության ստրատեգիայի մշակումը, որի մեջ կարմիր թելի տեսքով անցնում է այն գաղափարը, որ նոր պայմաններում ազգային անվտանգության ապահովումը պահանջում է նոր վերաբերմունք առաջին հերթին Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ-ի և ուրիշների նկատմամբ։

Մասնավորապես, նման քաղաքականությունը ենթադրում է գնալ կոմպրոմիսի իրական աշխարհաքաղաքական ուժերի հետ (Ռուսաստան, Չինաստան) և հաշվի չնստել իրական աշխարհաքաղաքական ուժ չունեցողմերի հետ (ԵՄ և այլն)։

Սա տիպական ուժային քաղաքականություն է, որը ենթադրում է նաև նոր տարածքային քաղաքականություն, դեպի որը մաքսիմալիստական մոտեցումը հող է ստեղծում այս հարցում հետագա կոմպրոմիսային լուծումների համար։

Մյուս կողմից էլ, Թրամփն այս մոտեցումներով ձևավորում է աշխարհի նոր բլոկային քաղաքականությունը, որը ենթադրում է նաև բլոկի ներսում, ինչպես նաև ուրիշ բլոկների հետ համագործակցություն լոկալ գլոբալիստների միջոցով։

Այս հանգամանքը, նոր ուժային պայմաններում, ընդունելի կարող է լինել արևմտյան վերպետական կապիտալի համար, քանի որ, այսպես, թե այնպես, նոր գլոբալ ուժային դասավորությունը արդեն սահմանափակող էր գլոբալիստների գործունեության համար։

Մի բան, որը կարող է օգնել Թրամփին երկրի ներսի պառակտվածության չափը փոքրացնելու գործում։

Խոշոր բլոկային տեսակի տնտեսաքաղաքական մոտեցումները, որոնք կարող են տանել դեպի գլոբալ ուժերի կոմպրոմիսային լուծումներ, պարունակում են նաև կողմնակի էֆեկտներ (side effects, побочные эффекты), որոնցից ամենահիմնականը բախումն է միջակ հզորությունների շահերի հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ