Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ինչու՞ ենք կրկնում նույն սխալները. քաղաքական հասունության հրամայականը

Ինչու՞ ենք կրկնում նույն սխալները. քաղաքական հասունության հրամայականը
30.07.2026 | 13:28

Նորանկախ Հայաստանում մեզ պատուհասած ողբերգություններն ու աղետներն առավելապես մի խմբակի՝ այդ չարաբաստիկ իշխանությունն ունենալու համար են եղել և կան։ Իսկ դա պայմանավորված է նրանով, որ անկախ Հայաստանում որևէ իշխանություն ոչ ընդգծված ազգային է եղել, ոչ էլ ժողովրդական, և, ըստ էության, նրանց գլխավոր նպատակը վերարտադրվելն է եղել, այլ ոչ թե պետականաշինությունը, երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցության աճի ապահովումը։

Այդ չարաբաստիկ իշխանությանն հասնելու ու վերարտադրության համար էր, որ նորանկախ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ մեր երկրում 90-ականների սկզբին ներդրվեց Հայաստան պետության կազմաքանդման ու հայ ազգի այլասերման համակարգ, որի արդյունքում, բարեփոխումների ու ժողովրդավարության անվան տակ, կազմաքանդվեց տնտեսությունը և թալանի վերածվեցին արտադրական կարողություններն ու ժողովրդի՝ տասնամյակների աշխատանքով ստեղծված ունեցվածքը։ Արտագաղթեց բնակչության ակտիվ, ինտելեկտուալ և նախաձեռնող հատվածի հարյուր հազարավոր ներկայացուցիչներ, փլուզվեցին որակյալ կրթությունն ու բարձրաճաշակ մշակույթը, պետական կառավարման համակարգում առավելապես նշանակվեցին պատահական մարդիկ, հայկականությունն ու ազգայինը մղվեցին երկրորդ պլան, և առաջնահերթ ուշադրություն դարձվեց օտար լեզվին ու այսպես կոչված օտար՝ արևմտյան արժեքներին։

Իշխանություն ունենալու և մի խմբի անձնական ամբիցիաները բավարարելու համար էր նաև, որ, դրսի ուժերի հետ համագործակցելով, մխսվեց հայ ժողովրդի անկեղծ ու ազնիվ մղումներով՝ ազգային-ազատագրական շարժման արդյունքում և արյան գնով ձեռք բերված Արցախյան պատերազմի հաղթանակը։

Իսկ 1996 թ. իշխանությունը վերարտադրելու նպատակով, նախագահական ընտրություններում լինելով պարտված, ընդդիմության նկատմամբ զենքի ու բռնության կիրառմամբ գործող ՀՀՇ-ական իշխանությունները բռնազավթեցին կառավարումը՝ սկիզբ դնելով Հայաստանում ընտրակեղծարարության միջոցով իշխանության վերարտադրության արատավոր պրակտիկային և խեղդելով ժողովրդավարությունն օրօրոցում։

Այնուհետև, նույն իշխանության վերարտադրության համար, ընտրակեղծարարության ու բռնությունների միջոցով իշխանության զավթման «լավագույն» ավանդույթները շարունակվեցին տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական բոլոր ընտրություններում։

Իշխանությունը հավերժ պահպանելու համար էր, որ անկախության տարիներին այդպես էլ չկայացան քաղաքական համակարգը, կուսակցություններն ու առաջնորդության ինստիտուտը, ամայացվեց քաղաքական դաշտը։

Իսկ 2018-ին իշխանության գալու համար ՔՊ կուսակցությունը գնաց օտարների հետ համագործակցության՝ Հայաստանի այլասերման, կազմաքանդման, Արցախի հանձնման և այնուհետև Հայաստանի կազմալուծման դիմաց, ինչի ականատեսն ենք լինում այսօր։

Իշխանության գալու ու շարունակաբար վերարտադրվելու համար ամեն ինչ արվեց կրթության փլուզումն ավելի արագ տեմպերով շարունակելու, ցածրարժեք մշակույթ մատուցելու, Սփյուռքի, դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունները փչացնելու, ազգը դեգրադացնելու, ստրկացնելու, սեփական ժողովրդին թշվառ, խղճուկ, անսկզբունք և խաղաղություն ու մի կտոր հաց մուրացող դարձնելու, ավանդական ընտանիքն ապականելու ուղղությամբ։ Ժողովրդին օգտագործելով որպես իշխանության վերարտադրության «մատերիալ»՝ նրան օտարեցին իր պետությունից ու իշխանությունից՝ դարձնելով անտարբեր ու անհաղորդ սեփական երկրի նկատմամբ։ Որևէ կուսակցություն էլ, գալով իշխանության, այլևս երբևէ չի ցանկացել հեռանալ իշխանությունից (նույնիսկ պարտվելու դեպքում) կամ հրաժարվել իշխանության համար պայքարից։

Հայի ամենաստոր ու անմարդկային դրսևորումներն էլ՝ դավաճանությունը, ուրացումը, մատնությունը և այլն, առավելապես ի հայտ են գալիս իշխանության ու նյութական շահի համար պայքարում։ Իսկ այդպիսի իշխանությունների հիմքերը մեզանից շատերի քաղաքական ու քաղաքացիական անպատասխանատվության և անգրագիտության մեջ պետք է փնտրել։ Ինչպես ասում են՝ «Ժողովուրդն արժանի է իր ընտրյալին»։

Իսկ եթե չփոխվենք, քաղաքականապես չհասունանանք և լուրջ ու սթափ չվերաբերվենք քաղաքական ու հասարակական գործընթացներին, պետությանն ու պետականությանը, եթե չկարողանանք տեր կանգնել մեր քվեներին, ընդդիմանալ օտարների ճնշումներին և քաղաքական, մշակութային ու տնտեսական էքսպանսիային, մեր ընտրած իշխանությունները շարունակելու են մնալ նույն որակի։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ