Պետք չի զարմանալ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մեծ մասը ռադիկալ է տրամադրված այս իշխանությունների նկատմամբ: Պետք է ուղղակի հիշել, թե ինչպես է վերաբերվել իշխանությունն այդ մարդկանց հենց առաջին օրվանից, մինչ օրս: Պետք է ուղղակի հիշել, թե ինչեր է արել այս իշխանությունը ութ տարվա ընթացքում և ինչ է անում այսօր: Ինչ վերաբերվում է ընդդիմադիր քաղաքական ուժերին, ցանկալի կլիներ, որ այդ ուժերը համապատասխանեին իրենց պոտենցիալ ընտրողը համարվող այդ սովորական մարդկանց: Ընդհանրապես, քաղաքական իրականությունը շատ հաճախ ձևավորում են տվյալ երկրում գոյություն ունեցող հասարակական տրամադրությունները: Մեզ մոտ խառն է մի քիչ այդ ամենը: Մտածվում են լոզունգներ և ապահովում մարդկանց կարճաժամկետ համախմբում այդ լոզունգների շուրջ: Ութ տարի առաջ մարդկանց ասվում էր, որ իրենք «դուխով» են, հիմա ասվում է, որ իրենք «ուժեղ» են, վաղը կասվի, որ «մազալու» են և այլն: Ես չեմ համեմատում այդ երկու դրվագները, կարևորն այն է, թե ինչ նպատակներով են մտածվում լոզունգներն, ու հետո ինչ է արվելու: Պարզ է, որ դա ընդամենը գործիքակազմ է, բայց ենթադրվում է, որ լրիվ այլ քաղաքականության պետք է ականատես լինենք: Խոսքը հասարակության տրամադրությանը համապատասխանելու մասին է: Պետք է նաև նշեմ, որ կան ուժեր, որոնք շեշտը չեն դրել լոզունգների և նման գործիքակազմի վրա, իրենք էլ ունեն լսարան և առաջարկում են ծրագրեր: Նմանությունների և տարբերությունների մասին դեռ չեմ խոսի, միայն կասեմ, որ, կարծում եմ, հաջողություն են գրանցելու նրանք, ովքեր և՛ համապատասխանում են հասարակական տրամադրություններին, և՛, ամենակարևորը, վստահություն են ներշնչում: Համենայնդեպս, ուզում եմ հավատալ, որ գոնե այս անգամ այդպես կլինի, իսկ թե ով ում է թիրախավորում, ով ումից է ուզում ձայներ տանել, արդեն ակնհայտ երևում է: Կարծում եմ հասարակությունն էլ է դա տեսնում և հասկանում: Ես չգիտեմ, թե խելացի մարդիկ մեր երկրում քանի տոկոս են կազմում, սակայն նրանք մի տեղ չեն կենտրոնանում, երբ լոզունգախառը էյֆորիան սկսում է համախմբել շուտ ոգևորվողների բազմությանը: Գուցե ընդամենը մեկ անգամ պետք է, որ խելացիները հնարավորինս կենտրոնանան մի տեղում, գուցե դա հարց լուծի՝ չգիտեմ: Ամեն դեպքում, առաջիկա երկու ամիսները շատ հարցերի պատասխաններ կտան:
Կապրենք՝ կտեսնենք:
Արամ Աբաջյան