Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Նրանց խոսքը երբեք չի լռում

Նրանց խոսքը երբեք չի լռում
29.03.2026 | 12:32

«Պա՛պ, շրջափակման մեջ ենք, ձեզ լավ նայեք, հաջող»։

Այս մի քանի բառի մեջ տեղավորվեց մի ամբողջ կյանք, մի ամբողջ սեր ու մի ամբողջ հրաժեշտ…

Արմեն Գասպարյանը ծնվել է 2003 թվականի ապրիլի 27-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ ու ընկերասիրությամբ։ Նա այն մարդկանցից էր, ով միշտ պատրաստ էր կողքին կանգնել, օգնել, ուժ տալ։ Նրա ներկայությունը վստահություն էր ներշնչում թե՛ ընտանիքում, թե՛ ընկերների շրջանում։

Ծառայությունը սկսել էր Վայքում, հետո տեղափոխվել Ջերմուկ։ Վստահ էր, որ իր ճանապարհը հենց սա է՝ պաշտպանել հայրենիքը, լինել այնտեղ, որտեղ ամենից շատ են իրենք պետք։ Արմենը միայն իր պարտքը չէր կատարում, նա ավելին էր անում՝ ներգրավված էր նաև ինժեներական աշխատանքներում, աշխատում էր լուռ, բայց ամբողջ նվիրումով։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Իշխանասարում, ամենածանր պահին, երբ իրավիճակը ծայրահեղ լարված էր, իսկ հրամանատարը զոհվել էր, Արմենը հետ չքաշվեց։ Այդ պահին նա դարձավ այն ուժը, որին բոլորը հենվեցին։ Վերցրեց առաջնորդությունը իր վրա, կոորդինատներ էր փոխանցում հրետանուն, մինչև վերջ պայքարում՝ առանց վախի, առանց երկմտելու։

Նա մինչև վերջին պահը մնաց իր դիրքում՝ հավատարիմ իր խոսքին, իր հողին, իր մարդկանց։

Արմենը գնաց… բայց իր կերպարը մնաց։

Մնաց նրա ուժը, նրա նվիրվածությունը, նրա լուռ, բայց հզոր օրինակն այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ, լինել զինվոր, լինել հայրենիքի պաշտպան։

Որովհետև կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով են խոսում… և նրանց խոսքը երբեք չի լռում։

Էմիլի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ