- Սրտիդ մեջ ցավ կա,- ասեց ընկերուհիս՝ ուշադիր զննելով իմ հենց նոր խմած սուրճի բաժակը։
- Կա՛,- ժպտացի ես,- էլ ի՜նչ սիրտ, որ ցավ չունենա։
Սիրտը ցավից ա սարքած, եթե ցավ չունի, սիրտ չի։
Սիրտը ուղեղ չի, մտքեր չունի։ Սրտում ասեղներ են՝ մոռացության բարակ շերտի մեջ փաթաթված ասեղներ։ Դա չի մոռացնում, պարզապես ինչ-որ կենցաղային անկարևոր բաներով ծածկում ա ասեղը, որ չծակի։
Մեկ էլ՝ մի օր սիրտդ ծակում ա, ու դու չգիտես թե որ ասեղն ա բացվել։ Որտեղի՞ց իմանաս, բոլորը միանման են ծակում։
Իսկ երեկ փողոցում ազգականիդ էիր տեսել։ Խոսել էիք դեսից-դենից։ Որդին պատերազմից հետ չեկավ։ Պատերազմ գնալու նախորդ օրը խանութում հանդիպել էիր որդուն, ասել էր, որ վաղը գնում ա՝ հանգիստ, նույնիսկ ինչ-որ տեղ՝ իմիջիայլոց էր ասել, կարծես մի քանի օրով գնում ա հանգստանալու։ Տղամարդավարի զսպել էր իրան, ցույց չէր տվել զգացմունքները։ Ու էլ չեկավ։ Չեկա՛վ...
Ու երեկվանից էդ ասեղը ծածկող մոռացությունը սկսել էր մաշվել, հալվել՝ ինչպես սառույցն՝ արևի տակ։ Իսկ էսօր սիրտդ ծակում ա ու ծակում։ Սիրտը գիտի, թե որ ասեղն ա ծակում, իսկ դու չգիտես, արդեն մոռացել ես, որ երեկ ազգականիդ ես հանդիպել։
Բայց պետք չի բողոքել։ Սիրտը հենց դրա համար ա։ Բժիշկները բան չեն հասկանում։ Սիրտը նրա համար ա, որ դու ժամանակ առ ժամանակ հիշես, որ մարդ ես։
- Ես սուրճը թունդ եմ անում, դրա համար ա ցավը լավ երևում, ջրիկ սուրճը ցույց չի տալիս։ Բայց ու՞մ ա պետք ջրիկ սուրճը։
Հենրիկ Պիպոյան