«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անապատի լուռ որբախաղը

Անապատի լուռ որբախաղը
04.11.2026 | 12:15

Անապատը ծխում էր կոտորածից հետո,
և ավազների տակ թաղված էին անուններ, հասցեներ, մայրեր...
Նա չկանգնեց ողբալու։
Ինքն էլ այդ նույն բախտի զավակն էր՝ ծնված Կիլիկիայի հզոր Զեյթունում,
այնտեղ, ուր լեռները պատսպարում էին ազատությունը,
բայց Գողգոթայի ճանապարհին կորցրեց մորը,
և իրեն էլ հափշտակեցին, վերցրին ու տարան անապատի խորքերը՝
ուղտերի քարավանների հետ, շամմառ ցեղի բեդվինները։
Նրանից խլեցին անունը, բայց չկարողացան խլել հիշողությունը։
Նա դարձավ Էհմեդ էլ Ճեզզա, բայց ներսում Փառնակն էր հսկում։
Հագավ բեդվինի՝ ուղտի բրդից հյուսված աբան,
սերտեց Ղուրանի յոթանասունյոթ սուրահները,
մտավ վրանները, որտեղ հայ երեխաների լեզուն չորանում էր օտար հացից,
ու սկսվեց դարի մեծագույն, լուռ որբախաղը։
Նա գիտեր՝ ուժով ոչինչ չես խլի ավազների տիրակալներից.
ուրեմն պետք էր կարդալ նրանց ափերը,
պետք էր դառնալ նրանց աչքի լույսն ու վախը։
Ավազ էր մաղում,
ձեռքերը տարուբերում էր աստղերի լույսի տակ
ու բառակերտում «ճակատագիր»՝ արաբերեն հնչյունների ահեղ շիկացմամբ.
— Այս տան մեջ,– ասում էր,– օտարի արյուն կա,
այս աղջնակը, որին գերի եք բռնել, անեծք է բերելու ձեր տոհմին.
ուղտերդ կկոտորվեն, ջրհորները կցամաքեն, թե բաց չթողնեք...
Ու բեդվինը՝ սարսափած գրբացի աստղահմա աչքերից,
բաց էր թողնում որբին։
Նա քայլում էր տնից տուն, ցեղից ցեղ,
հաշվում հայկական արմատները՝ արաբացած դեմքերի ծալքերում։
Մեկին խլում էր՝ Ղուրանի տողերով հմայելով,
մյուսին՝ ավազի վրա գծած գուշակության սարսափով,
երրորդին՝ ծպտյալ որբախնամների ոսկով ու իր հոգու պատանդությամբ։
Նա հավաքում էր հայության փշրանքները,
ինչպես ցորենի հատիկները՝ մրրկից հետո,
ու ետ տալիս կյանքին, դպրոցին, Արարատին։
Հարյուրավոր երեխաներ, որոնք պիտի դառնային Էհմեդ ու Ֆաթիմա,
նրա շնորհիվ նորից կոչվեցին Աշոտ ու Անահիտ։
Ահա թե ինչ էր անում «Մեհմանդարի մոլլեն».
նա թանաքով ու գուշակի ստով՝
մահվան ճիրաններից հայտնագործում ու դուրս էր բերում
մեր գալիք սերունդների հարությունը։
Ու երբ առաքելությունն ավարտվեց, նա եկավ հայրենի հող,
խարիսխ նետեց Արարատյան դաշտի խաղաղ գրկում,
բայց Հովտաշատում (Մեհմանդարում) էլ նրան «գրբաց» կոչեցին,
որովհետև աչքերի մեջ բերել էր անապատի խորհուրդն անմեկնելի։
Գյուղացիք գալիս էին նրա մոտ՝ կորուստների ու ցավերի ցուցակով,
իսկ նա ոչ թե հմայում էր,
այլ իր ցավագիր հոգու խորությամբ, բնատուր խելքով ու կռահումով՝
լսում էր յուրաքանչյուրին, սփոփում ու խաղաղեցնում հայտնի գուշակի պես։
Նրա աչքերի տաք լույսից և՛ ակնածում էին, և՛ սրբի պես հարգում,
քանի որ խորհրդավոր այդ «մոլլեն» ոչ թե բախտ էր գուշակում,
այլ իր տեսած անդունդներից հետո գիտեր մարդկային վշտի թաքստոցը։

Շուշաննա ՀԱՅԱՍԱ

Հ.Գ.
Խոնարհվում եմ հայոց արմատների այդ մեծագույն փրկչի՝ Փառնակ Շիշիկյանի անմահ հիշատակի և նրա ցավագիր, նվիրյալ հոգու առջև, որն անապատի կոկորդից հետ խլեց ու դեպի լույսն առաջնորդեց մեր գալիք սերունդների հարությունը։
Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ