Այսպես է կանչում մեր Տեր Հիսուս Քրիստոս չորսօրյա մահացած Ղազարոսին գերեզմանից: Սակայն, այս կանչը վերաբերվում է բոլոր մեռածներին, այդ թվում որքան էլ տարօրինակ չհնչի՝ ֆիզիկապես ողջերին։
Իսկ ովքե՞ր են հոգով մեռածներն ըստ Աստվածաշնչի։ Նրանք են, ովքեր․
1. Ֆիզիկապես ողջ են, բայց հոգեպես կտրված են Աստծուց՝ կյանքի Աղբյուրից։ Նրանք ապրում են միայն մարմնական, նյութական հոգսերով, դրանց սպասարկումով և անտարբեր են հոգևորի և հավիտենականության հանդեպ․ «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը» (Ղուկ․ 9։60):
2. Հոգևոր իմաստով «անառակ որդի» են՝ կորած, մեռած և հեռացած Հոր տնից՝ Եկեղեցուց կամ Աստծո ներկայությունից․ «Որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց» (Ղուկ․ 15:24):
3. Մեղքերի մեջ մնացել են հաստատուն․ «Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ» (Եփես․ 2։1):
4. Բռնված և գերված են մեղքերով․ «Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ» (Կող․ 2։13):
5. Ապրում են երկրավոր ցանկություններով, պղծություններով․ «Քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ» (Կող․ 3։3):
6. Անարժանորեն են հաղորդվում․ «Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են» (Ա Կոր․ 11։30):
7. Հեշտասեր են և միայն հաճույքների հետևից են ընկնում․ «Իսկ մեղկասէր այրին կենդանւոյն մեռած է» (Ա Տիմ․ 5։6):
8. Առանց գործերի հավատք ունեն, որն անկենդան հոգու ախտանշաններից է․ «Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է» (Յակ․ 2։26):
9. Կայենի ճանապարհով են ընթանում, աստվածամարտ, ամբարիշտ, Աստծո դեմ ապստամբած, ըմբոստ են․ «Սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած» (Յուդ․ 1։12):
10. Անունով քրիստոնյա են, բայց գործով Աստծո պատվիրաններն անտեսող մարդիկ են, ովքեր արտաքուստ եկեղեցական կամ բարեպաշտ են թվում, բայց նրանց ներսում չկա հավատքի կենդանի կրակը․ «Տեսայ քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես» (Յայտ․ 3։1):
Այսպիսով, կյանքը Քրիստոսի հետ հաղորդակցությունն է, իսկ մահը՝ այդ հաղորդակցության բացակայությունը։ Հետևաբար, մարդը կարող է լինել ֆիզիկապես առողջ, բայց հոգևոր առումով՝ դիակ։ Աստծուց կտրված հոգին մեռած է, նույնիսկ եթե մարմինը լի է էներգիայով, հաճախում է սպորտդահլիճ և զբաղվում ֆիտնեսով։
Իսկ եթե հոտն է «հոգով մեռած», նա չի զգում հոգևոր պատերազմի վտանգը, չի լսում Բարի Հովվի կանչը, դառնում է անտարբեր չարիքի հանդեպ և որպես հետևանք՝ գնում է օտար հովվի հետևից, ում մասին Տերը զգուշացրել է․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ» (Յովհ․ 10։1):
Ով լսում է Տիրոջ ձայնը, նա կարող է կենդանանալ և վերադառնալ կյանք Ղազարոսի նման․ «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14):
Սամվել դպիր Գրիգորյան