ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Պետական ռեսուրսի միջոցով հասարակական գիտակցության վերաձևավորման բացահայտ քաղաքական փորձ

Պետական ռեսուրսի միջոցով հասարակական գիտակցության վերաձևավորման բացահայտ քաղաքական փորձ
07.10.2026 | 10:33

Ինչպես տեսանք, հայաստանյան վարչախումբն ամբողջովին բացել է խաղաքարտերն ու ֆուլ մտել եկեղեցու դեմ դեմարշի՝ փորձելով վերջնականապես փակել հարցը։ Դրա համար նրանք անում են ամեն ինչ՝ հանրային տրամադրությունների վրա հնարավորինս մեծ ճնշում գործադրելու և սեփական օրակարգը հասարակությանը պարտադրելու համար։

Խորհրդարանում երեկ տեղի ունեցածը ամբողջությամբ արտացոլում է այս իշխանության իրական ցանկությունները։ Տեսարաններ, աղմկոտ դրվագներ, փոխադարձ մեղադրանքներ՝ այն ամենը, ինչը մարդկանց մոտ խոսելու, քննարկելու և թեման հերթական անգամ «խուրդելու» ալիք պետք է բարձրացնի։ Երբ բովանդակային հիմնավորումը թույլ է, քաղաքական տեխնոլոգիան փոխարինում է քաղաքական փաստարկին։

Իրականում, եկեղեցու ու Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքն ու մերկությունն ավելի ցցուն հասկանալու համար բավական է ուշադիր նայել Նիկոլ Փաշինյանի երեկվա ծավալուն հարցազրույցի վերջին հատվածին։ Նա այդպես էլ չկարողացավ ներկայացնել որևէ հիմնավոր դիտարկում կամ փաստարկ, թե ինչ սկզբունքով, ինչ մեթոդաբանությամբ և ինչ փաստական հիմքով է ստեղծվել հայտնի «զեկույցը»։ Իսկ այդ փաստաթղթում, որքան էլ այն փորձեն պետական կառույցի հեղինակությամբ ներկայացնել, գործնականում չկա այն նյութական հիմքը, որը կարող էր հիմնավորել դրա քաղաքական ծանր մեղադրանքները։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք տարիների ընթացքում շրջանառված «օդում կախված» լուրերի, չստուգված պատմությունների և դեղին մամուլում տարբեր ժամանակներում հայտնված հրապարակումների մի համակարգված հավաքածու։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվում ոչ թե փաստերի շուրջ քաղաքական պատասխանատվություն պարզելու, այլ տարիներ շարունակ բեսեդկաներում, սոցիալական ցանցերում ու պատվիրված հրապարակումներում շրջանառված զազրախոսություններն ուսումնասիրելու և դրանց համար պետական մակարդակով հիմնավորում գտնելու նպատակով։

Առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ ոչ միայն կարդացել է այդ «զեկույցը», այլև որոշակի խմբագրումներ է կատարել։ Սա արդեն շատ ավելի կարևոր քաղաքական փաստ է, քան նրա հրապարակային բոլոր հայտարարությունները։ Փաստորեն, տարիներ շարունակ իր կողմից շրջանառված թեզերը հավաքվել, ամբողջացվել և համակարգվել են մեկ ընդհանուր փաթեթում։ Իսկ եթե այդ փաթեթի քաղաքական հիմքը հենց այդ թեզերն են, ապա դրանից հետևում է մի պարզ բան՝ չկա նոր փաստական բազա, որևէ կոնկրետ հիմնավորում, առավել ևս՝ իրեղեն ապացույցներ (թերևս, չէին էլ կարող լինել)։

Այս ամենը արդեն դուրս է գալիս Վեհափառի կամ Եկեղեցու դեմ առանձին քաղաքական պայքարի շրջանակից։ Խնդիրը պետական ինստիտուտների օգտագործմամբ հասարակության մեջ որոշակի վերաբերմունք ձևավորելու փորձն է։ Նախ ստեղծվում է մեղադրանքի քաղաքական նախադրյալը, հետո այն փաթեթավորվում է պետական փաստաթղթի տեսքով, այնուհետև խորհրդարանական ընթացակարգով այդ նույն նյութին տրվում է «հետաքննության» և «ապացուցման» իմիտացիա։

Այս մեխանիզմի վերջնական թիրախը միայն Եկեղեցին չէ։ Թիրախում այն հասարակական հեղինակությունն է, որը իշխանությունը չի կարող իր քաղաքական վերահսկողության տակ վերցնել։ Եկեղեցին այստեղ այն ինստիտուտն է, որի շուրջ իշխանությունը փորձում է կոտրել դիմադրության վերջին խոշոր հասարակական հենակետերից մեկը։

Ու հենց դրա համար էլ այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական իշխանություն-Եկեղեցի հակամարտություն, այլ որպես պետական ռեսուրսի միջոցով հասարակական գիտակցության վերաձևավորման բացահայտ քաղաքական փորձ։

Ըստ էության՝ այն իրավիճակում, երբ իշխանությունը փաստերի փոխարեն տարիներ շարունակ իր իսկ շրջանառած լուրերն է վերածում «զեկույցի», այնուհետև այդ բառակույտը փորձում դարձնել խորհրդարանական քննության առարկա, արդեն ակնհայտ է դառնում, որ դրա նպատակը ճշմարտությունը պարզելը չէ, այլ քաղաքական մեղադրանքի համար պետական կնիք ստանալը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ