Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Մուկը, Կարասն ու Մայր մեղուն

Մուկը, Կարասն ու Մայր մեղուն
11.04.2026 | 14:13

Համարյա առակ

Մուկը մտել էր մեղրի կարասը, մեղուները խմբվել էին կարասի շուրջն ու տագնապած-վրդովված բզզում էին:

-Էն Մեղվապահն ու՞ր է, ինչու՞ էր կարասի բերանը բաց թողել, որ էս ճարպիկ-խլվլանը գա ու խցկվի մեջը,- բզզում էր ողջամիտ մեղուների մի խումբ:

-Խայթել է պետք Մեղվապահին, զրկել բոլոր փեթակներից ու գցել նկուղը: Թող գնա Կատվի հետ մուկ տշի,- բզզում էր մարտականորեն տրամադրված մեղուների խումբը:

-Մկանը թողել, ընկել եք Մեղվապահի հետևից,- դժգոհում էին լրջախոհ մեղուները:- Տեսեք՝ ի՜նչ ագահությամբ է մեր հալալ աշխատանքի արդյունքը խփշտում, արդեն կես է գցել:

-Հանել է պետք դրան կարասից, էն մնացած մեղրը գոնե կփրկենք,- ողջամիտներն էին բզզում:

-Ի՞նչ փրկել, հարամել է ամբողջը , թողեք թող լափի-պրծնի, կարասից դուրս գա, պարսով վրա տանք, խայթահար անենք,- չէին հանդարտվում մարտունակները:

-Վերջ տվեք պարապ բզզոցին,- համատարած աղմուկը լռեցրեց Մայր մեղուն, որ Մեղրահացի վրա բազմած հետևում էր անցուդարձին:- Մեղվապահին պատժողներ էլ կան, Մկան կերածը քթերից բերողներ էլ, դուք ձեր գործին կացեք: Ծաղկունքը բացվել, նեկտարով լցվել՝ սպասում է: Վաղվա կարասներն էլ են սպասում, ուշացաք՝ թթվի քար կդնեն պռունկներին:

Մայր մեղվի խոսքից մի քիչ շփոթված, մի քիչ ամոթահար, բայց գործունյա ու կայտառ՝ թռան մեղուները:

Մուկը կարասում մնաց մեն-մենակ: Ականջը դեռ մեղուների բզզոցին էր, բայց բզզացող չկար: Ուզում էր դուրս գալ՝ չկարողավ: Շատ էր գիրացել:

-Օգնեցե՜ք, փրկեցե՜ք, այդ ես եմ՝ Մու՜կը…,- ծվծվում էր ամբողջ կոկորդով, երբ Կարասի բերանը շրխկոցով փակվեց:

Մայր մեղուն չէր սխալվել:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ