Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։
Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027-ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի։
Բաքուն բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Ռուսական գազի ներմուծումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ծավալները պահպանելու համար։
Այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ռուսական գազից կախվածության նվազեցման և այլընտրանքային մատակարարումների մասին։ Առավելապես` Ադրբեջանից։
Հետաքրքիր հակադրություն է ստացվում։ Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։
Հ.Գ. Թեև մեծ է հնարավորությունը, որ Լիխաչյովի ու Բելոզյորովի այցերից հետո Երևանի հակառուսական հռետորաբանության աստիճանը շարունակաբար կիջեցվի։ Արդեն է իջեցվում։
Վահե Դավթյան