ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ռիչարդ Դոնչյան․ հայազգի ֆինանսիստ, որ սովորեցրեց ՈՒոլ Սթրիթին հետևել շուկայի միտումներին

Ռիչարդ Դոնչյան․ հայազգի ֆինանսիստ, որ սովորեցրեց ՈՒոլ Սթրիթին հետևել շուկայի միտումներին
08.11.2026 | 14:00

Ինչպե՞ս կարելի է վաստակել ֆինանսական շուկայում՝ առանց փորձելու գուշակել, թե վաղը որ բաժնետոմսը կթանկանա, իսկ որը՝ կէժանանա։ Ռիչարդ Դոնչյանը՝ ամերկահայ ֆինանսիստը, այս հարցին տվեց մի գաղափար, որը հետագայում փոխեց ապրանքային և ֆյուչերսային շուկաների առևտրի մոտեցումները։
Ռիչարդ Դոնչյանը ծնվել է 1905 թվականին՝ ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում, հայ գաղթականների ընտանիքում։ Ավարտելով Յեյլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ նա սկզբում զբաղվել է ընտանեկան գորգերի բիզնեսով, սակայն ֆինանսական շուկաներն ավելի ու ավելի են գրավել նրա ուշադրությունը։ 1929 թվականի ֆոնդային բորսայի փլուզումը Դոնչյանի համար դարձավ շրջադարձային իրադարձություն․ նա կորցրեց իր ներդրած գումարները և սկսեց խորությամբ ուսումնասիրել շուկայի վարքագիծը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են գները շարժվում որոշակի ուղղություններով։
Նրա ամենակարևոր գաղափարը բավականին պարզ էր, բայց հեղափոխական իր ժամանակի համար․ պետք չէ գուշակել շուկան, պետք է հետևել դրա իրական շարժին։ Դոնչյանը կարծում էր, որ գների աճն ու անկումը հաճախ ձևավորում են երկարատև միտումներ, և հաջողակ ներդրողը պետք է կարողանա ժամանակին նկատել դրանք։ Այս մոտեցումը հայտնի դարձավ որպես Trend Following՝ շուկայի միտումներին հետևելու ռազմավարություն։
1948 թվականին Դոնչյանը ձեռնարկեց ևս մեկ կարևոր քայլ՝ հիմնադրելով Futures, Inc. ընկերությունը, որը համարվում է առաջին հանրային ներդրումային ապրանքային ֆոնդերից մեկը։ Այն ժամանակ ներդրողները սովորաբար կենտրոնանում էին առանձին ապրանքների վրա՝ մեկը զբաղվում էր բամբակով, մյուսը՝ սուրճով, երրորդը՝ հացահատիկով։ Դոնչյանը, սակայն, առաջարկեց բոլոր շուկաներին նայել միասնական տեսանկյունից՝ ներդրումները բաշխելով տարբեր ապրանքների միջև։ Այսպիսով՝ նա ոչ միայն նոր առևտրային ռազմավարություն էր զարգացնում, այլև նպաստում էր այն ներդրումային ոլորտի ձևավորմանը, որն այսօր հայտնի է որպես կառավարվող ֆյուչերսային ներդրումներ։
Նրա անունը, սակայն, առավել հայտնի դարձավ Donchian Channels կոչվող տեխնիկական ցուցիչի շնորհիվ։ Դրա գաղափարը հետևյալն էր․ եթե որևէ ակտիվի գինը գերազանցում է վերջին որոշակի ժամանակահատվածի ամենաբարձր արժեքը, դա կարող է ազդանշան լինել աճող միտման սկզբի մասին։ Իսկ եթե գինը նվազում է այդ ժամանակահատվածի նվազագույն արժեքից, հնարավոր է՝ շուկան անցնում է անկման փուլ։ Այս մեթոդը ներդրողներին հնարավորություն էր տալիս որոշումներ կայացնել ոչ թե ենթադրությունների, այլ իրական գնային շարժերի հիման վրա։ Իհարկե, այն նույնպես զերծ չէր կեղծ ազդանշաններից, հատկապես երբ շուկան հստակ ուղղություն չուներ։
Դոնչյանի գաղափարները հետագայում մեծ ազդեցություն ունեցան ամբողջ ֆինանսական աշխարհի վրա։ Դրանցից ոգեշնչված մոտեցումներ կիրառվեցին նաև 1980-ականների հայտնի «Կրիաների» (Turtle Traders) փորձի շրջանակում, երբ ներդրող Ռիչարդ Դենիսը փորձում էր ապացուցել, որ հաջողակ թրեյդեր կարելի է պատրաստել՝ սովորեցնելով նրան հետևել հստակ կանոնների և կարգապահության։ Դոնչյանի մշակած սկզբունքները դարձան այդպիսի համակարգային առևտրի կարևոր նախադրյալներից մեկը։
1960 թվականից նա աշխատեց Hayden Stone ներդրումային ընկերությունում՝ որպես ապրանքային շուկաների հետազոտության տնօրեն, և շուրջ երկու տասնամյակ հրատարակեց Commodity Trend Timing շաբաթաթերթը՝ շարունակելով տարածել իր գաղափարները։ 1983 թվականին նա արժանացավ Managed Accounts Report-ի առաջին «Most Valuable Performer» մրցանակին՝ ներդրումային կառավարման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար։ Ռիչարդ Դոնչյանը մահացավ 1993 թվականի ապրիլի 24-ին՝ 87 տարեկանում։
Դոնչյանի պատմությունն առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ հայազգի մի ֆինանսիստ կարողացավ իր անունը թողնել Ուոլ Սթրիթի պատմության մեջ։ Նա փոխեց ներդրողների մտածելակերպը՝ ցույց տալով, որ ֆինանսական շուկայում հաջողության հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ է կանխատեսել ապագան։ Երբեմն բավական է ունենալ հստակ կանոններ, չտրվել ամբոխի տրամադրություններին և համբերատար հետևել այն ուղղությանը, որն արդեն ընտրել է շուկան։ Հենց այս գաղափարի շնորհիվ էլ Ռիչարդ Դոնչյանը ստացավ «Միտումներին հետևելու ռազմավարության հայրը» անվանումը։

Ակնարկ Հայեր

Դիտվել է՝ 121

Մեկնաբանություններ