ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

«Խուլիգան» դիտահորերը

«Խուլիգան» դիտահորերը
25.01.2013 | 01:08

2012-ի ամառը քառանիշ աճ ապահովեց մայրաքաղաքի մայրուղիների, փողոցների և մայթերի համար։ Ասֆալտապատվում էր հնարավորը։ Երբեմն էլ` անհնարինը։ Զորօրինակ, ոգեշունչ մի ասֆալտագործ-վարպետ գրոհով նվաճեց նորատունկ ծառերի բները։ Իհարկե, հաջողվեց կանխել նրա սիրառատ ոտնձգությունները։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Բարոյախոսությունը զուգակցվեց սառնաշունչ գրոհով` երկու շիշ գարեջրով և մեկ սափոր սառը ջրով։ Խոստովանեմ, որ առանց անակնկալի գործը գլուխ չեկավ։ Ասֆալտագործ-էնտուզիաստը (անունն էլ էր ուշագրավ` Առնակ) շոգից և ասֆալտի բույրից քիչ շշմած փորձեց գարեջուրը լցնել գլխին, ջուրը նպատակաուղղել կոկորդով վար։ Անկասկած, կանխեցինք։ Մի խոսքով` «Չկա բարիք առանց չարիքի» արտահայտությունը հենց այս պատմության համար է հորինված։ Զի Առնակն ու նրա գործընկերներն ասֆալտաբումի թովչանքի կիզակետում հասցրին խարխլել փողոցների ու մայրուղիների դիտահորերը, ու այդ օրվանից դրանց կափարիչները շարժակազմերի անիվների հետ շփվելիս թռչկոտում-թմբուկ են զարկում։ Եվ, ահավասիկ, շարժակազմերի հոծ բազմության աղմուկը, ծուխն ու մուրը համեմվում են ոչ այնքան դուրեկան թմբկահարությամբ։ Որ ի՞նչ։ Ոչինչ։ Ամիսներ առաջ զանգահարեցի Երևանի քաղաքապետարան և ներկայացրի իրավիճակը։ ՈՒշի ուշով լսեցին։ Լիասիրտ հառաչեցին։ Եվ գորովագութ խոստացան լուծել խնդիրը։ Մինչ օրս լուծում են։ Իսկ դիտահորերի կափարիչները, անկախ իրենց կամքից, խուլիգանությամբ են զբաղված, խախտում են առանց այդ էլ խախտված մեր նյարդային համակարգը։ Որ ի՞նչ։ Ոչինչ, պարզապես հիշեցնենք հարգարժան քաղաքապետարանին, որ, քաղաքը հարդարելուց և զարդարելուց (որն արվում է վարպետությամբ ու հնարամտորեն) զատ, կան առավել կարևոր խնդիրներ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Բնակությանս վայրում` Շիրազի փողոցում, չափազանց ակտիվ են դիտահորերը։ Փողոցը, ըստ էության, մայրուղու գործառույթ է իրականացնում` հանրապետության հյուսիսային շրջանները կապելով մայրաքաղաքի հետ։ Երթևեկությունն այստեղ չի դադարում։ Այսպիսով, ինչ ենք քաշում մենք, հայտնի է միայն մեզ, դիտահորերին ու Առնակին։
Ի դեպ, շատ փողոցներում (նաև մեր փողոցում) ասֆալտապատմանը զոհ գնացին աղբամանները։ Ո՞վ պետք է դրանք վերականգնի։ Ե՞ս, ոչ մի դեպքում։ Առնա՞կը։ Անհնար է։ ՈՒ մնում է հուսահատությունից ոռնալ։ Դեմքով դեպի քաղաքապետարանի ժամացույցը։

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ