ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Կայուն միություններն առաջանում են միայն հզոր լիդերների շուրջ

Կայուն միություններն առաջանում են միայն հզոր լիդերների շուրջ
18.08.2026 | 11:53

Միջազգային հարաբերություններում կատարվող տեկտոնական բնույթի փոփոխություններն անխուսափելիորեն ծնում են նոր պետական մակարդակի միությունների պահանջարկ, որն էլ միաբևեռ ուժային աշխարհից դեպի բազմաբևեռություն անցում կատարելու անմիջական հետևանքն է։

Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքում տեղի ունեցավ առաջին հայացքից անհավանական, բայց և կարևոր ու սիմպտոմատիկ իրադարձություն, այն է՝ Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք վերջին տասնամյակի մեծ մասի ընթացքում բացահայտ հակասությունների մեջ էին, Պակիստանի հետ միասին Մեքքայում ստորագրեցին կոլեկտիվ անվտանգության համաձայնագիր, ըստ որի, նրանցից մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիա բոլորի դեմ։

Բացի դրանից, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Էրդողանն արեց երկու կարևոր հայտարարություն, որ Եգիպտոսը կարող է միանալ նոր միությանը, որի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, և երկրորդ շատ կարևոր հայտարարությունը, որ այլևս ԵՄ-ին միանալը առաջնահերթություն չէ Թուրքիայի համար։

Այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական մակարդակի գոյապայքարի իմաստով իրավիճակը միջազգային հարաբերություններում կարող է ունենալ ամենաանսպասելի շրջադարձեր, աշխարհում նոր կոալիցիաների, ալյանսների ու զանազան տեսակի նոր պետական մակարդակի միությունների առաջանալու հավանականությունն աճում է, բայց որը առաջ է քաշում նաև նման միությունների կայունության հարցը։

Իսկ ցանկացած միության համար կայուն լինել նշանակում է ունենալ միասնական ստրատեգիական գիծ կամ ուղղվածություն, որն էլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե միությունն ունի բացահատ լիդեր, որն էլ իր հզորությամբ զգալիորեն, եթե ոչ բազմակի, գերազանցում է մյուսներին։

Սա էլ պարզապես նշանակում է, որ հավասար հզորությունների միությունը կայուն լինել չի կարող։

Եվ հենց այդ պատճառով ներկա ԵՄ-ը, առանց ԱՄՆ-ի, կայուն լինել չի կարող, որի նշաններից մեկն էլ հենց Էրդողանի հայտարարությունն է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ոչ առաջնահերթ լինելու մասին։

Բացի դրանից, միաբևեռ աշխարհը կայուն էր, քանի դեռ ԱՄՆ-ը նրա անսասան լիդերն էր, կամ էլ, սոցիալիստական լագերը կայուն էր, քանի դեռ ԽՍՀՄ-ը նրա անսասան լիդերն էր։

Սա ունիվերսալ օրինաչափություն է, որը ճիշտ է սոցիալական հիերարխիայի ցանկացած մակարդակի համար, օրինակ, ռուսական սոցիալ-դեմոկրատական շարժումը Պլեխանովի լիդերությամբ կայուն էր մինչև Լենինի հանդես գալը, որից հետո էլ շարժումը անխուսափելիորեն բաժանվեց բոլշևիկների ու մենշևիկների։

Այս հանգամանքը անկայուն կարող է դարձնել ցանկացած միություն, որը չունի բացահայտ լիդեր և վերջինիս առաջնորդած ստրատեգիական գիծ։

Իսկ Պակիստանը, Թուքիան և Սաուդի Արաբիան, Եգիպտոսի հետ միասին, շատ հեռու են միասնական ստրատեգիական գիծ ունենալուց, բայց որ նոր բազմաբևեռ աշխարհը նման տեսակի կոալիցիաներով ու բլոկներով է կառուցված լինելու, դա էլ հայտնի բան է։

Այնպես որ, լիովին հնարավոր է, որ Մեքքայում ստորագրված կոլեկտիվ անվտանգության համաձայնագիրը այդպես էլ մնա թղթի վրա, քանի որ կայուն միություններն առաջանում են միայն հզոր լիդերների շուրջը։

Այս խմորը դեռ շատ ջուր կտանի, ամեն ինչ նոր-նոր է սկսվում, ու իսկական բախումներն էլ դեռ առջևում են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ