Կան մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա համարելով, չարահավանության մեղքի մեջ են հաստատուն մնում։ Որպես արդարացում իրենց «խաղաղասեր» դիրքորոշման, նրանք ասում են, որ բոլորին սիրում են։ Առաջին հայացքից ասածի մեջ սխալ բան չկա։ Տիրոջ պատվիրանն է․ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ․ 22։39)։
Սակայն, ըստ Եկեղեցու հայրերի, սիրել ընկերոջը (մերձավորին)՝ նշանակում է ցանկանալ նրա հոգու փրկությունը, այլ ոչ թե հաճոյանալ նրա մոլորություններին։
Եթե քո ընկերը (կամ ազգակիցը) կուրորեն գնում է դեպի կործանում, չար ընթացքի և կռապաշտության մեջ է, իսկական քրիստոնեական սերը պահանջում է ոչ թե քաղցր խոսքերով «սիրել» ու թողնել, որ նա կորչի, այլ Երեմիայի կամ Հովհաննես Կարապետի պես բարձրաձայնել ճշմարտությունը՝ նրան արթնացնելու համար։ Հայրերի լեզվով՝ դա կոչվում է «սիրով հանդիմանություն», որն ավելի հոգևոր է, քան կեղծ ու անտարբեր խաղաղասիրությունը։
Ճշմարտությունն ու սերն անբաժանելի են․
1․ Քրիստոնեական սերը երբեք հանդուրժողականություն չէ մեղքի, կեղծիքի կամ կռապաշտության հանդեպ։ Ս․Պողոս առաքյալը սիրո հայտնի օրհներգում հստակ ասում է. «Սերը անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ» (Ա Կորն․ 13:6)։
2․ Եթե մարդը «սիրում է բոլորին» այնպես, որ աչք է փակում կեղծիքի, հոգևոր կամ ազգային կործանման վրա, նա սիրում է ոչ թե աստվածային սիրով, այլ մեղսակից է դառնում անիրավությանը։ Չի կարելի սիրել գայլին այնքան, որ թույլ տաս հոշոտել հոտը։
3․ Ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է ատել չարիքը, մերժել կեղծիքն ու մոլորությունը։ Սուրբ Գիրքն ասում է. « Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը» (Առակ․ 8:13)։
4․ Մեկ այլ տեղ առաքյալը բանաձևում է․ «Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից» (Հռոմ․ 12:9)։
5․ «Բոլորին սիրելու» անվան տակ չարիքի, հոգևոր կուրության և կռապաշտության հետ համակերպվելը կարող է վերածվել հոգևոր դավաճանության։ Քրիստոս Ինքը, Ով մարմնացյալ Սեր էր, Երուսաղեմի տաճարից խարազանով վտարեց վաճառականներին (Յովհ․ 2։15) և ամենախիստ խոսքերով դատապարտեց կեղծավոր փարիսեցիներին (Մատթ․ 23։13-33)։ Նրա սերը երբեք թույլ չտվեց լռել կեղծիքի առաջ։
6․ Երբ երկիրը կամ հոգևոր կյանքը խարխլված վիճակում են, «ես բոլորին սիրում եմ» ասելով պատասխանատվությունից փախչելը նման է Երեմիա մարգարեի նկարագրած կեղծ մարգարեների ընթացքին, որոնք ազգի կործանման նախաշեմին ասում էին. «Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն». բայց ո՞ւր է խաղաղութիւնը» (Երեմ. 6:14)։
7․ Պողոս առաքյալը խստորեն զգուշացնում է, որ նեռի գալուստը «սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն։ Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ» (Բ Թես. 2:9-11)։
Հետևաբար, սիրո անվան տակ չարիքը քողարկելը ոչ թե քրիստոնեական սեր է, այլ մարդկանց դեպի հոգևոր մոլորության դրդում։ Այդպիսի մոտեցումը կարող է վերածվել խղճի ձայնը լռեցնելու և «ճշմարտության սերը» չընդունելու վտանգավոր ինքնարդարացման։
Ճշմարիտ քրիստոնյան սիրում է մարդուն, աղոթում նրա փրկության համար, սակայն չի հաշտվում այն մոլորությունների, կեղծիքի, չարիքի և կռապաշտության հետ, որոնք կործանում են մարդկանց հոգիները։
Միևնույն ժամանակ, ճշմարտությունը միշտ պետք է ասվի սիրով (Եփես. 4։15), և մոլորվածին հանդիմանելը երբեք չպետք է վերածվի անձի նկատմամբ ատելության կամ նվաստացման։ Իսկ հերձվածող մարդուն մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո առաքյալը խորհուրդ է տալիս հեռու մնալ նրանից, քանի որ նա շեղված է և ինքն իրեն է դատապարտում (Տիտ. 3։10-11)։
Սամվել դպիր Գրիգորյան