«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Օտարի աչքում՝ Տոսկանինի, սեփական տանը՝ «խռովկան տուրիստ»

Օտարի աչքում՝ Տոսկանինի, սեփական տանը՝ «խռովկան տուրիստ»
11.09.2026 | 12:50

«Խոսող ձեռքեր»․ Մարի Գրգոջայանն այսպես է բնութագրում Օհան Դուրյանին իր գրական-երաժշտագիտական էսսեում։

Կարդում էի Մարիի տողերն ու աչքերիս առջև շնչավորվում էր շուրջ 30-ամյա վաղեմության անցյալը՝ «Երեկոյան Երևանի» իմ աշխատասենյակը։ Մաեստրոն վիրավորված, մի քիչ բորբոքված պատասխանում էր հարցերիս։ Իսկ անփոխարինելի գործընկերս ու վաղեմի ընկերս՝ Հակոբ Բերբերյանը (ՀԱԿԲԵՐ), ֆոտոխցիկն աչքին, լարված հետևում էր նրա ձեռքերի ռիթմին ու անվերջ շրխկացնում ֆոտոխցիկը։ ՈՒ այդպես՝ մինչ այն ակնթարթը, երբ որսաց երկինք հառած, ասես աղոթքի մրմունջով լցված «խոսող ձեռքերը»։

Մաեստրոն այնքան սիրեց այդ իսկապես պատմական կադրը, որ հետագայում դրեց շրջանակի մեջ։

Տարիներ անց՝ 2001-ի սկզբներին, երբ հանդիպեցինք Ռադիոկոմիտեի նրա աշխատասենյակում, երանելի ժպիտով մատնացույց արեց Հակոբի հեղինակած՝ պատին ապրող այդ լուսանկարը։

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած, 110 նվագախումբ ղեկավարած, Վարշավայում, Մյունխենում ու Բեռլինում Տոսկանինիի, Կարայանի ու Բեռնշտայնի հետ համեմատված հանճարին Ֆրանսիան ու Ավստրիան պատվով քաղաքացիություն էին շնորհում, իսկ հայրենիքում նա ստիպված էր ապրել... «տուրիստի կարգավիճակում»։

Մաեստրոն հայրենիք էր վերադարձել ոչ թե աթոռի կամ փառքի, այլ իր ժողովրդին ծառայելու համար։ Բայց ի՞նչ ստացավ փոխարենը․ համակարգային անտարբերություն, միջակությունների դավադիր լռություն և արհեստականորեն ստեղծված պատեր, որոնք նրան երկրորդ անգամ մղեցին հայրենիքից «հրաժարիմք»-ի։

Նրա երկրորդ հեռացումը միայն Օհան Դուրյանի անձնական դրաման չէր։

2001-ի անփառունակ զարգացումները մեր ազգային ողբերգության դասական մոդելի վկայությունն էին՝ մոդել, որը ճշգրտությամբ կրկնվում է հարյուրամյակներ շարունակ։

Միշտ է այդպես եղել․ օտարը տեսել է հանճարին, գնահատել, խոնարհվել նրա վաստակի առջև ու իրենով արել։ Իսկ մենք՝ ներսում, միշտ էլ նախընտրել ենք անհոգի ու անդեմ միջակությանը։ Ինքնակամ կանաչ լույս ենք վառել նրանց առջև, ովքեր «գլխացավանք չեն պատճառել» իշխանավորներին։

Եվ ազատ անկման օրենքով ցած ենք մղել բոլոր նրանց, ովքեր փորձել են բարձրացնել մեր նշաձողը։

Մաեստրո Օհան Դուրյանի հետ 1997-ին իմ ունեցած այս ծավալուն զրույցը միայն մշակութային պատմություն չէ, այլ վիրաբուժական ճշգրտությամբ արձանագրված այն նույն «նաիրյան» ախտորոշումը, որով տառապում ենք նաև այսօր։

Դուրյանի ծննդյան 104-ամյակի առթիվ վերահրապարակում եմ այս արխիվային հարցազրույցը՝ որպես հիշեցում. քանի դեռ պետությունն ու հասարակությունը չեն սովորել տարբերել մեծությունը միջակությունից, մենք դատապարտված ենք կրկնելու նույն դառը պատմական շրջանապտույտները։

«Մենք Ձեզ նեղացրել ենք, Մաեստրո»

Օհան Դուրյանին վերաբերող ինչ-ինչ տվյալներ ճշգրտելու նպատակով երեկ երեկոյան ձեռքս առա «Հայկական սովետական հանրագիտարանի» 5-րդ հատորը և՞...

- Մի՛ ապշեք։

Հայաստանը ստիպված թողեցի 1974-ին: Որպես դավաճանի (այդպես որակեցին Դուրյանին) իմ անունը լռության մատնվեց, ինձ ջնջեցին Հայաստանի պատմությունից։

- Մոռացան, սակայն, որ «այդ անունը ջնջել չի լինի»... Վերադարձաք 18-ամյա ընդմիջումից հետո։

- Մշակույթի նախկին նախարար Պերճ Զեյթունցյանն ինձ հրավիրեց Հայաստան: Հուզվեցի նրա նամակից, զարմացա, նաև շոյվեցի: Չնայած սիրտս շատ էր կոտրված, այնուամենայնիվ, 1991-ի հունիսին արդեն Երևանում էի: Որոշիչ հանդիպումը կայացավ մշակույթի նախարարությունում: Այնտեղ էր և Տիգրան Լևոնյանը: Ինձ առաջարկեցին ստանձնել օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պարտականությունը: Պայմանագիրը ստորագրեցինք երեքով՝ Զեյթունցյան, Լևոնյան, Դուրյան (երեք տարվա համար):

- Փորձեցիք աշխատել, բայց կարճ ժամանակ անց հեռացաք թատրոնից:

- Որովհետև իմ հեղինակությունը (օպերայում) հաճելի չէր Լևոնյանին: 1992-93-ից արդեն նա համառորեն ձգտում էր այնպիսի վիճակ ստեղծել, որպեսզի ես հեռանամ: Առանց ինձ հետ խորհրդակցելու նա սկսեց երգիչներ ու երաժիշտներ վերցնել. փաստ, որի նախադեպը չես գտնի աշխարհի և ոչ մի թատրոնում: Օպերայի 60-ամյակը նշեց առանց ինձ մի բան ասելու: Նրա մտադրության մասին առաջին անգամ իմացա օպերայի բանվորներից և այլն, և այլն...

- Ո՞րն էր Դուրյան-Լևոնյան հակասության իրական պատճառը:

- Փորձեցի աշխարհի օպերաների 95 տոկոսի օրինակին հետևել։

- Այն է...

- Յուրաքանչյուր ներկայացում, տնօրենի հայեցողությամբ, բեմադրել մի քանի անգամ (ասենք՝ «Աիդան»՝ 10, ավելի մոդեռն օպերան՝ 5), հետո այն հանել ծրագրից և ներկայացնել այլ գործ։ Աշխարհի բոլոր օպերային թատրոններն են այս սկզբունքով աշխատում և ապահովում են լեփ-լեցուն դահլիճներ: Երբ հանդիսասրահում 50 աթոռ է զբաղված, 200 մարդ էլ բեմում է պարում, երգում՝ դա օպերային ներկայացում չէ։ Ահա թե ինչու փորձեցի հետևել աշխարհում ընդունված կարգին, որը հնարավորություն կընձեռեր ամեն երեկո ներկայացում ունենալ, լիքը դահլիճ ապահովել, ունկնդիր-հանդիսատեսին էլ շարունակ նոր գործեր, նոր կատարումներ, ասել է՝ թարմություն մատուցել: Միայն այս էր իմ նպատակը: Թե չէ քանի՞ տարի շարունակ կարելի է «Արշակ 2-րդ» ներկայացնել: Ամոթ է. շուրջ 30 տարվա ընթացքում մեր ազդագրերում մոտավորապես 20 օպերաների անուններ կան: Միջազգային ասպարեզում ընդունված ու պարբերաբար ներկայացվող շուրջ 80 օպերաներ (բոլորն ունեմ) մեր բեմում երբեք չեն հնչել ու չեն էլ հնչելու:

- Լեփ-լեցուն դահլիճի ելքով Ձեր առաջարկությունն ինչու՞ դուր չեկավ օպերային թատրոնի տնօրենին և գեղարվեստական ղեկավարին։

- Որովհետև այդ պարագայում, օրինակ, «Արշակ 2-րդը», ասենք, չորս անգամ ներկայացվելուց հետո պիտի փոխարինվեր այլ օպերայով և երկու-երեք տարի էլ չպիտի ներկայացվել: Է, ի՞նչ կստացվեր...

- Ձեր խոստումների համաձայն՝ առաջընթաց հայկական օպերային արվեստում։

- Բա՞յց... Լևոնյանն անգործ կմնար։

- Չեմ կռահում Ձեր միտքը:

- Նրա գլուխգործոցը «Արշակն» է: Նոր-նոր օպերաներ բեմադրելու մտահղացում էլ չունի: Ի՞նչ պիտի աներ: Դրան գումարած՝ երգիչների մի մասն էլ պիտի անգործ մնար:

- Մի մասը... Իսկ մյուս մասն ինչու՞ չընդառաջեց Ձեզ:

- Որովհետև Լևոնյանը բոլորին համոզեց, թե Դուրյանի առաջարկին հետևելու դեպքում անգործ կմնաք, թե՝ նա դրսից է երգիչներ հրավիրելու:

Անշուշտ, պիտի հրավիրեի: Այդպես ավելի հետաքրքիր կլիներ թե՛ մեր կատարողների, թե՛ ունկնդրի համար: Երգիչ-երգչուհիներին էլ ասացի. «Դուք էլ պիտի գնաք և ուրիշ թատրոններում երգեք, ինչպես ընդունված է աշխարհում»:

Ցավոք, նրանք չընկալեցին ինձ ու չհասկացան, որ նպատակս ամենևին էլ իրենց անգործ թողնելը չէ, այլ միայն թատրոնի ծրագրի հարստացումը և այն, որ իրենք երգեն լիքը դահլիճում:

- Ձեզ չընկալեցին: Դուք էլ ստիպված հեռացաք օպերային թատրոնից:

- Այրելով բոլոր կամուրջները... Այնտեղ այլևս ոտք չեմ դնելու: Վիրավորանքս շատ խորն է. չեմ ուզում, որ անգամ մահիցս հետո դագաղս դրվի օպերայում։ Ինձ համար այն այլևս գոյություն չունի, քանի դեռ...

Մի բան եմ ասելու, բայց խնդրելու եմ, որ անպայման գրեք: Երկու օր առաջ մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի մոտ էի։ Մտահոգ էր, թե Թբիլիսիի օպերային թատրոնում ամեն օր ներկայացում կա, և 7 բալետ է բեմադրվում, իսկ մե՞զ մոտ... Ասացի՝ մեր օպերային թատրոնը (խոսքս անպայման կգրեք) ամեն ինչի կենտրոն է... բացի օպերային արվեստից: Նման պայմաններում, կարծում եմ, ամոթ է կրել «ակադեմիական» անունը:

- Հասկանում եմ Ձեր վիրավորանքը, ցավը, ափսոսանքը:

- ՈՒ՜ր էր, թե «վերևները» հասկանային, որ Հայաստան եկա՝ ժողովրդիս ծառայելու և ոչ թե տանը նստելու, այգի մշակելու ու պոմիդոր աճեցնելու: Ես չեմ կարող համակերպվել այս վիճակի հետ:

- ՈՒրեմն ինչո՞ւ այդքան հեշտությամբ տեղի տվեցիք, ինչու՞ չպայքարեցիք:

- Ես էն մարդը չեմ, որ կպնեմ աթոռին ու այն պահելու համար ոչնչի առաջ կանգ չառնեմ: Երբ ինձ նեղացնում են՝ ուղղակի հեռանում եմ:

- Տեղյա՞կ եք, թե ինչ բառով են բնութագրում Ձեզ։

- Հետաքրքիր է։

- Խռովկան։

- Խռովկան եմ, որովհետև չեմ կարող ծուռ բան տեսնել, ստախոսություն ընդունել, կեղծիք հանդուրժել, անազնվության հետ համակերպվել: Երբ հասկանում եմ, որ ի վիճակի չեմ դրանց դեմ պայքարել, խռովում եմ։

- Այդ հակասությունների ընթացքում ինչպիսի՞ն էր մեր իշխանությունների դիրքորոշումը։

- Անտարբերություն, լռություն: Նրանց համար կարևորն առանց գլխացավանքի ընթանալն է: Ինչպես Հակոբ Մովսեսն էր ասել՝ «․․․թողեք հանգիստ աշխատենք, ի՞նչ կապ ունի՝ ով է երգում, ով չի երգում»:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարելու եմ՝ մեր աթոռավորներից շատերը չեն ղեկավարում: Իսկ երբ իշխանավորը չի ղեկավարում, ապա ինքն էլ, իր աշխատանքն էլ ոչինչ չարժեն։

- Փաստորեն, մշակույթի էքս-նախարարը ևս չփորձեց ինչ-որ կերպ հարթել տարաձայնությունները։

- Մի վերհուշ (որպես Ձեր հարցի պատասխան): Թումանյանի սիրտը Դսեղում հողին հանձնելուց հետո վերադառնում էինք Երևան: Շքախմբում բոլոր մեծամեծներն էին, իշխանավորները։ Մի տեղ պիտի սեղանի շուրջ հավաքվեինք: Հրաժարվեցի մասնակցել: Ինձ հետ մեքենայում էին նաև Մանսուրյանն ու նկարիչ Հակոբ Հակոբյանը՝ տիկնոջ հետ: Քիչ անց եկավ Հակոբ Մովսեսը, թե․

«Նախագահը (Լևոն Տեր-Պետրոսյանը) խնդրում է, որ անպայման մասնակից դառնաք մեր սեղանին»:

Գնացի, իհարկե: Մինչ ներս կմտնեինք, Հակոբ Մովսեսը, թե. «Մաեստրո ջան, գիտեմ, մենք Ձեզ նեղացրել ենք»...

- ՈՒ ինչպե՞ս ընդունեցիք մեղքերի քավությանը համարժեք այդ խոսքերը:

- Որպես պրոֆեսիոնալ արվեստագետ՝ աշխարհում ապրած 75 տարիներիս ընթացքում ավելի մեծ արհամարհանք, ավելի մեծ անարգանք չեմ ստացել նույնիսկ օտար երկրներում, որքան Հայաստանում: Վիրավորված եմ մինչև հոգուս խորքը։

Կարծում եմ՝ ոչ օպերայում և ոչ էլ սիմֆոնիկում Դուրյանի նման դիրիժորները թափված չեն: ՈՒ եթե մեր իշխանություններին բավարարում է ներկա վիճակը, թող այդպես էլ մնա:

- Վիրավորանքի նման խորությամբ ինչպե՞ս եք կարողանում մնալ Հայաստանում:

- Իմ ժողովրդի սերը, որն արտահայտվում է ամենուր՝ փողոցում, տրանսպորտում, շուկայում, ապրեցնում է ինձ: Ամոթալի եմ համարում լքել նրան։

- Ժողովուրդն իսկապես սիրում է Ձեզ, գնահատում Ձեր արվեստը:

- Հայ հանդիսատեսն ուրիշ է: Ես ղեկավարել եմ 110 տարբեր նվագախմբեր:

- Ինչը նշանակում է 110 դահլիճներ և ամենատարբեր ազգերի ունկնդիրներ:

- ՈՒ այդ 110-ից, եթե առանձնացնենք տասը լավագույն ունկնդիր ազգին, դրանցից մեկն անպայման մերն է: Ես գլուխս խոնարհում եմ իմ ժողովրդի առաջ ու ցավում, որ այսօր չեմ կարող ծառայել նրան, ինչպես հարկն է: Մինչդեռ...

- Ինչո՞վ եք զբաղված այսօր:

- Օպերայից հեռանալուց հետո մնացի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում։ Ինձ նշանակված է 3900 դրամ, որը, սակայն, տալիս եմ կարիքավոր երաժիշտներին: Այս էլ մի կողմ: Չկան աշխատանքային անհրաժեշտ պայմաններ: Հինգ տարի հանդուրժեցի, բավական է։

- Որոշել եք հեռանա՞լ հանրապետությունից։

- Ֆրանսիայից հսկայական կորուստներով տեղափոխվեցի Հայաստան. ուզում եք՝ նորից հե՞տ գնամ:

- Քավ լիցի, ոչ մեկն էլ նման բան չի ցանկանում։

- Անկեղծորեն խոստովանեմ, որ համապատասխան գրությամբ դիմել եմ կառավարությանը և պարզ բացատրել, որ նման պայմաններում այլևս չեմ կարող աշխատել: Ասել է՝ ելույթ չեմ ունենալու։

- Որո՞նք են Ձեր նվազագույն պահանջները։

- Երաժիշտներիս համար նորմալ աշխատավարձի ապահովում, աշխատատեղ, օպերաներ, բայց ոչ թե թատրոնում, այլ համերգային կատարմամբ, ինչը ծախսեր է պահանջում։ Ասել է՝ նաև անհրաժեշտ գումարի հատկացում: ՈՒ ես խոնարհաբար կծառայեմ իմ սիրելի ժողովրդին, որն ինձ պաշտում է (այո՛, այդ բառը կարող եմ ասել)։ ՈՒ ես էլի կշարունակեմ աշխատել առանց ֆինանսական հատուցում ակնկալելու: Ի վերջո, ես դրա համար չեմ եկել Հայաստան։

- Մշակույթի նախարար պարոն Սմբատյանից սպասելիքներ ունե՞ք։

- Արմեն Սմբատյանն առաջինն էր, որն ուզեց, որ ես հայրենիք գամ: Նա է Պերճ Զեյթունցյանին խնդրել, որ ինձ Հայաստան հրավիրեն: Նա այն մարդն է, որը, անշուշտ, ուզում է ինչ-որ բան անել, բայց կան հարցեր, որոնք նրանով չեն պայմանավորված: ՈՒ եթե փորձի ինչ-որ բան անել, համոզված եմ, կխանգարեն նրան:

- Կոմունիստների օրոք ստիպեցին, որ հեռանաք Հայաստանից: Այսօր նրանք՝ կոմունիստ ղեկավարները, չկան: Հայրենիք եք վերադարձել աշխատելու մեծ ցանկությամբ, Ձեր ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ, սակայն, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, այնպիսի վիճակ են ստեղծել, որ չաշխատեք: Ի՞նչ է, նորից կրկնվում է անցյա՞լը։

- Շատ ճիշտ եք ասում: Կրկնվում է նույնը (իմ վերաբերմամբ), ու ոչինչ չի փոխվել: Ցանկությունս է՝ իմ պրոֆեսիոնալ գնահատանքը ստանալ այստեղ՝ Հայաստանում: Անպատճառ (թող անհամեստություն չթվա, բայց քանի որ այս իրողությանը մեր ժողովուրդն անտեղյակ է) պիտի նշեմ. Վարշավայում գրեցին, թե Դուրյանն արևելյան Տոսկանինին է, Մյունխենում՝ թե Կարայանն է, Բեռլինում՝ Արթուր Նիկիշն է, Լոս Անջելեսում՝ Ստոկովսկին է, Շտուտգարտում՝ թե Բեռնշտայնն է: Աշխարհի հինգ մեծագույն դիրիժորների հետ բաղդատելուց հետո Հայաստանում...

- Մաեստրո՛, մեր զրույցն ավարտենք հիշելով հանրահայտ ճշմարտությունը. մարգարեն երբեք էլ չի ընդունվում իր հայրենիքում։

- Այդպես է: Ցավով եմ հիշում շատ իրողություններ: Ավստրիայի վարչապետը համերգիցս հետո արտահայտվեց. «Ձեզ նման հպատակ ունենալը մեզ համար պատիվ է»: Եվ կարգադրեց ինձ ավստրիական քաղաքացիություն շնորհել: Հետո Ֆրանսիան ինձ քաղաքացիություն տվեց, իսկ այսօր Երևանում ապրում եմ «տուրիստի» կարգավիճակում: ԱՄՆ-ում հինգ տարի ապրելուց հետո անգամ փախստականին «կանաչ քարտ» են տալիս։ Իսկ Հայաստանում...

Կան մարդիկ, ովքեր երկքաղաքացիություն են ստացել իրենց միլիոններով, բայց քանի որ իմ արվեստը միլիոնների արժեք չունի, մնում եմ տուրիստի կարգավիճակում: Հինգ տարի ծառայել եմ ժողովրդիս սիրով, առանց փոխհատուցման ակնկալիքի, ահռելի վնասներ կրելով, բայց չեք կարող ստիպել չէ՞, որ մինչև կյանքիս վերջն այսպես վիրավորված մնամ:

Ինձ համար, հասկացե՛ք, անտանելի է ստեղծված կացությունը, առավել դժվար է, քան որևէ մեկի համար: Դուք բոլորդ էլ կապրեք, բայց ինձ համար այս կացությունը մահվանը համազոր իրավիճակ է։

Զրուցեց Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱԿԲԵՐԻ

«Երեկոյան Երևան», 15 փետրվարի, 1997 թ․

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ