Վաղուց ապացուցված բան եմ ասելու. եթե հակառակորդդ կամ, որ ավելի վատ է, թշնամիդ գովում է քեզ, նշանակում է՝ անում ես այն, ինչ ձեռնտու է հենց իրեն: Ցանկացած ոլորտում գործող գիտակից մարդը միանգամից կտագնապեր. «Տեսնես՝ որտե՞ղ եմ սխալվել»: Եվ ոչ միայն կտագնապեր, այլև կջանար հնարավորինս արագ գտնել սխալը, շտկել ու փակել հաշվենկատ դրվատանքի սողանցքը:
Նման գործելաոճի հրամայականն ավելի քան կարևորվում է, եթե գործ ունենք թշնամու դրվատանքին արժանացած պետության ղեկավարի հետ: Դիցուք՝ Հայաստանի վարչապետի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի:
Հիմա տեսնենք, թե ինչ է ասել էս Քըլըչը ՀՀ սահմանադրության փոփոխված տարբերակից Հայոց ցեղասպանության հիշատակումն իսպառ ջնջելու առնչությամբ:
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը հանվել է։ Ինչպես ես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում»։
Տեսնելը՝ տեսանք, բայց լեզուներս էլ, ախր, քարկապ է ընկնում թուրքական շողոքորթության այս բառակույտից, որ ոչ թե մտահոգելու է դրա հասցեատիրոջն ու իր թութակաաբռազնի համախոհներին, այլ էքստազի մեջ է գցելու: Բա ո՜նց, թուրքի հաճոյախոսությունը սրանց համար տենչալի ձեռքբերում է, որին ձգտել են իրենց ձախավեր իշխանավարման առաջին իսկ օրից: Իզուր է՞ր Էրդողանի գիրքը, հարազատ զավակի պես, սեղմել սիրատոչոր դոշին: Մեկ այլ թուրքահպատակի որդի այս առիթով կասեր. «Իրականացավ ապուշիս երազանքը»: Ենոքավանցի Վովայի որդու երազանքն էլ իրականացավ՝ պատմական շրջադարձ ամրագրեց հայ-թուրքական հարաբերություններում, ոչ ավել-ոչ պակաս, հայոց Մայր օրենքի մեջ: Ամրագրելը՝ ամրագրեց, բայց նախագիծն օրենք դարձնել կհաջողի՞:
Հայտնի ասացվածքը հիշենք. «Մի ասա՝ հոպ, քանի չես լոնքել առուն»: Մենք էլ չասենք, որովհետև էդ նույն առվի առաջ ենք բոլորս, ու վայ մեզ, եթե թափներս չհերիքի: Բոլորով ենք հայտնվելու կեղտափոսի մեջ:
Լիլի Մարտոյան
՝