Միգուցե լուրջ խոսենք: Քաղաքականության առևանգումը, և ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը:
Ընտրություններն ավարտվել են, սկսվել է հաշիվ փակելու շրջանը։ Քաղաքականության մեջ իշխանության վերարտադրությունը երբեք չի ավարտվում ընտրություններով։ Այն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ վճարվում է հաղթանակի ամբողջ քաղաքական գինը։ Այդ գինը միշտ վճարվում է երեք ուղղությամբ։
1.Ժողովրդին։
2.Քաղաքական համակարգին։
3.Արտաքին ուժային կենտրոններին։
Հայաստանի հետընտրական իրականության գլխավոր հարցն այսօր այն չէ, թե վաղը ում կձերբակալեն։ Գլխավոր հարցն այն է՝ ո՞վ է ստանում իշխանության վերարտադրության դիմաց վճարվող քաղաքական դիվիդենտը։
Հենց այս հարցի պատասխանը հասկանալու համար պետք է միաժամանակ նայել երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող գործընթացների։ Մեկը՝ ներսում, մյուսը՝ դրսում։ Իրականում դրանք նույն քաղաքական մեխանիզմի երկու կողմերն են։
Քաղաքականության առևանգումը
Բացեք ցանկացած օրվա լրահոսը և կտեսնեք, որ գլխավոր թեման այլևս քաղաքականությունը չէ։ Այն դարձել է ձերբակալությունների, քրեական գործերի, կալանքների, դատական նիստերի, անձեռնմխելիությունների, գրավների, քննիչների որոշումների և դատավարական մեկնաբանությունների անվերջ հոսք։
Ուշադրություն դարձրեք ամենակարևոր փոփոխությանը։ Գործող գլխավոր դերակատարներն այլևս քաղաքական գործիչները չեն։ Դրանք փաստաբաններն են, դատախազները, քննիչները, դատավորները։ Քաղաքական բանավեճը փոխարինվել է դատավարական լեզվով, քաղաքական ծրագրերը՝ մեղադրանքներով, քաղաքական մրցակցությունը՝ քրեական գործերով։ Սա լրատվական պատահականություն չէ։ Սա լուրջ քաղաքական տեխնոլոգիա է։ Իշխանությունը վերահսկում և կառավարում է պրոտեստը և նշանակել է դրա վայրն ու դաշտը: Ով ընտրում է պայքարի դաշտը, վաղ թե ուշ սկսում է թելադրել նաև պայքարի տրամաբանությունը։
Եթե իշխանությանը հաջողվում է քաղաքական պայքարը հրապարակից տեղափոխել դատարան, նա փոխում է ոչ միայն պայքարի աշխարհագրությունը, այլ նաև փոխում է քաղաքականության ֆիզիկան։ Եթե նախկինում ընդդիմությունն ինքն էր որոշում քաղաքական ժամանակը, ապա այժմ այդ ժամանակը որոշում են քննիչը, դատախազը և դատավորը։
Արդյունքում քաղաքական ժամանակը փոխարինվում է դատավարական ժամանակով, փողոցը՝ դատարանի բակով, քաղաքական միտքը՝ դատավորի որոշման սպասմամբ, իսկ քաղաքական նախաձեռնությունը՝ անվերջ պաշտպանական ռեակցիայով։
Քաղաքականության ամենամեծ պարտությունը բանտը չէ։ Քաղաքականության ամենամեծ պարտությունն այն պահն է, երբ քաղաքական ուժը սկսում է ապրել իշխանության կազմած ժամանակացույցով։ Երբ քո քաղաքական ակտիվությունը որոշվում է քննիչի ծանուցմամբ։
Քո հանրահավաքը՝ դատական նիստի ժամով։ Քո լրահոսը՝ կալանքի միջնորդությամբ։ Իսկ քո օրակարգը՝ իշխանության հարուցած հերթական քրեական գործով։ Այդ պահին դու այլևս քաղաքական օրակարգ չես ստեղծում։ Դու սպառում ես ուրիշի ստեղծած օրակարգը։
Սա իշխանության ամենամեծ ռազմավարական առավելությունն է։ Ոչ այն, որ ընդդիմությունը բողոքում է, այլ այն, որ ընդդիմությունն այլևս ինքնուրույն չի որոշում, թե երբ, ինչի և ինչ ձևով պետք է բողոքի։ Յուրաքանչյուր քրեական գործ ստեղծում է առանձին ուշադրության կենտրոն։ Յուրաքանչյուր դատական նիստ՝ առանձին հուզական ալիք։ Յուրաքանչյուր սոցիալական դժգոհություն մնում է առանձին կղզի։ Իսկ մասնատված դժգոհությունը երբեք չի վերածվում միասնական քաղաքական ճնշման։
Մինչ բոլորը նայում են դատարաններին, այդ ընթացքում զարգանում է երկրորդ՝ շատ ավելի խորքային գործընթացը։
Պետությունները լրահոսով չեն ապրում, այլ ապրում են պարտավորություններով։ Ընտրարշավի ընթացքում հասարակությանը հիմնականում ներկայացվեց ներքաղաքական տոքսիկ օրակարգ։ Դա արվեց նրա համար, որ ստվերվի մեկ այլը՝ «ի՞նչ արտաքին քաղաքական պարտավորություններ է ստանձնել Հայաստանը իշխանության վերարտադրության ճանապարհին»։ Այդ հարցը չհնչեց, որովհետև դա էր հաղթանակի գինը։ Իսկ այժմ սկսվել է այդ գնի վճարման փուլը։
Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր առաջնահերթությունները, և ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցը։
Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը վերջնականապես հստակեցնի իր ռազմավարական ընտրությունը անվտանգության և ինտեգրացիոն ուղղությունների հարցում և ՀՀ-ում հանրաքվե իրականացնի:
Եվրամիությունը ակնկալում է Հայաստանից արտաքին քաղաքական համագործակցության ծիրում մնալ խորը հակառուսական գծի մեջ և կախման մեջ պահում դրանով ողջ համագործակցության խորացումն ու շարունակականությունը։
Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասում նոր ռազմավարական դասավորության ամրապնդմամբ և Հայաստանից սպասում է հատկապես Իրանական ուղղությամբ բացառապես ԱՄՆ շահերի հաշվառում։
Տարբեր շահեր, տարբեր նպատակներ, բայց մեկ ընդհանուր տրամաբանություն։ Բոլորը սպասում են, որ Հայաստանը կատարի այն քայլերը, որոնք, իրենց պատկերացմամբ, համապատասխանում են իրենց ռազմավարական շահերին։ Սակայն ամենավտանգավոր փոփոխությունն այստեղ նույնիսկ դա չէ։ Վտանգավորն այն է, որ արտաքին դերակատարներն այսօր արդեն հրապարակայնորեն արտահայտվում են Հայաստանի սահմանադրական, ինտեգրացիոն, ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Սա ինքնին նոր երևույթ չէ։ Նորն այն է, որ նման հայտարարությունները շատ հաճախ ընկալվում են ոչ թե որպես բացառություն, այլ որպես քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ։ Քաղաքագիտական տեսանկյունից սա վտանգավոր սահմանագիծ է։
Երբ արտաքին դերակատարները համոզվում են, որ իրենց ակնկալիքները ոչ միայն լսվում են, այլ նաև աստիճանաբար դառնում են ներքին քաղաքական օրակարգի մաս, ձևավորվում է նոր հարաբերություն։ Այդ հարաբերության մեջ արտաքին ազդեցությունը սկսում է տարածվել ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև պետության ներքին ինստիտուցիոնալ մակարդակի ուղղությամբ։ Միջազգային հարաբերություններում ազդեցության վակուում գոյություն չունի։ Եթե պետությունն ինքն է թուլացնում իր քաղաքական ինքնուրույնության սահմանները, այդ սահմանները շատ արագ լցվում են արտաքին սպասումներով։ Իսկ այն պահից, երբ արտաքին սպասումները դառնում են ներքին օրակարգի որոշիչ գործոններից մեկը, ինքնիշխանությունը սկսում է նահանջել։ Դա տեղի է ունենում ոչ մեկ ստորագրությամբ, ոչ մեկ մեծ պայմանագրով, այլ բազմաթիվ «փոքր», «տեխնիկական», «ժամանակավոր» և «անխուսափելի» զիջումների կուտակումով։ Հենց այդպես են պետությունները կորցնում քաղաքական սուբյեկտությունը՝ «կուտակումներով»։ Այն, ինչը հիմա կամաց-կամաց բացվում է որպես պարտադրանք ՀՀ-ին՝ հենց կուտակման արդյունք է, ինչն էլ իր հերթին իշխանապահպանման արդյունք է:
Երկու գործընթաց, մեկ ռազմավարություն
Առաջին հայացքից թվում է, թե ներքին քրեական օրակարգն ու արտաքին քաղաքական զարգացումները կապ չունեն։ Իրականում դրանք փոխկապակցված գործընթացներ են։
Ներսում քաղաքականությունը փոխարինվում է դատավարություններով։
Դրսում պետական օրակարգը մշտապես բախվում է արտաքին ակնկալիքների հետ։
Ներսում վերահսկվում է քաղաքական վարքաբանությունը։
Դրսում՝ պետական ռազմավարական ուղղությունը։
Սա իշխանության վերարտադրության քաղաքական գնի երկակի վճարումն է։ Մեկը՝ ներքին, մյուսը՝ արտաքին։
Եվ քանի դեռ հասարակությունը կենտրոնացած է ներքին աղմուկի վրա, արտաքին ռազմավարական որոշումները շատ ավելի հեշտ են դուրս մնում հանրային քաղաքական վերահսկողությունից։
Իսկ որտե՞ղ է Հայաստանը
Եթե Ադրբեջանը սպասում է իր բաժնին…
Եթե Ռուսաստանը սպասում է իր բաժնին…
Եթե Եվրոպան սպասում է իր բաժնին…
Եթե ԱՄՆ-ն սպասում է իր բաժնին…
Ապա որտե՞ղ է Հայաստանի բաժինը։ Որտե՞ղ է անվտանգության աճը։ Որտե՞ղ է տնտեսական զարգացումը։ Որտե՞ղ է պետական ինստիտուտների ամրապնդումը։ Որտե՞ղ է ինքնիշխանության խորացումը։
Եթե այս հարցերին չկա հստակ, հրապարակային և չափելի պատասխան, ապա առաջանում է ամենավտանգավոր քաղաքական վիճակը։ Երբ բոլորը սպասում են քեզանից, իսկ դու չգիտես՝ ինչ ես ստանալու դրա դիմաց, դու աստիճանաբար դադարում ես լինել բանակցության լիարժեք սուբյեկտ:
Ելքը
Իրավական պայքարը պետք է շարունակվի։ Սակայն քաղաքականությունը չի կարող սահմանափակվել դատարաններով։ Դատարանը որոշում է մարդու իրավական ճակատագիրը։ Քաղաքականությունը որոշում է պետության ճակատագիրը։
Ընդդիմության գլխավոր խնդիրը դատարաններից հրաժարվելը չէ։
Գլխավոր խնդիրը սեփական քաղաքական նախաձեռնությունը վերադարձնելն է ՝ սեփական օրակարգը, սեփական ժամանակը, սեփական թեմաները, սեփական խաղի կանոնները, սեփական պրոտեստի վայրերը, սեփական քաղաքական միտքը:
Քաղաքական պայքարի ամենաբարձր մակարդակը հակառակորդի յուրաքանչյուր քայլին պատասխանելը չէ։ Քաղաքականության ամենաբարձր մակարդակը հակառակորդին ստիպելն է պատասխանել քո նախաձեռնություններին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ համակարգերը չեն պարտվում այնտեղ, որտեղ իրենք են ընտրել մարտի դաշտը։ Նրանք պարտվում են այն ժամանակ, երբ կորցնում են հասարակության քաղաքական վարքաբանության նկատմամբ վերահսկողությունը։
P.S. Պետությունները չեն կործանվում միայն պատերազմներով։
Նրանք կործանվում են նաև այն ժամանակ, երբ հասարակությունն այնքան է զբաղված ընթացիկ աղմուկով, որ չի նկատում, թե երբ է իր անունից փոխվում պետության ռազմավարական ուղղությունը։ Ուստի Հայաստանի գլխավոր քաղաքական հարցն այսօր ոչ թե այն է, թե վաղը ում կձերբակալեն։
Գլխավոր հարցը սա է «Ո՞վ է այսօր գրում Հայաստանի քաղաքական օրակարգը»։
Եթե այդ օրակարգը գրվում է դատարաններում, իսկ երկրի ռազմավարական որոշումները ձևավորվում են արտաքին ակնկալիքների մշտական ճնշման ներքո, ապա մենք արդեն գործ ունենք ոչ միայն հետընտրական քաղաքական ճգնաժամի, այլև պետականության կառավարման ճգնաժամի հետ։ Իսկ պատմությունը նման ճգնաժամերը երբեք չի հիշում որպես հերթական քաղաքական սկանդալ։ Այն դրանք հիշում է որպես պետությունների ճակատագրի շրջադարձային կետեր։
Վլադիմիր Մարտիրոսյան