ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Մեր պետությունը մեր ինքնությունն է» ձևակերպումը դասական պոպուլիստական մանիպուլյացիա է

«Մեր պետությունը մեր ինքնությունն է» ձևակերպումը դասական պոպուլիստական մանիպուլյացիա է
07.11.2026 | 16:18

Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, իսկ մինչև 301 թվականը հայերին հայ պահող հիմնական գործոնը պետականությունն էր, պատմական իրականության խիստ պարզեցված և քաղաքական նպատակներին հարմարեցված մեկնաբանություն է։

Նախ՝ մի պարզ հարց. եթե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, ապա ո՞ր ժողովրդի վրա էին թագավորում այդ արքաները, և ինչո՞ւ էին նրանց պետությունները հայկական։

Այս հարցն առավել հետաքրքիր է դառնում, երբ ուսումնասիրում ենք հայոց արքայական տոհմերը։ Երվանդունիները իրանական ծագում ունեին, իսկ Արշակունիները՝ պարթևական։ Այս մասին խոսում է նաև Մովսես Խորենացին՝ ներկայացնելով հայոց արքայական տոհմերի և պարթևական աշխարհի ծագումնաբանական կապերը։

Նիկո՛լ, դու շատ լավ էլ հասկանում ես, բայց ուղիղ ասում եմ՝ արքայատոհմի ծագումը դեռևս ժողովրդի ծագում չէ։ Օտար ծագում ունեցող արքայատոհմերը կարող էին դառնալ հայկական պետականության կրողներ (Բյուզանդիայում հայկական կայսերական տոհմն էլ քեզ փեշքեշ), բայց նրանք չէին ստեղծել հայ ժողովրդին։ Ընդհակառակը, եկել էին կառավարելու արդեն գոյություն ունեցող ժողովրդին։

Հետևաբար, այն թեզը, թե հայ ժողովուրդն իր ինքնությունը ստացել է թագավորներից, զրո բովանդակությամբ պատմական ցնդաբանություն է։

Նույն խնդիրը նաև քրիստոնեության ընդունման պատմության մեկնաբանության մեջ է։

3-րդ դարում Հայքում արդեն կային քրիստոնեական համայնքներ։ Դրա կարևոր վկայություններից է Եվսեբիոս Կեսարացու պահպանած՝ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսի նամակը, որտեղ հիշատակվում է Հայքի եպիսկոպոս Մերուժանի մասին՝ դեռևս մոտ 260 թվականին։

Այսինքն, Տրդատ Գ-ից առաջ Հայաստանում արդեն գոյություն ուներ քրիստոնեական համայնք և եկեղեցական առաջնորդություն։

Ուստի 301 թվականը քրիստոնեության՝ Հայաստան մուտք գործելու տարեթիվը չէ։ Դա արդեն տարածում գտած հավատքը պետական կրոն հռչակելու կետն էր։

Ի դեպ, Տրդատ Գ-ի որոշումը պետք է դիտարկել ոչ միայն կրոնական, այլև աշխարհաքաղաքական իրադրության համատեքստում։ Պարթևական թագավորության անկումից հետո Իրանում հաստատվել էին Սասանյանները՝ ամրապնդելով զրադաշտականությունը։ Հայաստանը գտնվում էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի հակամարտության կիզակետում։ 298 թվականի Նիսիբիսի պայմանագրից հետո Հայաստանի նկատմամբ հռոմեական ազդեցությունն ամրապնդվեց։

Այս պայմաններում քրիստոնեության պետական ընդունումը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ուներ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը քրիստոնեացող Հռոմի հետ և առանձնացնելով այն Սասանյան Իրանի կրոնաքաղաքական ազդեցությունից։

Միաժամանակ չի կարելի անտեսել ներքին գործոնը։ Քրիստոնեությունն արդեն տարածվում էր ժողովրդի շրջանում, գոյություն ունեին քրիստոնեական համայնքներ, իսկ Գրիգոր Լուսավորչի քարոզչությունը վճռորոշ դեր ունեցավ գործընթացի ընդլայնման մեջ։ Հետևաբար, Տրդատի որոշումը ոչ թե զրոյից ստեղծեց քրիստոնյա հասարակություն, այլ պետական մակարդակով ամրագրեց արդեն ընթացող կրոնական փոփոխությունը։

Ասեմ, որ հայ ժողովուրդը գոյություն է ունեցել տարբեր արքայատոհմերի օրոք, շարունակել է իր գոյությունը պետականության կորստից հետո և պահպանել ինքնությունը դարավոր օտար տիրապետությունների պայմաններում։ Այդ ինքնությունը փոխանցվել է լեզվի, մշակույթի, եկեղեցու, պատմական հիշողության և ազգային պատկանելության գիտակցության միջոցով։

Պետականությունը, անշուշտ, ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից է, բայց դրա միակ աղբյուրը չէ։

Այնպես որ, «մեր պետությունը մեր ինքնությունն է» ձևակերպումը դասական պոպուլիստական մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում են պետականությունը նույնացնել ազգային ինքնության հետ՝ պատմական իրականությունը հարմարեցնելով քաղաքական օրակարգին։

Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել։ Տրդատը քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց արդեն քրիստոնեություն ընդունող հասարակության մեջ, իսկ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց մի ժողովրդի համար, որն ուներ սեփական լեզու, մշակույթ, պատմական ինքնություն ու բազմադարյա ավանդույթ։

Մեր պատմությունը պետականության պատմություն է, բայց մեր ինքնությունը շատ ավելի մեծ է, քան որևէ պետություն, արքայատոհմ կամ քաղաքական իշխանություն։ Եվ որևէ մեկը, որքան էլ իրեն պետության ու ժողովրդի ճակատագրի տնօրինող երևակայի, իրավունք չունի սեփական քաղաքական պատկերացումները փաթեթավորել ազգային ինքնության անվան տակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ