Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ճանապարհորդություն դեպի պարադոքսների երկիր

Ճանապարհորդություն դեպի պարադոքսների երկիր
01.07.2026 | 12:51

Այսպիսով, Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք ընտրություններն օրինական են եղել։ Սա՝ մի հանրապետությունում, որտեղ այս խմբի առաջնորդը բարձրաձայն հայտարարել է. «Հայաստանում չկա մի դատավոր, որը կհամարձակվի գնալ իմ կամքին հակառակ»։ Հենց այս հանրապետությունում դատավորները պետք է որոշեն՝ եղե՞լ են արդյոք ընտրակաշառքի դեպքեր, և արդյոք խախտվե՞լ է օրենքը՝ գտնվելով այն իշխանության ներքո, որը, ըստ մեղադրանքների, պետական բյուջեն օգտագործել է ընտրողների զանգվածային կաշառման համար։

Սա նման է մի դատավարության, որտեղ Նեթանյահուն պետք է որոշեր՝ օրինակա՞ն է արդյոք քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, կամ Սադամ Հուսեյնը որոշեր՝ օրինակա՞ն է քիմիական զենքի կիրառումը սեփական քաղաքացիների դեմ։ Ֆիլիպինների դիկտատորի կինը՝ Իմելդա Մարկոսը, իր կարծիքը կհայտներ այն մասին, թե ինչպես սահմանափակել կոռուպցիան և չգնել 3000 զույգ կոշիկ, իսկ մեքսիկական կարտելների ղեկավարները մեզ կպատմեին թմրանյութերի վնասակարության մասին։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, որի մեջ մեղադրում են ընդդիմությանը, ապա մի՞թե կարելի է պատկերացնել Սահմանադրության ավելի կոպիտ խախտում և ընտրողների զանգվածային կաշառման ավելի ակնհայտ օրինակ, քան ընտրությունների նախաշեմին ընտրողների նյութական խրախուսման նպատակով պետական միջոցների օգտագործումը։ Այն, որ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ հանկարծ հիշում են թոշակների և բժշկական սպասարկման մասին։

Մեր կողմից պաշտվող Արևմուտքում պատասխանը շատ կարճ է և հստակ. դա ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլև քրեական հանցագործություն է, որը պատժվում է բանտարկությամբ։

Վերցնենք ԱՄՆ-ի օրինակը։ ԱՄՆ-ի դաշնային օրենքի 18-րդ գլխի 597-րդ հոդվածն ասում է.

Ընտրողների անօրինական կաշառում:

Դաշնային օրենքը խստիվ արգելում է պարգևատրում առաջարկելը, փոխանցելը կամ ընդունելը՝ ընտրողի ձայնի, քվեարկությունից հրաժարվելու կամ որոշակի թեկնածուի օգտին քվեարկելու դիմաց։

Ընտրողի կամքի վրա ազդելու նպատակով գումար կամ որևէ այլ պարգևատրում առաջարկելը դաշնային հանցագործություն է, որը պատժվում է տուգանքով և մինչև 5 տարի ազատազրկմամբ։

Եվ ահա ամենահետաքրքիրը.

Օրենքն արգելում է պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց օգտագործել հարկատուների միջոցները, պաշտոնական ձևաթղթերը կամ պետական միջոցներից ֆինանսավորվող աշխատակիցներին՝ նախընտրական արշավ իրականացնելու կամ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Առանձին նահանգների (Կալիֆորնիա, Տեխաս, Ֆլորիդա, Նևադա, Վաշինգտոն և այլն) օրենքները նույնպես արգելում են պետական կամ հանրային միջոցների օգտագործումը նախընտրական արշավների ընթացքում։

Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե Թրամփը ընտրություններից առաջ բարձրացներ ամերիկացիների թոշակները կամ թույլ տար բոլորին անվճար օգտվել բժշկական ծառայություններից։ Իսկ մեզ մոտ դա սովորական երևույթ է։

Այնուհետև. ԱՄՆ-ում գործում է 1939 թվականի Հեթչի օրենքը (Hatch Act), որի համաձայն, կառավարության անդամներն ու պետական ծառայողները, բացառությամբ նախագահի և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, իրավունք չունեն միջամտելու նախընտրական արշավին և ազդելու դրա արդյունքների վրա՝ այդ նպատակով օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը։

Կրկնենք. ԱՄՆ-ում հարկատուների գումարների և պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների վրա ազդելու նպատակով քրեորեն պատժելի հանցագործություն է։

Իսկ այժմ հիշեք, թե ինչ էր կատարվում մեզ մոտ՝ եգիպտացորենով ավտոբուսի մեջ։

Մեր կողմից ջերմորեն սիրված Ֆրանսիայում ֆրանսիական ընտրական օրենսգրքի L52-8 հոդվածը նույնպես կատեգորիկ արգելում է պետական և հանրային միջոցների օգտագործումը ընտրությունների վրա ազդելու նպատակով։ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում ևս նույնն է։

Ի դեպ, նույն Ամերիկան, Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև մյուս երկրները, կատեգորիկ արգելում են օտարերկրյա միջամտությունն իրենց ընտրություններին։

Այսինքն, այն քաղաքական «Եվրատեսիլը», որը նրանք կազմակերպեցին Հայաստանում ընտրություններից առաջ, իրենց իսկ երկրներում կհամարվեր քրեական հանցագործություն։ Իսկ մենք, երևի թե, նրանց համար «տեղաբնիկներ» (վայրենիներ) ենք։

Եվ այս ամբողջ անօրինականության ու տեռորի մեջտեղում մենք սպասելու ենք այն որոշմանը, որը այս խմբի անդամները կկայացնեն իրենց իսկ վերաբերյալ՝ այն մասին, թե ինչպես գողացան մեր ընտրությունները, և թե որքանով էր դա արդարացի։ Նույն հաջողությամբ կարելի էր նրանց տանել եկեղեցի՝ սեփական մեղքերի համար ապաշխարելու։ Այն եկեղեցին, որն իրենք իսկ պղծել են։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ