Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Քանի՜-քանի մարդ է խոնարհվել քարե 2750-ի վրա ու ծարավը հագեցրել

Քանի՜-քանի մարդ է խոնարհվել քարե 2750-ի վրա ու ծարավը հագեցրել
09.08.2026 | 15:41

Մերգելյանի այգու քառաղբյուր պուլպուլակն աչքիս առաջ են բացել՝ Երևանի 2750-ամյակին։

Ես դեռ դպրոց չէի գնում, բայց արդեն թվերը ճանաչում էի։ Իմ իմացած թվերն ուղիղ, հավասար թվեր էին՝ 1, 2, 3, 4... Իսկ պուլպուլակի վրա փորագրված թվերն իմ իմացած թվերին նման չէին, բայց սիրուն էին, ինձ դուր էին գալիս, ինչ-որ քարեղեն բան կար մեջները։ Ու ես հասկացա, որ թվերը կարելի ա ցանկցած ձևով գրել՝ կարևորը, որ հասկանալի լինի։ Երևի դրա պատճառով էլ դպրոցում առանձնապես ուշադրություն չդարձրի ձեռագրիս՝ համարելով, որ իմ գրած ագռավի չանչերը պարզապես էդ տեսակի ոճավորում են՝ գեղագիտական մոտեցում։

Համարյա վաթսուն տարի ա անցել։ Քանի՜-քանի մարդ ա խոնարհվել քարե 2750-ի վրա ու ծարավը հագեցրել։ Ես, որ հաստատ՝ մի տաս հազար անգամ։ Երեխա ժամանակ այգում խաղալիս րոպեն մեկ վազում-խմում էի։ Հիմա էլ եմ խմում՝ նույն ջուրն ա, նույն պուլպուլակները ու հիշողություններ, որ գնում-գնում ու կորում են մանկության արևադարձային ջունգլիներում։

Քամոտ եղանակին պուլպուլակին պետք ա քամու կողմից մոտենալ։ Եթե դիմացից մոտենաս, ոտից գլուխ վարթիվոր կլինես. պուլպուլակը ոչ մեկին չի խնայում՝ ոչ պաշտոն ա ճանաչում, ոչ տարիք, ոչ հեղինակություն։ Երեխեքը տենց էլ անում են ու հաճույքով ջրվում։ Նրանց համար մեկ ա՝ ում հետ կխաղան՝ իրա՞ր, գնդակի՞, թե՞ ջրի։ Նրանց վարթիվորը սկսվում ա կարճ շալվարի ամսից ու վերջանում վերարկուով։ Իսկ մեծերը զգույշ են՝ ճիշտ կողմից են մոտենում, որ չթրջվեն, որովհետև թրջված մարդը կորցնում ա իր կարևորությունը անցորդների աչքում։ Կարևորութլունը պիտի չոր լինի։ Ոչ ծովում ես, ոչ լողավազանում, ի՞նչ գործ ունես՝ փողոցի մեջտեղը, հագած-կապած, թրջվել ես։ Բայց երեխեքի վեջը չի, նրանք դեռ չեն կարևորում կարևորության կարևորությունը։

Ռուսները շատ են սիրում մեր պուլպուլակները, հաճույքով խմում են, նկարում, պատմում իրար։ Դե, հասկանալի ա, ես Մոսկվայում ոչ մի պուլպուլակ չեմ տեսել։ Ի՜նչ պուլպուլակ, Մոսկվայում անգամ սեփական տանդ ծորակից ջուր չես խմի։ Փարիզում էլ, Վաշինգտոնում էլ։ Խանութից ջուր ես առնում ու խմում։

Դրա համար՝ երբ տարիներով դրսում գտնվելուց հետո վերադարձա Հայաստան, մի երկու տարի շարունակում էի նույն սովորությունը՝ միայն խանութից առած ջուր էի խմում։ Հետո հիշեցի, թե ես ով եմ, որտեղ եմ ծնվել ու մեծացել։ Մարդ է՞լ սեփական տանը խանութից առած ջուր խմի։ Էդ նույնն ա, ինչ անկողինդ բացես, հետո սենյակի մեջտեղը վրան խփես ու մեջը քնես։ Ու սկսեցի անխնա խմել ծորակի ու պուլպուլակների ջրերը։

Խանութից հիմա էլ մեկ-մեկ ջուր առնում եմ, երբ Վեոլիան 24 ժամով հայցում ա իմ ներողամտությունը, բայց հիմա դա կարելի ա ավելի շուտ էկզոտիկա համարել, քան ապրելակերպ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ