Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի

Որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի
05.01.2026 | 12:24

Չարությունը միշտ չէ, որ սկիզբ է առնում չար կամքից։ Ավելի հաճախ այն ծնվում է հոգևոր լռությունից՝ այն պահից, երբ սերը դադարում է արթուն լինել մարդու ներսում։ Երբ սիրտը փակվում է, խիղճը թմրում է, և մարդը այլևս չի ցավում ուրիշի ցավով, այդ պահին աշխարհ է մտնում չարությունը՝ առանց աղմուկի, առանց դիմակի։

Սերը Աստծո ներկայությունն է մարդու հոգում։ Իսկ երբ Աստծո ներկայությունը մարում է, դատարկությունը դառնում է իշխանություն։ Այդ դատարկության մեջ մարդը սկսում է արդարացնել անարդարությունը, լռել ճշմարտության առաջ, և իր լռությունը անվանել «խոհեմություն»։ Բայց լռությունը, երբ այն սիրուց չէ ծնված, դառնում է մեղսակցություն։

Սուրբ Ներսես Շնորհալին մեզ հիշեցնում է, որ չարը չի հաղթում ուժով, այլ՝ սիրո բացակայությամբ։ Սերը խոսում է ոչ միայն խոսքով, այլև խղճով, պատասխանատվությամբ, խաչի պատրաստակամությամբ։

Սերը միշտ զոհ է պահանջում, իսկ այնտեղ, որտեղ մարդը չի ցանկանում զոհաբերել ինքն իրեն, չարությունն ազատ է գործում։

Հոգևոր կյանքի մեծագույն պայքարը չարի դեմ չէ, այլ՝ սիրո լռության դեմ։ Երբ սերը խոսում է խաչի լեզվով, աշխարհը փրկության հույս է ստանում։ Երբ այն լռում է, անգամ բարին է կորցնում իր ձայնը։

Թող մեր սրտերում սերը երբեք չլռի։ Թող այն դառնա խոսք, երբ պետք է խրատել, լռություն՝ երբ պետք է ներել, և աղոթք՝ երբ բառերը այլևս չեն բավականացնում։ Որովհետև այնտեղ, որտեղ սերը կենդանի է, չարությունը ծնվելու տեղ չունի։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ