ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Պատմական խաղաղության «9-րդ պսևդոսիմֆոնիան»

Պատմական խաղաղության «9-րդ պսևդոսիմֆոնիան»
06.10.2026 | 19:10

(Սահմանային լռության 518 400 վայրկյանները)

2026 թ․, հոկտեմբերի 6, ժամը 19։00։
ՈՒղիղ 144 ժամ է՝ շունչս պահած, անհամբեր սպասում եմ իր տեսակի մեջ եզակի «կզցնող-սատկցնողի» հերթական վիրտուալ պաթոսին։ Սպասում եմ, թե երբ է էկրաններից հորդելու հերթական «փայլուն» արդարացումը․
«Մենք թույլ չենք տա, որ իրական Հայաստանի ինքնիշխան սահմաններում 6-օրյա դեգերումներից հալումաշ-սովալլուկ ոմն Նասիմ Մուսաև խաթարի մեր և ադրբեջանցիների պողպատյա կամքից ձուլված ու տեղական «եռագլուխ»-ների անմարդկային սադրանքներին դիմակայած «պատմական խաղաղության խաչմերուկը»։
Անձամբ եմ բռնելու 18-ամյա այդ մոլորված երեխայի ձեռքը, որը Շաքիում ընդամենը տուն է մտել, զենքը պահել երեխաների վրա ու կրակել տանտիկնոջ ոտքին, թե՞ ձեռքին… կարևոր չէ։ Եվ խոնարհաբար խնդրելու եմ՝ մեր ասֆալտին փռված կարմիր գորգի վրայով գլուխը կախ չքայլի, որ հանկարծ չնեղացնենք հարևաններին»։
Բայց արդեն վեց օր է՝ ո՛չ ձեռք բռնող կա, ո՛չ խնդրող, ո՛չ էլ՝ «ցից» կամ կախգլուխ քայլողին ցուցադրող «մասկի»-շոու։
Միայն մոնիտորի սառն ու նյարդեր սղոցող լռությունն է, որը, երևի, նույնպես ներառված է «խաղաղության օրակարգի» գնացուցակում։
Եվ մինչ «գերագույն խաղաղասերը»՝ աչք փակելով ամեն ինչի վրա, մոռանալով անգամ իր կրծքից կախված «բրոշկայի» չափ մնացած սահմանների անվտանգությունը, աղանդավորական աղոթքի ճաշկերույթին նարցիսային ինքնամոռացությամբ սաղմոսներ է եթեր սփռում, ես հասցնում եմ գերագույն ճշգրտությամբ ժամանակը բաժանել պարոնյանական մերօրյա մյուս «հոսհոսների» միջև։
Իսկապես աղետալի այդ հատվածի 8 640 րոպեները մաշեցնում եմ՝ սպասելով հայկական ընտանիքի «մոդելը» հիմնահատակ փոխող գերթանկարժեք «բրենդային մոդելի»՝ «First Lady»-ի հայտարարությանը, որն անպայման պիտի ազդարարի․
«Ես՝ որպես հայ կնոջ իրավունքների գլխավոր դեսպան, խորապես վրդովված եմ։ Ընդամենը փլավ ճաշակած ու համեստորեն բազմոցին ծվարած 18-ամյա տղային ո՞նց եք ինքնագլուխ դանակահարում։
Ո՞նց եք առանց իմ հիմնադրամի լոգոյի ու նախնական հաստատման համարձակվում Շաքիում բնակվող ինչ-որ անհայտ գեղջկուհու բեմահարթակ հանել, ապօրինաբար դարձնել թվային հարթակների հերոսուհի։
Այդ քայլով դուք տապալում եք ո՛չ միայն ընտանեկան բռնության դեմ ուղղված իմ փրկարար ստորագրահավաքը, այլև խաթարում եք մեր ու ադրբեջանցիների զուգահեռ իրականության սինքրոն տրամաբանությունը»։
Հանուն ճշմարտության փաստեմ․
արդեն 518 400 վայրկյան է՝ համբերատար հետևում եմ հայ մարդու նկատմամբ անպատվաբեր «մասկի»-շոուներ կազմակերպողների համապատասխան քայլերին։
Քար լռություն է «հորիզոնի» բոլոր անկյուններից։
ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունն ու Ոստիկանությունը, որոնք հարյուրավոր կարմիր ու սև բերետավորներով անառիկ պատ են կազմում ընդամենը մեկ վախեցած մարդու հեծանվային զբոսանքները պաշտպանելու համար, սահմանային Շաքիում լեզուները փորներն են գցել։
Իշխանասարից մինչև Շաքի ձգվող ճանապարհը թշնամու զինվորի համար դարձել է լայն բուլվար, իսկ մեր ուժայինները զբաղված են ոչ թե այդ աղետի իրական պատճառները քննելով, այլ սեփական կաշին ու շեֆի աթոռը սրբագրելով։
Նրանց «կայծակնային» օպերատիվությունը բավարարում է միայն սեփական քաղաքացիներին ասֆալտին փռելու և Կառավարական ամառանոցի պարիսպների տակ սեփական վախերը հսկելու համար։
Բայց երբ զինված ադրբեջանցին դիվերսիոն զբոսանքով մտնում է հայկական բակ ու սեփական երեխաների աչքի առաջ կրակում հայ մոր վրա, նրանց ողջ «պրոֆեսիոնալիզմը» տեղում ինքնալուծարվում է՝ վերածվելով Կիմ Չեն Ընի PR զինանոցից թռցրած՝ 518 400 վայրկյան տևողությամբ անձայն ու խոնարհ «բիս»-երի։
Իսկ ու՞ր են տեղական արտադրության հանրահայտ «մասկի շոուները»։
Ինչու՞ վեց օրվա ընթացքում այդպես էլ ՔՊ-ական «օրակարգից» քշվածներին չկերակրեցին սահմանախախտ ադրբեջանցու ձերբակալման էպիկական կադրերով։
Չէ՞ որ մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես էին նույն այս կառույցները՝ հոլիվուդյան բլոկբաստերներին հատուկ էֆեկտներով գերհագեցած ռեպորտաժներով, գետին փռում սեփական հայրենակիցներին։
Հիշում ենք, թե ինչպես էին հերոսի կեցվածքով, բայց կատարյալ փնթիությամբ ու անփութությամբ ավարառության ենթարկում Ծառուկյանի տնից առգրավված թանգարանային բարձրարժեք խրտվիլակները։
Ինչպես էին անտարբեր (թե՞ հրահանգավորված) դաժանությամբ քնեցնում ու քարշ տալիս խեղճ առյուծներին։
Հիշում ենք նաև, թե ինչպիսի բարբարոսական տրյուկներով էին հարզատների աչքի առաջ վայրագորեն գետին տապալում 70-ամյա մարդուն, որը պատրաստակամ բացել էր սեփական օջախի դռներն ու չէր էլ դիմադրում։
Հիշում ենք, նաև թե ինչպիսի բացահայտ հաճույքով էին հիվանդանոցի մահճակալից հափշտակում ցավից գոռացող Գագիկ Խաչատրյանին։
Հիշում ենք, թե օրենքի անտեսմամբ ու տեսախցիկների ողջ հզորությամբ ինչպես էին նսեմացնում «շեֆի» սրտին ոչ հաճո ցանկացած մեկին՝ տատիկներից մինչև վանականներ, համայնքապետերից մինչև սեփական խիղճը չվաճառած քաղաքացիներ։
Իսկ երբ իրական սահմանախախտ ու պոտենցիալ մարդասպան է հայտնվում, նրանց «կինոստուդիան» տեղում անցնում է հարկադրական պարապուրդի և խորը «լռության» ռեժիմի։
Տեղին հարց է՝ ինչու՞։
Որովհետև հանցագործն ադրբեջանցի է։ Կրակոցին հո կրակոցով չե՞ն պատասխանելու. դա կխաթարի խաղաղության «9-րդ պսևդոսիմֆոնիան»։
Դրա համար նրան պիտի գուրգուրեն, կերակրեն, բուժեն և ամենայն պատիվներով վերադարձնեն իրական տիրոջը, որը, հավանաբար, հետո տնային կալանքով կպատժի իր զինվորին՝ հայ մոր վրա կրակելիս «թիրախին ճիշտ չխփելու և վրիպելու» համար։
Բայց զավեշտն ու սրտխառնոց առաջացնողը իշխանության «բեք վոկալիստների» համերգն է։
Հենց որ սահմանախախտը ՀՀ «ինքնիշխան» տարածքում 6-օրյա դեգերումներից հետո ոտք դրեց Շաքի, սրանց հնչյունային օպերատորներն անմիջապես միացրին արդարացման մեղեդին։
Մեկն աչքերը կլորացրած, «լուրջ դեմքով» հանրությանը բացատրում է, թե հավանաբար ադրբեջանցի զինվորին սեփական զորամասում սեռական բռնության են ենթարկել, դրա համար է փախել (կարծես հայկական գյուղն ու հայ կնոջ ոտքը հոգեբանական վերականգնողական կենտրոն են)։
Մեկն էլ, «մայրական գթասրտությամբ» տապակված, հանրությանը համոզում է, թե նա ընդամենը «մոլորված երեխա է»։
Մի երրոդն էլ, թե՝ մերոնք էլ կարող են մոլորվել ու մեր երկրի «հակառակ կողմում» հայտնվել։ Պատահում է։
ՈՒ այս «հումանիստները» սինքրոն «մոռանում են», որ այդ «մոլորված երեխան» հստակ գիտի՝ ինչպես պահել զենքը և ում վրա կրակել։
Պարզվում է՝ «մոլորված մանկիկը» պաշտպանվում է դանակով զինված մոլագար հայուհուց․ նրա իսկ տան մեջ կրակում ոչ հյուրասեր տանտիրուհու և այդ օջախի զավակների վրա։
Իսկ երևանյան կաբինետներում «փխրուն խաղաղությունը» հարվածի տակ չդնելու համար «ստիպված» են հոգեբանական արդարացումներ ու մեղմացուցիչ հանգամանքներ փնտրել։
Սեփական ժողովրդի նկատմամբ դատավոր են, թշնամու ահաբեկչի հանդեպ՝ փաստաբան։
Եթե Հակոբ Պարոնյանն այսօր ողջ լիներ, իր «Մեծապատիվ մուրացկանների» հերոսներին հաստատ Պոլսո փողոցներում չէր փնտրի. նրանք բոլորը հարմարավետ տեղավորվել են կառավարական լավ վճարվող աթոռներին ու «բեք վոկալներում»։ Նրանք մուրում են խաղաղություն՝ զոհաբերելով ՀՀ «հպարտ» քաղաքացիների անվտանգությունն ու ծափահարում են սեփական ձախողումներին։
Միայն թե Պարոնյանի ժամանակներում հոսհոսները պարզապես ծիծաղելի էին, իսկ մերօրյա հոսհոսների «քաղաքավարության վնասները» չափվում են հայ մոր արյունով և պետության կործանվող սահմաններով։
144 ժամվա քար լռությունը վկա։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Գեղանկարը՝ Սալվադոր Դալիի
Դիտվել է՝ 434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ