«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ

Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ
17.11.2026 | 13:42

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկը երկու երկրների պետական օրակարգերի սկզբունքային տարբերությունն է։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության՝ դրան տալով պատմական, գաղափարախոսական, կազմակերպական և միջազգային նշանակություն։ Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ, որի առանցքում սեփական պատմական ու ազգային հարցերից աստիճանաբար հրաժարվելու և դրանք խաղաղության գործընթացին խոչընդոտ ներկայացնելու տրամաբանությունն է։

Ադրբեջանի պարագայում գործ ունենք հետևողական պետական քաղաքականության հետ։ Նշեմ, որ Ադրբեջանում տևական ժամանակ է՝ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», մշակվել է վերադարձի հայեցակարգ, կազմակերպվում են միջազգային համաժողովներ, իսկ այդ գաղափարը հետևողականորեն ներկայացվում է միջազգային կառույցներին։ ՀՀ ամբողջ տարածքը ադրբեջանական պատմական հայրենիք ներկայացնելու փորձը ստացել է պետական հովանավորություն և դարձել ադրբեջանական քարոզչության կարևոր ուղղություններից մեկը։

Ալիևի քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացվում են պատմական արդարության վերականգնման, բռնի տեղահանվածների իրավունքների և վերադարձի իրավունքի լեզվով։ Այսպիսով, Բաքուն փորձում է իր քաղաքական պահանջներին հաղորդել միջազգային իրավական հարցի տեսք՝ դրանք դարձնելով երկարաժամկետ պետական օրակարգի մաս։

Իսկ ի՞նչ են անում հայաստանյան կառավարիչները. Նիկոլը տարբեր առիթներով հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն գոյություն չունի, և այդ գաղափարը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Սակայն, խնդրի քաղաքական բովանդակությանը հակազդելու փոխարեն, նա առաջ է քաշում երկու երկրներում նման խոսույթների դադարեցման գաղափարը։

Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Նիկոլը խաղաղության գործընթացի անշրջելիության պայմաններից մեկը համարեց Հայաստանում արցախահայության վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի մասին խոսույթի դադարեցումը՝ նույն պահանջը ներկայացնելով նաև Ադրբեջանին՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի առնչությամբ։

Սակայն այստեղ էական տարբերություն կա։ Բաքուն իր հայեցակարգը զարգացնում է պետական կառույցների, միջազգային հարթակների և հանրային քարոզչության միջոցով, իսկ Երևանը փորձում է խնդիրը լուծել այդ թեմաների շուրջ խոսակցությունը սահմանափակելու ճանապարհով։ Մինչդեռ հանրային խոսույթի դադարեցումը չի վերացնում դրա հիմքում ընկած քաղաքական նպատակները։

Փաստացի՝ Ադրբեջանը սեփական հասարակության մեջ հետևողականորեն ամրապնդում է Հայաստանի տարածքի նկատմամբ պատմական պատկանելության գաղափարը։ Այդ քաղաքականությունը չի պայմանավորվում ՀՀ կառավարիչների հայտարարություններով և չի դադարելու այն պատճառով, որ Նիկոլը հայկական հասարակության մեջ նման հարցերի քննարկումը համարում է խաղաղության խոչընդոտ։ Բաքուն ունի իր օրակարգը և այն առաջ է տանում՝ անկախ Երևանի քաղաքական նախընտրություններից։

Այս համատեքստում հատկապես վտանգավոր է, որ նիկոլենք խաղաղության գործընթացը վերածում են սեփական հասարակության քաղաքական և պատմական հիշողության վերանայման գործիքի։ Արցախահայության վերադարձի իրավունքը, Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ադրբեջանական հայտարարությունները չեն կարող դառնալ անտեսված թեմաներ՝ Բաքվի հետ հարաբերությունները չբարդացնելու նպատակով։

Այս ամենի մեջ արդեն ակնհայտ են նաև կոլաբորանտիզմի հատկանիշները։ Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, առաջ է տանում Հայաստանի նկատմամբ պատմական պահանջատիրությունը, իսկ Նիկոլն ու նրա թիմը հայ հասարակությանը համոզում են, որ պետք չէ հիշել անցյալը, բարձրաձայնել սեփական իրավունքները, կառչել պատմությունից։ Մեկը ադրբեջանական հասարակության մեջ ամրապնդում է պատմական հիշողությունը՝ այն ծառայեցնելով ՀՀ նկատմամբ պահանջներին, մյուսը հայ հասարակությանն է մղում այդ հիշողությունից հրաժարվելուն։ Հայ ժողովրդին մանկուրտի վերածելու այս քաղաքականությունը դժվար է դիտարկել որպես պարզապես խաղաղության ապահովման միջոց։ Այն ունի քաղաքական հետևանքներ, և այդ հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։

Ըստ էության, Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական շահի դեմ գործողությունների և քաղաքական կոլաբորանտիզմի խնդիր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ