Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Այսօր աղոթում ենք մեր ննջեցյալների համար

Այսօր աղոթում ենք մեր ննջեցյալների համար
14.09.2026 | 12:01

Այսօր Մեռելոց է՝ հիշատակի եւ աղոթքի օրը։ Այս օրը Եկեղեցին մեզ կանգնեցնում է կյանքի ամենախոր առեղծվածի՝ մահվան առջեւ, որպեսզի մահվան մեջ չտեսնենք միայն վերջ, այլ հիշենք այն խոստումը, որ Քրիստոսով մահը այլեւս վերջին խոսքը չէ։
Այսօրվա Ավետարանում Հովհաննես Մկրտչի շուրթերից հնչում է մի խոսք, որն իր մեջ մեծագույն հոգեւոր իմաստ ունի․ «Նա պետք է մեծանա, իսկ ես՝ նվազեմ»։ Այս խոսքը միայն Հովհաննեսի մասին չէ։ Այն յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ճանապարհի խորհուրդն է։
Մարդը սովորաբար ուզում է մեծանալ՝ անունով, ունեցվածքով, իշխանությամբ, ճանաչումով։ Բայց քրիստոնեական իմաստությունը մեզ սովորեցնում է մեկ այլ մեծություն՝ նվազել, որպեսզի Քրիստոսը մեծանա մեր մեջ։ Նվազել ոչ թե արժեզրկվել, այլ ազատվել այն ամենից, ինչը խանգարում է Աստծուն բնակվել մեր սրտում։
Մահվան առջեւ մարդը հասկանում է, թե որքան անցողիկ են այն բաները, որոնց համար ամբողջ կյանքում պայքարում էր։ Այն, ինչ երեկ թվում էր մեծ ու կարեւոր, այսօր լռում է գերեզմանի առաջ։ Եվ այդ լռության մեջ մարդը առաջին անգամ կարող է լսել ամենակարեւոր հարցը․ Ի՞նչ է մնում մարդուց, երբ այլեւս ոչինչ չի մնում նրա ձեռքերում։
Մնում է սերը։
Մնում է աղոթքը։
Մնում է բարությունը, որ արել ենք։
Մնում է հավատը, որ Աստված չի լքում մարդուն նույնիսկ մահվան դռան առաջ։
Այսօր մենք աղոթում ենք մեր ննջեցյալների համար։ Սակայն մեր աղոթքը միայն նրանց համար չէ։ Մենք աղոթում ենք նաեւ ինքներս մեզ համար, որպեսզի չմոռանանք, որ մեր երկրային ճանապարհն ունի սահման, եւ այդ սահմանը պետք է ապրենք հավիտենության գիտակցությամբ։
Քրիստոս ասում է․ «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի»։ Այս խոսքը մահվան առջեւ կանգնած մարդու համար պարզապես մխիթարություն չէ։ Այն քրիստոնեական գոյության հիմքն է։ Մահը մեզանից խլում է ժամանակը, բայց Քրիստոսը մեզ բացում է հավիտենությունը։
Ուստի այսօր, երբ խունկը բարձրանում է դեպի երկինք, իսկ մեր շուրթերից հնչում են ննջեցյալների անունները, թող մեր սրտերում լինի ոչ միայն վիշտ, այլեւ հույս։
Քանզի գերեզմանը քրիստոնյայի համար վերջակետ չէ։ Այն դադար է՝ մինչեւ Հարության առավոտը։
Եվ գուցե Մեռելոցի ամենախոր խորհուրդն այն է, որ մենք այսօր հիշում ենք նրանց, որպեսզի չմոռանանք նաեւ ինչպես ապրել։
Ապրել այնպես, որ երբ մեր երկրային կյանքը նվազի, Քրիստոսը մեծանա մեր մեջ։
Ապրել այնպես, որ մեր անունից հետո մնա ոչ թե միայն հիշողություն, այլ՝ օրհնություն։
Ապրել այնպես, որ մահվան օրը մեզ համար դառնա անցում՝ ժամանակից դեպի հավիտենություն, տեսանելի աշխարհից դեպի Աստծո ներկայություն։
Տե՛ր, հանգստություն շնորհիր մեր ննջեցյալների հոգիներին եւ մեզ՝ ապրողներիս, շնորհիր այնպիսի կյանք, որ պատրաստ լինենք հանդիպելու Քեզ։
Հավիտենական լույսը թող ծագի մեր ննջեցյալների հոգիների վրա, եւ թող նրանք հանգչեն խաղաղության մեջ։ Ամեն։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ