Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Ամերիկացիներին անհրաժեշտ է խոշոր ավար. ցանկացած խաղում նրանք հետապնդում են առավելագույն շահ

Ամերիկացիներին անհրաժեշտ է խոշոր ավար. ցանկացած խաղում նրանք հետապնդում են առավելագույն շահ
27.01.2026 | 14:16

ԱՄՆ-Իրան. այս խաղում Իրանին հարվածելը նամերիկացիների վերջնական նպատա՞կ է, թե՞ միջոց:

Այն, որ ԱՄՆ-ը ու Իրանը շատ խորքային հարաբերությունների մեջ են, դրանում որևէ կասկած չունեմ: Եթե ամերիկացիները ցանկանային Իրանը արժանացնել Իրաքի ճակատագրին, վաղուց դա արած կլինեին: Ուրեմն, Իրանը ամերիկյան քաղաքականության մեջ ավելի մեծ ակտիվ է, որը ամերիկացիները հենց այնպես չեն փչացնի:

Տարածաշրջանը ավելի լավ պատկերացնելու համար հարկավոր է պատասխանել մի քանի հարցի:

Ո՞ր երկրներն են Իրանի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի նավթի ու գազի հիմնական գնորդները:

Սաուդյան և քաթարական նավթի ամենախոշոր գնորդները Չինաստանը, Հնդկաստանն ու Եվրամիությունն են:

Քաթարական գազի հիմնական գնորդը նույն եռյակն է, գումարած՝ Ճապոնիա, Կորեա և ասիական այլ երկրներ:

Իրանական նավթի հիմնական, մոտ 90%-ի գնորդը կրկին Չինաստանն է:

Արժե պատասխանել ևս մեկ հարցի:

Իսկ ինչու՞ հենց այս պահին Վենեսուելայում իրականացվեց Մադուրոյի օպերացիան: Վենեսուելան աշխարհի ամենախոշոր նավթային պաշարներին տիրապետող երկրներից մեկն է: Ճիշտ է, վենեսուեալական նավթը «ծանր» է, դժվար է վերամշակվում, բայց ԱՄՆ-ի բոլոր նավթավերամշակող գործարանները հենց վենեսուելական նավթի վերամշակման վրա են հղկված:

Այսինքն, ցանկացած ֆորսմաժորի դեպքում ամերիկացիները առանց նավթի չեն մնա, նավթի մեծ գնաճ չի լինի:

Պաշտոնական տեղեկություններով՝ Վենեսուելայի ողջ նավթային արտահանումը վերահսկվում է ամերիկացիների կողմից:

Այժմ պատասխանենք ևս մեկ հարցի, Ծոցի երկրներից որտե՞ղ են կենտրոնացած ամերիկյան զորքերը:

ԱՄՆ զինուժի Միջին արևելյան հրամանատարության կենտրոնը գտնվում է Քաթարում: Ամերիկացիները ներկայություն ունեն նաև Սաուդյան Արաբիայում և Ծոցի այլ երկրներում:

Վերջին տարվա ամերիկյան քաղաքականությունը խոսում է այն մասին, որ ամերիկացիներին անհրաժեշտ է խոշոր ավար, ցանկացած խաղում նրանք հետապնդում են առավելագույն շահ: Ուկրաինական հարցը դեռ չլուծված՝ Ուկրաինայի հետ 500 միլիարդի պայմանագիր են կնքել, գրեթե ուկրաինական ողջ ընդերքին են հավակնում: Վենեսուելայի մասին ասվեց, ռուսների հետ են բանակցություններ գնում, որպեսզի ողջ ռուսական նավթն ու գազը ԵՄ մատակարարվի ամերիկյան միջնորդությամբ: Նույնիսկ մեր փոքրիկ երկրից են ամերիկացիները պահանջում ահռելի զիջումներ՝ միջանցքի դիմաց: Թե Ալիևից ինչ են պահանջելու՝ շուտով կիմանանք, Իլհամը խավիարով չի պրծնելու, պատահական չէր դառը հայացքով Դավոսում նայում Նիկոլին, երբ վերջինս ուրախ զրուցում էր Թրամփի հետ: Սաուդները մեկ տրիլիոն ներդրում են խոստանում, Քաթարը մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ Թրամփին նվիրեց: Բայց ժամանակին ամերիկյան Շեվրոնը մինչև 1980 թվականը Saudi Aramco նավթային գիգանտի 30-40 տոկոս փայաբաժին ուներ, 1980-ին սաուդական կառավարությունը պետականացրեց նավթային գիգանտի 100 տոկոսը:

Այժմ Թրամփի պես ագահ մարդուն արաբները ինչ-որ միլիարդավոր դոլարների խոստումներ են տալիս, բայց գրեթե ամբողջությամբ կախված են չինական շուկայից, Չինաստանի հետ ստրատեգիական ծրագրեր են մշակում և իրականացնում:

ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը Չինաստանն ու Եվրամիությունն են: Եթե Եվրամիության դեմ գործի է դրվել Ռուսաստանը, ուկրաինական պատերազմի միջոցով, Իրանը կարող է ավելի մեծ դեր խաղալ Չինաստանի դեմ ծավալվող մեծ խաղում:

Բիլիարդի շառի պես ԱՄՆ-ը Իսրայելի հետ հարվածում է Իրանին, պարսիկները իբր պատասխան հարված են հասցնում Ծոցի ամերիկյան ռազմաբազաներին, բայց հարվածները կպնում են նավթի ու գազի ենթակառուցվածքներին:

Բավական է Իրանի կողմից արձակված մի քանի տասնյակ հրթիռ, և Ծոցի երկրները կընկղմվեն քաոսի մեջ, ծաղկող Դուբայը, Դոհան ու Էր-Րիադը կվերածվեն ուրվականների քաղաքների...

Չինաստանն ու Եվրամիությունը կախվածության մեջ են հայտնվում ռուսական նավթից ու գազից: Եթե ԱՄՆ-Իրան գործարքը հաջողվի, գուցե Իրանին նույնպես թույլ տան մեծ շուկա մտնել: Կամ կխոստանան, բայց հաջորդիվ շարքից դուրս կբերեն նաև Իրանի նավթային ենթակառուցվածքները:

Ռուսներին այս սցենարը ձեռնտու է, նրանք կավելացնեն էներգակիրների արտահանումը, բայց Չինաստանի հետ առճակատումը շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու:

Բացառված չէ, որ փոքր ու միջին խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանը նախընտրի Չինաստան-Հնդկաստան-Եվրամիություն դաշինքը, Ամերիկան հեռու է, իր անելիքը կանի ու կնահանջի, իսկ մյուսները երկար տարիներ չեն մարսի քաոսը:

Արա Արայան

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ