Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Փորձում են վերջնականապես ջնջել Արցախի պետականության նույնիսկ խորհրդանշական գոյությունը

Փորձում են վերջնականապես ջնջել Արցախի պետականության նույնիսկ խորհրդանշական գոյությունը
27.05.2026 | 22:55

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչելու փաստը պարզապես իրավական ակտ չէ։ Սա քաղաքական ուղերձ է։ Ուղերձ, որն այս իշխանությունները հերթական անգամ հղում են հայ ժողովրդին՝ փորձելով վերջնականապես ջնջել Արցախի պետականության նույնիսկ խորհրդանշական գոյությունը։

Այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ Հայաստանում քաղաքական օրակարգը լցված է նախընտրական աղմուկով, փոխադարձ մեղադրանքներով ու հասարակության ուշադրությունը շեղող թեմաներով։ Եվ հենց այդ աղմուկի ներքո, գրեթե աննկատ, քայլ առ քայլ իրականացվում է այն, ինչ տարիներ առաջ անհնար էր թվում՝ Արցախի պետական ինստիտուտների, խորհրդանիշների ու իրավական հետքերի վերացում։

Այս իշխանությունները իրենց քաղաքական ուղին սկսեցին Արցախի ուրացումից։ Սկզբում հրաժարվեցին պայքարից, հետո՝ պատասխանատվությունից, այնուհետև՝ պատմական ու քաղաքական իրավունքներից։ Այսօր արդեն հասել են այն կետին, երբ փորձում են վերացնել նույնիսկ այն տարածքը, որը մարմնավորում է Արցախի պետական հիշողությունը։

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը պարզապես անշարժ գույք չէ։ Դա մի վայր է, որտեղ երկար տարիներ հնչել է Արցախի ժողովրդի ձայնը։ Մի վայր, որն իր մեջ կրում է պայքարի, կորստի, արժանապատվության ու վերադարձի գաղափարը։ Այն հազարավոր արցախցիների համար մնացել է հայրենիքի վերջին պետական հասցեն, վերջին խորհրդանիշը, որ Արցախը ոչ թե փակված պատմության էջ է, այլ բռնազավթված հայրենիք։

Երբ իշխանությունը նման որոշումները ներկայացնում է որպես իրավական կամ վարչական գործընթաց, իրականում փորձում է հասարակությանը սովորեցնել հաշտվել պարտության հետ։ Սովորեցնել մոռանալ։ Բայց պատմությունը ցույց է տվել՝ այն ժողովուրդները, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից ու հիշողությունից, վաղ թե ուշ կանգնում են նոր կորուստների առաջ։

Այսօր լռությունը վտանգավոր է։ Որովհետև խոսքը միայն մեկ շենքի մասին չէ։ Խոսքը ազգային արժանապատվության վերջին հենակետերից մեկի մասին է։

Սակայն որքան էլ փորձեն վերացնել խորհրդանիշները, հնարավոր չէ վերացնել ժողովրդի հիշողությունը։ Արցախի ներկայացուցչության շենքը շարունակում է մնալ ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի խորհրդանիշ։ Այն պետք է դառնա ոչ թե լռության, այլ ազգային նոր զարթոնքի մեկնակետ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 12647

Մեկնաբանություններ